19-ամյա վրացին ներխուժել է դպրոց, դանակահարել տնօրենին և մուրճով հարձակվել աշակերտի վրա

19-ամյա վրացին ներխուժել է դպրոց, դանակահարել տնօրենին և մուրճով հարձակվել աշակերտի վրա

Աթենքի դպրոցներից մեկում տեղի ունեցած արյունալի միջադեպը ցնցել է հասարակությանը. Դանակով և մուրճով զինված 19-ամյա երիտասարդը մտել է Կիֆսելի թաղամասի 41 դպրոց և մուրճով ծեծել նիգերիացի աշակերտին և վիրավորել տնօրենին։ Ըստ հունական լրատվամիջոցների՝ հարձակվողը վրացի է։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ի առավոտյան ժամը 8:30-ին։ Տուժած դպրոցի աշակերտը տեղափոխվել է «Գենիմատաս» հիվանդանոց, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն։ Երիտասարդը մուրճից վիրավորվել է գլխի և ուսի շրջանում։ Աղմուկի պատճառով աշակերտին փրկելու դուրս եկած դպրոցի տնօրենը դանակով վիրավորվել է որովայնի շրջանում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Իրավապահ մարմինը դեռ ճշտում է դրդապատճառը։ Գործը ուսումնասիրում է նաև տեղի ոստիկանությունը, թե ինչպես է հարձակվողին հաջողվել մտնել դպրոց, երբ այնտեղ են եղել պահակները։ Դպրոցի աշակերտների խոսքով՝ վիրավոր դեռահասը անհամաձայնություն է ունեցել հարձակվողի եղբոր հետ, ինչի պատճառով երեքշաբթի առավոտյան 19-ամյա դեռահասը եկել է դպրոց և սպառնացել անչափահաս աշակերտներին։

Ձերբակալվածը հրաժարվել է ցուցմունք տալուց և փաստաբան է խնդրել։

Ըստ տեղեկությունների՝ տղան հանկարծակի մտել է դպրոցի շենք և տեսնելով նիգերիացի աշակերտին հարձակվել է նրա վրա և մուրճով հարվածել։

Երկու օր առաջ արյունալի դրվագի ականատես աշակերտը հունական iefimerida.gr-ին հեռախոսազրույցում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Աթենքի դպրոցում։

«Ես աստիճաններով բարձրանում էի, երբ սկսվեց ծեծկռտուքը, տեսանք, թե ինչպես է իրավախախտը հարվածում տուժողին, տուժողը փորձել է պաշտպանվել, սակայն ապարդյուն, հանկարծ հարձակվողը գրպանից հանել է մուրճը և հարվածել նրա գլխին. Հենց այդ ժամանակ էլ դպրոցի տնօրենը միջամտեց և մտավ նրանց միջև, հանցագործը դանակով հարվածեց նրա որովայնին.«Տեղի ունեցածից հետո մեզ փակեցին դասասենյակներում, որպեսզի հնարավորինս ապահով լինենք, հատակին ամենուր արյուն էր, խուճապի մեջ էինք։ Ես լաց էի լինում, որ չգիտեինք ինչ անել…»,- պատմել է աշակերտուհին։

Միջադեպից հետո հարձակվողը փորձել է թաքնվել դպրոցի նկուղում, սակայն երիտասարդին մի քանի րոպեում ոստիկանները ձերբակալել են։ Տեղից հայտնաբերվել են հանցավոր գործիքներ: