
Այսօր` մարտի 15-ին, ժամը 20։08-ին Նինոծմինդայի բնակիչը հանդիպել է արտասովոր երևույթի։
<<Աշխատանքից տուն էի վերադառնում, ճանապարհին նկատեցի, որ գիշերային լուսավորության լապտերների շուրջ ասես սարդոստայն լիներ։ Հեռախոսով անմիջապես նկարահանեցի։ Մի քիչ առաջ գնացի երևույթը անհետացավ>>, – Nor ռադիոկայանին պատմեց բնակիչը։
Երևույթը տեղի է ունեցել Նինոծմինդայի Ճոճեր կոչվող թաղամասում։
Մեր կրկնակի հարցին թե միգուցե հեռախոսի տեսախցիկի՞ց է, բնակիչը ասաց, որ առանց հեռախոսի էր այդ երևույթը երևում և ինքն էլ շտապել է նկարահանել։
Նշենք նաև, որ այսօր երեկոյան հազվադեպ հանդիպող եղանակային պայմաններ էին, ձյուն էր տեղում և միևնույն ժամանակ ուժգին կայծակ էր։
Մեկ այլ բնակիչ NOR ռադիոկայանին ևս լուսանկար է ուղարկել, որում կրկին երևում է անհայտ երևույթը։ Տան հսկիչ տեսախցիկը ֆիքսել է դա։