ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելում է Հարավային Կովկասի երկրներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելում է Հարավային Կովկասի երկրներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջիկա օրերին կայցելի Կովկասի երեք երկրներ: Ըստ վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցի՝ Ստոլտենբերգն այցը կսկսի Թբիլիսիից, կայցելի նաև Ադրբեջան և Հայաստան։

Նրա խոսքով, Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է, և յուրաքանչյուր երկիր կարող է ընտրել իր ուղին։

«Ես մի քանի անգամ այցելել եմ Վրաստան, մոտ ապագայում կրկին կայցելեմ՝ մեր գործընկերության հետագա ամրապնդման համար։ Վրաստանին ուղղված իմ ուղերձը բարեփոխումներն են, որոնք, իհարկե, կարևոր են։ ՆԱՏՕ-ն հիմնված է արժեքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, և կարևոր է, որ Վրաստանը համապատասխանի այդ չափանիշներին եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին»,- ասել է Ստոլտենբերգը։

Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ որպես Վրաստանի կառավարության ղեկավար իր առաջին այցի շրջանակներում, փետրվարի 21-ին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Համատեղ ասուլիսում Ստոլտենբերգն ասել է, որ իրենք «մաղթում են, որ Վրաստանը ընթանա ճիշտ ուղղությամբ: Դեպի ավելի շատ ժողովրդավարություն և բարգավաճում, դեպի եվրատլանտյան ընտանիքին լիիրավ անդամություն» և ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի Թբիլիսիի հետ լինել այդ գործընթացում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցում նշվում է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, որը հավակնում է դառնալ դաշինքի անդամ։ Զեկույցի համաձայն՝ 2023 թվականին Վրաստանի և Մոլդովայի պաշտպանական կարողությունների զարգացման փաթեթներն ավելացել են։

Aliq.ge