Այսօրվանից՝ ապրիլի 3-ի ժամը 10:00-ից ուսուցիչների առարկայական քննությանը պրակտիկոս (գործող) ուսուցչի կարգավիճակով գրանցվելու իրավունք ունեն միայն ոչ վրացալեզու դպրոցների հայերենի և ադրբեջաներենի պրակտիկոս ուսուցչի (գործող) կարգավիճակ ունեցող ուսուցիչները: Գրում է մեր գործընկեր Ալիք Մեդիան
Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) փոխանցմամբ՝ նրանց համար քննությանը գրանցվելն անվճար կլինի:
«Կենտրոնի կողմից կազմակերպված առարկայական քննությանը համապատասխան առարկայի (հայերեն/ադրբեջաներեն) պրակտիկոս ուսուցչի կարգավիճակով գրանցվելու իրավունք ունեն միայն ադրբեջաներեն և հայերեն լեզուներ դասավանդող պրակտիկոս ուսուցիչների կարգավիճակ ունեցողները։ Պրակտիկոսի (գործող) կարգավիճակ ունեցող ուսուցիչների համար գրանցումն անվճար է։
Եթե քննվողը չի համապատասխանում «Հանրակրթության մասին» Վրաստանի օրենքով սահմանված ուսուցչի կրթության անհրաժեշտ պահանջներին, ապա նա չի կարողանա քննության ընթացքում ստացված արդյունքներն օգտագործել ուսուցչի գործունեություն ծավալելու համար»,- հայտնում են NAEC-ից:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության 2023 թվականի թիվ 97 որոշման համաձայն՝ ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս (գործող) ուսուցիչները (բացառությամբ էթնիկ փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի ուսուցիչների) գործող ուսուցիչների կարգավիճակը պահպանել են մինչև 2022-2023 ուսումնական տարվա ավարտը:
Ոչ վրացալեզու դպրոցների էթնիկ փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) գործող ուսուցիչը կպահպանի գործող ուսուցչի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը: Ընդգծենք՝ պրակտիկոս ուսուցիչը քննությունը բարեհաջող հանձնելու համար պետք է հավաքի առարկայական քննության (ադրբեջաներենի և հայերենի համար առավելագույն միավորը 70-ն է) 30-տոկոսը, որը հավասար է 1 կրեդիտ միավորի: Պրակտիկոսների համար կրեդիտները բաշխվում են հետևյալ կերպ՝ 1, 4, 7, 10: Ի դեպ, ուսուցիչ դառնալ ցանկացողները պետք է հավաքեն 60+1 տոկոսը (10 կրեդիտ), որպեսզի քննությունը համարվի հաղթահարված:
Ավելին՝ ստորև հղմամբ: