Ախալքալաքի գյուղերում կարտոֆիլի բերքը դեռ մնում է նկուղներում։ Գյուղացիները անգամ չնչին արժեքով չեն կարող վաճառել իրենց բերքը։ Այսօրվա դրությամբ՝ 1 կգ կարտոֆիլի արժեքը տատանվում է 50-ից մինչև 80 թեթրիի սահմաններում։ Հաղորդում է Ջավախքի լրատվական կենտրոնը.
Գյուղերի բնակիչներn ամեն օր առավոտ շուտ կանգնում են գյուղի սկսզբնամասում, որպեսզի կարտոֆիլի գնորդի հանդիպեն։ Գնորդները շատ քիչ են, մարդիկ չեն կարողանում իրացնել բերքը, նրանք վախենում են, որ իրենց ամբողջ տարվա տանջանքը կրկին աղբամանում չհայտնվի։
Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում գյուղատնտեսներն արդեն իսկ մտածում են կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատելու մասին։
«Գնորդները շատ քիչ են։ Մեծ չափի կարտոֆիլը դժվարությամբ է վաճառվում, իսկ միջին և մանր չափի կարտոֆիլն ընդհանրապես չի վաճառվում։ Հետզհետե արժեզրկվում է, հիմա 1 կգ մեծ չափսի կարտոֆիլի արժեքը 60-ից 70, առավելագույնը 80 թեթրի է։ Մարդկանց մոտ արդեն մտավախություն կա, որ հնարավոր է այս տարի ևս կարտոֆիլը թափեն։ Եվ առհասարակ մտածում են կարտոֆիլի ցանքատարածությունները նվազեցնելու մասին»,- ասաց գյուղի մասնագետ Աշոտ Սահարյանը։
Կիրովական գյուղի կարտոֆիլի պահեստներում ներկա դրությամբ մոտ 1000 տոննա կարտոֆիլ կա, սակայն գնորդ չկա։
«Ոչ գնորդ կա, ոչ էլ արժեք ունի կարտոֆիլը, գնորդներ գալիս են շաբաթվա ընթացքում երևի մեկ կամ երկու անգամ։ Շաբաթը մոտավոր 7-8 տոննա կարտոֆիլ է վաճառվում։ Համարյա 1000 տ կարտոֆիլ կա գյուղում, երբ է վաճառվելու չգիտենք։ Նորմալ կարտոֆիլի արժեքը 50 թեթրի է։ Ինչ վերաբերվում է սերմնացուին, ապա ընդհանրապես գին անգամ չեն հարցնում»,- ասաց Կիրովական գյուղի ներկայացուցիչ Ռուստամ Մովսիսյանը։
Գյուղից կան մարդիկ, որ տանում են Թբիլիսի, կամ Քութայիսի, սակայն այնտեղ էլ նույն արժեքն է, ինչ տեղում՝ 50 կամ 55 թեթրի։
Նույն իրավիճակն է նաև Վաչիան գյուղում։ Ֆեոդոր Թորոսյանն ասում է, որ իրենց գյուղից միայն “ջելլի” տեսակի կարտոֆիլ են գնում, չիփսի համար։ Արժեքը նույնն է, ինչ մյուս գյուղերում 50-60 թեթրի։
Իսկ Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղում, ինչպես նշեց գյուղի մասնագետն արդեն կարտոֆիլ չի մնացել, գրեթե բոլորը վաճառել են։
«Մեծ մասը վաճառել է, ներկա դրությմաբ 80 թեթրիի է վաճառվում։ Գնորդներ գալիս են գյուղ, գինը որ ասեմ շատ լավ է, չէ, բայց համեմատած նորմալ է»,- ասաց Գրիգոր Շահինյանը։
Արդեն մի քնաի տարի է, ինչ Ախալքալաքի շրջանի գյուղերի բնակիչները չեն կարողանում ժամանակին և նորմալ գնով իրացնել իրենց բերքը։ Այնինչ կարտոֆիլի մշակումը տեղի բնակիչների ապրուստի հիմնական միջոցներից մեկն է, սակայն տարիների փորձից ելնելով, մարդիկ արդեն մտածում են կարտոֆիլի ցանքատարածություննրեը կրճատելու մասին։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Ախալքալաքի սակրեբուլոյում քննարկվել է կարտոֆիլի իրացման խնդիրը։ Հավաքվածները որոշել են նամակով դիմել Գյուղատնտեսության նախարարություն և օգնություն խնդրել մոտ 100 հազար տոննա կարտոֆիլի իրացման հարցում։