Ապօրինի շինությունները Բորջոմիում- Ինչի՞ վրա է քաղաքապետարանն աչք փակում

Ապօրինի շինությունները Բորջոմիում- Ինչի՞ վրա է քաղաքապետարանն աչք փակում

Նախկին խորհրդարանական և «Երազանքի» նվիրատու Լերի Խաբելովը երկու տարի առաջ առանց թույլտվության սկսել և նույնիսկ ավարտել է Բորջոմիի կենտրոնում 6-հարկանի հյուրանոցի շինարարությունը։ Վերջին շրջանում առողջարանային տարածքներում ապօրինի շինությունները լայնածավալ տեսք են ստացել։ Այդ մասին վկայում է նաև պետական աուդիտի վերջին հաշվետվությունը, որտեղ հստակ ու ընդգծված ասվում է, որ ՏԻՄ-ն այս հարցը ոչ պատշաճ է վերահսկում։  Այս մասին գրում է «Հարավային դարպաս»-ը.

Նախկին խորհրդարանականի առանց թույլտվության շինարարությունը Բորջոմիում

«Վրացական երազանքի» նվիրատու և նախկին պատգամավոր Լերի Խաբելովը, ով ներկայումս Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, ինչպես հայտնի է, 2022 թվականի երկրորդ կիսամյակում, Բորջոմիի կենտրոնական մարզադաշտի մոտ՝ Ռուսթավելիի N101 հասցեում, առանց թույլտվության սկսել է 6 հարկանի հյուրանոցի կառուցումը։ Նշված հասցեում՝ Բորջոմիի կենտրոնում՝ կենտրոնական մարզադաշտի հարեւանությամբ, Լերի Խաբելովին է պատկանում 4007 քմ. տարածքը, որտեղից 96.2%-ը ստացել է պետական գույքի մասնավորեցման միջոցով։

Ավելի ստույգ՝ Լերի Խաբելովի «Բժշկասպորտային առողջապահական համալիր Օլիմպի» ՍՊԸ-ն (որը տարբեր ժամանակներում պատկանում էր նաև նրա քրոջը՝ Ինգա Խաբելովին), 2016 թվականին պետությունն ուղղակիորեն վաճառել է 2301 քառ.մ տարածքը՝ 50 000 լարիով, որից 1801 ք.մ. լողավազանն էր զբաղեցնում։ Ավելի ուշ՝ 2019 թվականին, Խաբելովները նույն հասցեում 150 քմ. տարածքը գնել են մասնավոր անձից։ Վերջապես 2022 թվականի նոյեմբերին Լերի Խաբելովն 1 556 քառ. տարածքը գնել է էլեկտրոնային աճուրդով՝ 95 000 լարիով։

Հատկանշական է, որ նախկին պատգամավորը «Վրացական երազանք»-ին նվիրաբերել է 64 980 լարի։

6-հարկանի հյուրանոցի շինարարությունն արդեն ավարտված է, և ներկայումս ընթանում են ներքին աշխատանքները։ «Հարավային Դարպաս»-ը երեք անգամ, տարբեր ժամանակներում եղել է օբյեկտում, սակայն տիրոջը չի հաջողվել հանդիպել։

Մենք կապ հաստատեցինք Լերի Խաբելովի հետ՝ պարզելու, թե ինչու է շինարարությունը սկսվել մինչև թույլտվություն ստանալը, սակայն նա հրաժարվեց մեկնաբանել. «Հեռախոսով ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ՝ ով է զանգում, ով եք դուք, լավ մնացեք»։

Շինհրապարակում գտնվող մարդկանցից մեկը, ով մեզ ներկայացավ որպես «Օլիմպի» լողավազանի տնօրեն, նույնպես հրաժարվեց զրուցել մեզ հետ։

Տեղում նույնիսկ տեղեկատվական ցուցատախտակ չկար, որտեղից գոնե մի փոքր տեղեկություն կարող էինք ստանալ շինարարության մասին։ «Ցուցատախտակ կար, երկու օր առաջ հանեցինք»,- ասում է լողավազանի տնօրենը։ Երկու օր առաջ տարածքում էինք, բայց այդ ժամանակ էլ տախտակը փակցված չէր։

Բորջոմիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ «Լերի Խաբելովը տուգանվել է, ներկայումս շինարարության թույլտվություն ունի», սակայն թե քանի լարիով է տուգանվել նախկին պատգամավորը եւ երբ է ստացել թույլտվությունը, այս հարցերին չեն պատասխանում։ Ինքնակառավարմանը գրավոր դիմել ենք 2024 թվականի հունվարի 22-ին, սակայն պատասխան չենք ստացել։

Քաղաքապետարանից մեզ միայն գրեցին, որ նրանց կողմից տրված թույլտվությունների մասին տեղեկատվությունը կարող ենք ճշտել maps.municipal.gov.ge կայքում, սակայն Խաբելովի հյուրանոցի հետ կապված փաստաթուղթն այստեղ նույնպես չկա։



Ինչի՞ վրա է աչք փակում Բորջոմիի քաղաքապետարանը

Լերի Խաբելովի քույրը լողավազան «Օլիմպի»-ն իր վրա է գրանցել 2016 թվականի հունիսին՝ ուղղակի վաճառքով՝ պետությունից։ Երեք ամսում Լերի Խաբելովը Վրաստանի խորհրդարան մտավ «Վրացական երազանքից» կուսակցական ցուցակով։

2018-2019 թվականների աուդիտի հաշվետվության մեջ ասվում է, որ շենքի կառուցումից հետո տեղացի աշակերտները պետք է 10 տարի շարունակ շաբաթական առնվազն երեք օր անվճար օգտվեին լողավազանից, ինչը տեղի չի ունեցել։ «Երազանք»-ի նախկին խորհրդարանականը մարզահամալիրն օգտագործում է միայն կոմերցիոն նպատակներով։

«Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ կազմակերպությունը լողվազանի բացման օրվանից չի կատարել առկա պայմանները… Չնայած կապալառուի կողմից պարտավորությունը չկատարելուն, քաղաքապետարանը կառավարությանը չի տեղեկացրել մատակարարի կողմից ներդրումային պարտավորությունը չկատարելու մասին։ Հարկ է նշել, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության գույքի կառավարման գործակալությունից պարբերաբար նամակներ են ուղարկվում Բորջոմիի քաղաքապետարան՝ Բորջոմիի տարածքում տարբեր պայմանագրերի շրջանակներում կապալառուների կողմից ներդրումային պարտավորությունների կատարումը հաստատելու համար։ Ինչ վերաբերում է «Օլիմպի»-ին հանձնված լողավազանին, ապա քաղաքապետարանը նմանատիպ խնդրանք է ստացել միայն մեկ անգամ, և չնայած պատասխան գրություն չի ուղարկվել, նախարարությունը կրկին քաղաքապետարանին չի դիմել»,- կարդում ենք եզրակացության մեջ։

Բորջոմիի քաղաքային խորհրդի նախկին ընդդիմադիր անդամ Գիորգի Գիուաշվիլիի խոսքով՝ նմանատիպ գործողություններով Բորջոմիի քաղաքապետարանը պաշտպանում է «Վրացական երազանք»-ին մոտ մարդկանց։ Խաբելովը նրանցից մեկն է։

«Տարիներ շարունակ հյուրանոցի հետեւի տարածքը ապօրինի էր օգտագործում, պարսպապատել է։ Եթե ես ապօրինի ինչ-որ բան ցանկապատեմ, ո՞վ կների ինձ։ Մարդկանց վտարում են սեփական տներից, իսկ սա ամեն ինչ փակել, պարսպապատել է, շինարարություն է անում։ Հենց դա է օլիգարխիան, ուրիշ ոչինչ։ Նա օկուպացնում է Բորջոմիի կենտրոնը, սովորական ծղոտի գնով, ինչին նպաստում է տեղական ինքնակառավարումը»,- ասում է Գիորգի Գիուաշվիլին։

Զարգացման ծրագրի բացակայությունն ի՞նչ խնդիր է ստեղծում Սադգերիում

Բորջոմիի քաղաքապետարանի Սադգերի գյուղում, որը գտնվում է քաղաքից յոթ կիլոմետր հեռավորության վրա, վերջին 5 տարում կառուցվել է մոտ 60 քոթեջ։ Քանի որ գյուղը չունի զարգացման ծրագիր, թույլտվություններ հիմնականում չեն տրվում: Ուստի նրանք, ովքեր նախատեսում են այս տարածքում քոթեջներ կառուցել, նրանց մեծ մասն առանց թույլտվության է սկսում շինարարությունները։

«Հարավային Դարպաս»-ն զրուցել է Սադգերիում քոթեջ կառուցած, առնվազն 10 հոգու հետ, սակայն նրանցից ոչ ոք չի ցանկացել հրապարակային մեկնաբանություն տալ։

Տուգանվածներից մեկը Թեոնա Ափցիաուրին է, այս դեպքում ապօրինի շինարարական աշխատանքները ոչ թե քաղաքապետարանն է հայտնաբերել, այլ պետական աուդիտորական ծառայությունը։

«Բորջոմիում պետական աուդիտի խումբը 2021-2022 թվականներին ընտրողաբար ստուգել է քաղաքում և առողջարանային տարածքում առկա շինարարական աշխատանքները։ Պարզվել է, որ մասնավոր անձինք առանց համապատասխան թույլտվության 11 օբյեկտների վրա շինարարական աշխատանքներ են կատարել։
Աուդիտորական խմբի բացահայտած հանգամանքներից ելնելով` քաղաքապետարանը տվյալ օբյեկտների նկատմամբ սկսել է վարչական վարույթ»,- ասվում է աուդիտի հաղորդագրության մեջ։

Մենք կապվեցինք Թեոնա Ափցիաուրիի հետ, փաստաթղթերում նշված համարով, սակայն մեկ այլ անձ պատասխանեց, ով պնդեց, որ մտերիմ է Թեոնայի հետ և, որ նա կմեկնաբանի․

«Քաղաքապետարանը տուգանել է մեզ, փաստաթղթերը ներկայացրել էինք թույլտվության համար, բայց մինչ պատասխանը ստանալը, մեր մտերիմը տրակտորով եկավ և հողը փորել տվեցի, դրա համար տուգանվեցինք։ Հիմա բոլոր փաստաթղթերը կարգավորվել են, թույլտվություն ունենք»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Բորջոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլիի խոսքով, Սադգերի գյուղի վերին հատվածում վերջին հինգ տարիների ընթացքում ապօրինի շինարարության համար տուգանվել է մոտ 5 մարդ․ «Բավականին քաղաքացիների մերժել ենք շինարարության համար, քանի դեռ քաղաքաշինական ծրագիրը չի հաստատվել»,- ասում է նա։

Նրա խոսքով, քաղաքապետարանը սկսել է աշխատել շինարարության ծրագրի վրա, եւ մոտ ապագայում հարցը լուծում կստանա։

Ըստ Բորջոմիի քաղաքապետարանի տրամադրած maps.municipal.gov.ge կայքի՝ Սադգերի գյուղում շինարարության թույլտվություն է տրվել մինչև 15 քոթեջների համար, մնացածի դեպքում ոչ թույլտվություն է որոնվում, ոչ էլ տուգանք։

Քոթեջների սեփականատերերն ասում են, որ քանի որ չեն կարողացել թույլտվություն ստանալ, ստիպված են եղել ապօրինի սկսել աշխատանքները։

Հանցագործության նշաններ Բորջոմիի քաղաքապետարանի գործունեության մեջ

Աուդիտի հաշվետվության մեջ նշվում է նաև Բորջոմիի քաղաքապետարանում շարունակվող ապօրինի շինությունների մասին։ Պետական գործակալությունն ուսումնասիրել է ինքնակառավարման 2021-2022 թվականների աշխատանքը և բացատրել, որ քաղաքապետարանի կողմից քաղաքապետարանի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների մոնիտորինգի գործող համակարգը թերի է, ինչը չի կարող ապահովել ապօրինի շինությունների ժամանակին հայտնաբերումը։ Թույլ են նաև կանխարգելման գործընթացի վերահսկման մեխանիզմները։


«Քաղաքապետարանը ապօրինի շինարարության 53 դեպք է հայտնաբերել և համապատասխան անձանց տուգանել է, կամ օբյեկտի աշխատանքների ավարտի փուլում, կամ երբ շինարարական աշխատանքներն ավարտվել են և օբյեկտը գործել է։ Քաղաքապետարանն անհրաժեշտ ինտենսիվությամբ չի մշտադիտարկել ընթացող շինարարությունները։ Արդյունքում ուշացրել է, իսկ որոշ դեպքերում չի բացահայտել ինքնակամ շինարարության փաստերը և համապատասխան գործողություններ չի ձեռնարկել շինարարությունը դադարեցնելու ուղղությամբ»,- նշված է աուդիտի հաշվետվության մեջ։

Նույն փաստաթղթի համաձայն՝ երկու տարվա ընթացքում քաղաքապետարանում ապօրինի շինարարության համար բացահայտվել և տուգանվել է 102 անձի։

Հատկանշական է նաև այն փաստը, որ աուդիտը ապօրինի շինարարության հետ կապված խնդիրն արտացոլել է 2018-2019 թթ. հաշվետվության մեջ։ Քաղաքապետարանը հաշվի չի առել աուդիտորների առաջարկությունները, արդյունքում նույն խնդիրները բացահայտվել են նաև 2021-2022 թվականների գործունեության ընթացքում։

Ինչպես «Հարավային դարպաս»-ի մոտ պարզաբանում են պետական աուդիտի ծառայությունից, Բորջոմիի քաղաքապետարանի գործունեության մեջ հանցագործության նշանների առկայության պատճառով նրանք դիմել են դատախազություն։

Տեղեկության համար՝ 2020 թվականին Բորջոմիում շինարարության թույլտվություն տալու դիմաց կաշառք վերցնելու համար ձերբակալվել են Բորջոմիի քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի առաջին անդամները։

Հետաքննությունը պարզել է, որ Բորջոմիի քաղաքապետարանի խորհրդի նախագահը 200.000 լարի է պահանջել որպես կաշառք ձեռներեցից՝ խորհրդի նիստին զարգացման կարգավորման ծրագիրը ներկայացնելու և շինարարության թույլտվություն տալու դիմաց, որից նախապես վերցրել է 20.000 լարի։

Ինչ վերաբերվում է քաղաքապետին՝ Լեւան Լիպարտիան նույն ձեռներեցից ապօրինի շինությունների համար պաշտպանություն ցուցաբերելու դիմաց, պահանջել է 10 500 լարի, որից ստացել է 8 000 լարին։

Հարկ է նշել այն փաստը, որ այդ ընթացքում Լևան Լիպարտիայի առաջին տեղակալը եղել է Սակրեբուլոյի ներկայիս նախագահ Դավիթ Զաալիշվիլին, իսկ Գոգիչաիշվիլիի պատգամավորը՝ Բորջոմիի ներկայիս քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին։

Ինչո՞ւ Բորջոմիի քաղաքապետարանը մեզ հանրային տեղեկատվություն չի տրամադրում.

 «Հարավային դարպաս»-ն չորս ամիս անհաջող կերպով փորձում է Բորջոմիի քաղաքապետարանից ստանալ հանրային տեղեկատվություն Բորջոմիում և հարակից գյուղերում (Սադգերի, Տբա, Ցեմի, Ծաղվերի, ինչպես նաև Բակուրիանի ավանում) վերջին հինգ տարում ապօրինի շինությունների թվի մասին։ Մեզ հետաքրքրում է նաեւ, թե քանի հոգի է դիմել քաղաքապետարան՝ շինարարության թույլտվություն ստանալու համար, քանիսն են թույլտվություն ստացել, քանիսն են մերժվել։ Առաջին անգամ ինքնակառավարմանը գրավոր դիմել ենք 2023 թվականի հոկտեմբերի 16-ին, որին ի պատասխան ստացել ենք միայն այն, որ մեր պահանջած տեղեկատվությունը ծավալուն է, և նրանք կփորձեն այն տրամադրել ավելի կարճ ժամկետներում։ Այդ ժամանակվանից անցել է չորս ամիս։

Ավելի ուշ, Բորջոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին մեզ խոստացավ, որ կոնկրետ շենքերի կադաստրային ծածկագրերով խնդրելուց հետո միայն մեզ կտրամադրեր տեղեկությունները։ Մենք նոր նամակներ ուղարկեցինք, բայց այս անգամ էլ պատասխան չստացանք։ Քաղաքապետը համարել է, որ մեր կողմից պահանջվող տեղեկատվության մշակումը «առաջացրել է վարչական մարմնի ռեսուրսների անհիմն վատնում և գերազանցում է ողջամիտ բոլոր շրջանակները»։

Օթար Արբոլիշվիլիի խոսքով, իր աշխատակիցները «շատ այլ անելիքներ ունեն, և միայն «Հարավային դարպաս»-ի համար տեղեկատվություն պատրաստելու համար, բոլոր աշխատակիցները պետք է երկու շաբաթ աշխատեն այս հարցի վրա»։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի փաստաբան Քեթի Բեբիաշվիլիի խոսքով՝ նշված խնդրի վերաբերյալ քաղաքապետարանի պարզաբանումը լիովին դուրս է իրավական սահմաններից․

«Այնպիսի փաստարկ չկա, կարծես դուք վատնում եք ռեսուրսները։ Օրենքն ուղղակիորեն նախատեսում է երկու բան՝ հանրային տեղեկատվության տրամադրում և հանրային տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու անձին: Այսինքն՝ ինքնակառավարումն ունի մարդ, ով պետք է լուծի այս հարցը, հետեւաբար վարչական մարմնի աշխատանքին ոչ մի կերպ չեք խոչնդոտում, քանի որ նա արդեն ունի այս փաստաթուղթը, իսկ դուք խնդրում եք գոյություն ունեցող փաստաթուղթ։ Խմբագրությունը ինչ-որ վերացական փաստաթուղթ չի խնդրում։ Ըստ այդմ՝ նրանց պատասխանը լիովին անհիմն է»,- ասաց նա։

Չնայած բազմաթիվ փորձերին՝ «Հարավային դարպասն» չի կարողացել հանրային տեղեկատվություն ստանալ, ուստի դիմել է Ախալցիխեի շրջանային դատարան՝ ընդդեմ Բորջոմիի քաղաքապետարանի։