Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատեղամասերի մեծ մասը չի քվեարկի էլեկտրոնային համակարգով

Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատեղամասերի մեծ մասը չի քվեարկի էլեկտրոնային համակարգով

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Էլեկտրոնային քվեարկության համակարգին անցնելու կապակցությամբ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում ընտրատեղամասերի թիվը կրճատվել է, սակայն տեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը կանցնի հին համակարգով։

Վրաստանում շատ ընտրողներ առաջին անգամ կքվեարկեն էլեկտրոնային եղանակով։ Ախալքալաքի մունիցիպալիտետում քվեարկության էլեկտրոնային համակարգը կներդրվի 28 ընտրատեղամասում, մնացած 34 ընտրատեղամասում ընտրություննները կանցկացվեն հին մեթոդով։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 19 ընտրատեղամասում քվեարկությունը կկատարվի էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մնացած 16 տեղամասում կքվեարկեն նախկինի պես։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշման համաձայն՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում գրանցված ընտրողների գրեթե 90%-ը կքվեարկի էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մյուս ընտրատեղամասերում քվեաթերթիկները կթվայնացվեն, ընտրատեղամասերի արդյունքները կվերահաշվարկվեն հին սկզբունքով։

2024 թվականի ընտրություններում, երկու ընտրատարածքներում՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում, կրճատվել է ընտրատեղամասերի թիվը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերի թիվը եղել է 70, և 1 հատուկ տեղամաս, այս տարի դրանց թիվը կրճատվել է հասնելով 62-ի։

Ախալքալաքում 7 ընտրատեղամասից մնացել է 3-ը, նախկին թիվ 1 և թիվ 2 ընտրատեղամասերը միավորվել են՝ կազմավորելով թիվ 1 ընտրատեղամասը, իսկ նախկին թիվ 3 և 4 տեղամասերը՝ թիվ 2 ընտրատեղամասում, իսկ Ախալքալաքում նախկին թիվ 66,67,70 տեղամասերը միավորվել են թիվ 62 ընտրատեղամասում։

Կումուրդո գյուղում նախկին 2 ընտրատեղամասի փոխարեն մեկ տեղամաս է լինելու, Դիլիսկա գյուղում նույնպես միավորվել են 2 ընտրատեղամասերը։ Թախչա և Աբուլ գյուղերի ընտրատեղամասերը միավորվել են մեկ ընտրատեղամասում, ինչպես նաև մեկ ընտրատեղամասում են քվեարկելու Թոթխամ և Կորխ գյուղերի ընտրողները։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ընդամենը 2 ընտրատեղամաս է կրճատվել, նախկին 37-ի փոխարեն տարածքային շրջանում մնացել է 35 ընտրատեղամաս։ Նինոծմինդա քաղաքում կար 4 տեղամաս, այժմ կբացվի միայն 3-ը, ինչպես նաև Հեշտիա գյուղի թիվ 21 և 34 տեղամասերը միավորվել են մեկում։

Նոր «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ էլեկտրոնային համակարգով քվեարկություն կիրականացվի այն ընտրատեղամասերում, որոնք գտնվում են քաղաքից 20 կմ հեռավորության վրա, իսկ ընտրողների քանակը կազմում է ոչ ավելի, քան 3000 մարդ, և ոչ պակաս, քան 300։

Ախալքալաքի մունիցիպալիտետում էլեկտրոնային համակարգի միջոցով քվեարկությունն իրականացվելու է հետևյալ ընտրատեղամասերում.

№№ 1,2,10,11,12,13,21,22,23,24,25,26,27,28,29,31,32,33,34,38,45,47,51,52,59,60,61,62:

Մնացած ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը կանցնի հին համակարգով։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում էլեկտրոնային համակարգի միջոցով քվեարկությունն իրականացվելու է հետևյալ ընտրատեղամասերում.

№№ 1,2,3,7,8,9,10,11,12,14,18,19,21,22,25,26,27,28,34:

Մնացածում կգործի քվեարկության հին համակարգը։ jnews.ge