Եվրախորհրդարանի 22 անդամներ անմիջապես կոչ են արել Վրաստանի իշխանություններին չհետևել «վերահսկողության և ճնշելու» ռուսական պրակտիկային և հրաժարվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից։
«Օրենքը (նկատի ունեն ռուսական օրենքը,-խմբ.) համատեղելի չէ ԵՄ արժեքների և ժողովրդավարական սկզբունքների հետ և հակասում է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հավակնություններին։ Մենք խստորեն կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հետևել ԵՄ-ի պրակտիկան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ ԶԼՄ-ների թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ, և ոչ թե Ռուսաստանի և այլ ավտորիտար պետությունների պրակտիկան, որոնք ձգտում են վերահսկել և ճնշել»,- ասվում է պատգամավորների համատեղ հայտարարության մեջ։
Նրանք հիշեցրել են, որ տարեկան Վրաստանը ԵՄ-ից ստանում է միջինը ավելի քան 100 մլն եվրո օգնություն առանցքային բարեփոխումների իրականացման համար։ Օրենքը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին պիտակավորում է որպես «օտարերկրյա գործակալներ» և «պետության թշնամիներ», որոնք ԵՄ-ից ստանում են ճիշտ նույն ֆինանսավորումը, ինչ Վրաստանի կառավարությունը, մատնանշում են Եվրախորհրդարանում:
«Մենք կոչ ենք անում Վրաստանի ղեկավարությանը կատարել իր անցյալ տարվա խոստումը և չվերահաստատել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, փոխարենը ներդրումներ կատարել Վրաստանի քաղաքացիական հասարակության հետ ներառական հարաբերություններում»,– ասվում է հայտարարության մեջ։
Նրանք նաև խնդրում են Եվրահանձնաժողովին «հետաքննել, թե արդյոք Վրաստանի իշխանությունների նման որոշումները համապատասխանում են թեկնածու երկրի կարգավիճակին»։ Պատգամավորներն ընդգծում են. հետընթացի դեպքում «Եվրահանձնաժողովը կարող է ստիպված լինել վերադառնալ ընդլայնման գործընթացի սկզբնական դիրքերին»։