Թանկարժեք, «անգին», դժվար հասանելի վարորդական վկայականը

Թանկարժեք, «անգին», դժվար հասանելի վարորդական վկայականը

Արդեն երկու տարի է, ինչ Վրաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունում ավելացել է «իրական պայմաններում վարել» մասը, այսինքն՝ քաղաքում։ Ախալքալաքում այս քննությունը հնարավոր չէ հանձնել, ուստի շրջանի բնակիչները ստիպված են մեկնել Ախալցիխե։ Jnews-ը փորձել է պարզել, թե այժմ ինչքան գումար է անհրաժեշտ վարորդական իրավունք ստանալու համար։

Ախալքալաքից Միշան (անունը փոխված է) արդեն 3 անգամ իրական պայմաններում վարորդական իրավունքի գործնական քննություն է հանձնում, և բոլորը՝ անհաջող։ Ըստ նրա հաշվարկների՝ նա արդեն ծախսել է մոտ 700 լարի, և պետք է նորից փորձի՝ 4-րդ անգամ։

«Տեսական քննության գրանցումն արժե 15 լարի, եթե առաջին անգամ չհանձնես, երկրորդը՝ 40 լարի է, ինձ հետ այդպես պատահեց: Հետո 5 փորձ կա անվճար հանձնելու համար քննական հարթակում, ու հետո՝ քաղաքում քննության համար ամեն անգամ պետք է վճարես 90 լարի: Մենք Ախալցիխե ենք գնում մեր սեփական մեքենայով, ամեն անգամ 100 լարի ենք ծախսում»,- ասում է նա։

Օգոստոսին կլրանա մեկ տարին, ինչ նա դիմել է վարորդական վկայական ստանալու համար։ Նշված ժամկետից հետո, եթե նա չհաղթահարի ավարտական թեստը, պետք է նորից գրանցվի ու տեղում նորից հանձնի տեսականն ու հարթակում վարելու քննությունը։

«Տեսականան և ավտոդրոմի քննության արդյունքները ուժի մեջ են մեկ տարի, այնուհետև պետք է նորից հանձնել, բայց քաղաքում քննությունը կարելի է հանձնել ամիսը մեկ անգամ, եթե ուզում եք հերթից դուրս, ապա պետք է 250 լարի վճարես», – ասում է Միշան։

Նմանօրինակ իրավիճակում է հայտնվել նաև Ախալքալաքի մեկ այլ բնակիչ: Արթուրը (անունը նույնպես փոխված է) արդեն 4 անգամ փորձել է քաղաքում քննություն հանձնել, հաջորդ անգամը՝ 5-րդն է։ Տարվա ավարտին նրան երկու ամիս է մնացել։

«Արդեն մոտ 1200 լարի եմ ծախսել: Առաջին անգամ 15 լարի տեսական քննության համար, հետո ավտոհարթակում անցնելու անվճար փորձերի ժամանակ մի քանի անգամ վճարել եմ 30 լարի, որ նորից մտնեմ նույն օրը: Հետո քննությունը քաղաքում՝ 90 լարի ամեն անգամ՝ գումարած 80 լարի, ամեն անգամ քննության օրը հրահանգչի հետ վարելու համար: Մեր մեքենայով ճանապարհորդությունն 50 լարի է ստացվում»,- ասում է նա։

Այսպիսով, վարորդական իրավունքի վկայական ստանալը Ախալքալաքի բնակչին կարժենա միջինը 700-ից 1200 լարի և ավելի՝ կախված քաղաքում քննություն հանձնելու փորձերի քանակից։ Հիշեցնենք, որ վարորդական վկայական ստացողների մեծամասնությունը դժգոհում է, որ քաղաքում քննության ի հայտ գալով՝ վկայական ստանալը շատ է դժվարացել։ Շատերն ասում են, որ հրահանգիչները միտումնավոր ձախողում են իրենց, բայց Jnews-ը դրա հաստատումը չի ստացել։ Երկու տարի է գործնական քննությունը բաղկացած է երկու մասից։ Հատկանշական է, որ ուրաքանչյուր եռամսյակում նվազում է վարորդական վկայական ստացողների թիվը։

Խնդիրն ավելի է խորանում նրանով, որ Ախալքալաքում ՆԳՆ վարորդների սպասարկման գործակալության մասնաճյուղի բացակայության պատճառով քաղաքում քննություն հանձնելն անհնար է, դրա համար պետք է հասնել Ախալցիխե, ինչը կրկնապատկում է ծախսերը։ Բացի այդ, ո՛չ Ախալքալաքում, ո՛չ Ախալցիխեում չեն տրամադրվում իրական պայմաններում մեքենա վարելու ուսուցման իրավական մեխանիզմներ, որպեսզի աշակերտը կարողանա վարժվել՝ չխախտելով Վրաստանի օրենքները։