Համաշխարհային առաջնորդները դատապարտում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը
«Ես խստորեն դատապարտում եմ այսօրվա ահաբեկչությունը»,- ասել է Գուտերեշը։
Հայտարարությունը տարածել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը հարձակումն անվանել է «սարսափելի և նողկալի»։
«Անվտանգության խորհրդի անդամները ևս մեկ անգամ հայտարարում են, որ ահաբեկչական գործողությունները հանցագործություններ են և չարդարացված՝ անկախ դրանց դրդապատճառներից, որտեղ և ում կողմից են դրանք կատարվել»,- ասված է հայտարարության մեջ։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Միջադեպին արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ իր համերաշխությունը հայտնելով վիրավորներին և մահացածի ընտանիքի անդամներին։
«Ես խստորեն դատապարտում եմ «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչությունը»,- ասվում է Մակրոնի հայտարարության մեջ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես դատապարտել է հարձակումը։
«Մենք դատապարտում ենք Մոսկվայում անմեղ հանդիսատեսի վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։ Մեր մտքերը մահացածների և վիրավորների ընտանիքի անդամների հետ են», – ասվում է Օլաֆ Շոլցի հայտարարության մեջ։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին։
«Ցանկանում եմ իմ խորը վիշտը հայտնել Ռուսաստանի Դաշնության ժողովրդին՝ այսօր երեկոյան Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ։ Մենք աղոթում ենք մահացածների ընտանիքների համար»,- ասել է Օրբանը։
Միջադեպը դատապարտել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը։
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունները ցավակցություն են հայտնել Ռուսաստանին և դատապարտել ահաբեկչությունը։
Մի քանի զինված անձինք ներխուժել են Մոսկվայի «Crocus City Hall» և կրակ բացել համերգի մասնակիցների վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Crocus City Hall»-ի վրա կատարված հարձակումը գնահատել է որպես ահաբեկչություն։ Հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 93-ի, 121 մարդ վիրավորվել է։ 1tv.ge