Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում Զատիկը նշվում է յուրահատուկ ձևով։
Տոնի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Զատիկի նախօրեին գյուղի երեխաները ծիվ-ծիվ են անում։ Ի՞նչ է ծիվ-ծիվը, ո՞րտեղից է այն եկել և ինչ են անում ծիվ-ծիվի ընթացքում։
Այս հարցերի պատասխանը իմանալու համար դիմեցինք Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի, Հեշտիայի մանկական և երիտասարդական կենտրոնի համակարգող Նանա Անտոնյանին։
«Ծիվ-ծիվը մերոնք էրկրից են բերել (նկատի ունի Արևմտյան Հայաստանից, Մուշից, որտեղից գաղթել են Հեշտիայի բնակիչները,- խմբ.)։ Մենք Սովետական միության ժամանակ էլ ենք ունեցել։ Ծիվ-ծիվ անելով Քրիստոսի հարության ավետիսն են տալիս»,-ասաց Նանա Անտոնյանը։
Ծիվ-ծիվի ժամանակ գյուղի երեխաները դույլերով ման են գալիս տանից տուն։ Կանգնելով գյուղի բնակիչների տան դռան դիմաց միաձայն ու բարձր ասում են հետևյալ խոսքերը.
«Ծիվ-ծիվ, ծիծեռնակ, Ասու թևերն բիբեռնակ, մոմ վառեք, խունկ ծխեք, Կարմիր հավկիթն դուրս տվեք»։
Տանտերը լսելով երեխաների ձայնը, դուռը կիսաբաց է անում, դույլերը որոնք կապված են պարանով, ըդունում է ներս ու յուրաքանչյուրի մեջ լցնում ձու, քաղցրավենիք, գաթա և այլն։ Երեխաները ուրախությամբ հեռանում են և գնում հաջորդ տուն։
«Հնում դույլերը տների երդիկներից են պարանով իջեցրել ներս։ Ինչ վերաբերում է ծիվ-ծիվի խոսքերին` բիբեռնակ նշանակում է Աստծո թևերը խաչի վրա բևեռած։ Ծիվ-ծիվը նաև վերջում ունի երկու տող, այն մարդիկ ովքեր ձու չեն տալիս` երեխաները ասում են հետևյալ տողերը. Չտվողի սև հավը բունը մնա, ազապ(դեռևս չամուսնացած) աղջիկը տանը մնա: Այս տողերը դիտավորյալ են ասել, որ տանտերը ժլատություն չանի, քանի որ նախկինում մեկ ձուն մեծ ճոխություն է եղել, այն ժամանակ սնունդի սակավություն է եղել և ձուն էլ թանկ է եղել»,-ասում է Անտոնյանը։
Իսկ ի՞նչ են անում երեխաները մեծ քանակությամբ հավաքած ձվերը, Նանա Անտոնյանը պատասխանում է.
«Հաջորդ օրը, այսինքն Զատիկի օրը, երեխաները բոլոր հավաքած ձվերը տարել են եկեղեցու բակ և սկսել են կռվեցնել, ում ձեռքի ձուն որ <<խոչ>> պինդ է եղել ու կոտրել է բոլոր ձվերին, այդ կոտրած ձվերն էլ վերցրել ու տարել է տուն։ Եղել է նաև մի ավանդույթ ևս, մինչև Զատիկը ձուն 40 օր պահել են աղի մեջ, որպեսզի կեղևը ավելի ամրանա և կռվեցնելու ժամանակ ավելի շատ ձու կոտրի և ավելի շատ ձու տանեն տուն ընտանիքի անդամներին»։
NOR ռադիոկայանը փորձեց գտնել նաև այլ տեղեկություններ Զատիկի հետ կապված հին ավանդույթների մասին.