Facebook-ն արգելափակում է «ռուսական օրենքի» վերաբերյալ կառավարության գրառումները

Facebook-ն արգելափակում է «ռուսական օրենքի» վերաբերյալ կառավարության գրառումները

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ առնչություն ունեցող էջերում հրապարակված գրառումները, որոնցում «գործակալների օրենքը» ներկայացվում էր դրական լույսի ներքո և կառավարության փաստարկները, թե «ինչու օրենքը ռուսական չէ», Facebook-ում նշվում է որպես կեղծ տեղեկատվություն։

Իշխանամետ POSTV-ի էջից մեկում հրապարակված գրառումը ջնջվել է այն բանից հետո, երբ այն նշվել է որպես կեղծ տեղեկատվություն։

Որպես կեղծ տեղեկատվություն է նշվել նաև «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դիտո Սամխարաձեի էջում հրապարակված գրառումը, սակայն մի քանի ժամ անց նշումն անհետացել է, և գրառումը կրկին հասանելի է։

Կեղծ տեղեկատվության տարածման դեմ արդյունավետ աշխատելու համար՝ Facebook-ը հենվում է տեղական, անկախ կազմակերպությունների վրա: Տվյալ դեպքում՝ FactCheck Georgia-ի կազմած զեկույցի հիման վրա գրառումները որակվել են որպես կեղծ տեղեկատվություն։

Ի դեպ, երբ իշխող ուժը կրկին խորհրդարան ներկայացրեց 2023-ին մերժված «ռուսական օրենքը», կառավարական մի շարք էջեր, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, սկսեցին շրաջանառել «Վրացական երազանքի» ներկայացրած օրինագծի «բացատրական ազդագրեր (posters)»: Ազդագերում «Վրացական երազանքը» մերժված «ռուսական օրենքի» փոքր-ինչ փոփոխված տարբերակը փորձում է ներկայացնել դրական լույսի ներքո:

Ի պատասխան իշխող ուժի՝ քաղհասարակությունը ներկայացնում է «ռուսական օրենքի» իրական կողմը, այդ օրենքի իրապես ռուսական լինելու փաստարկները և որն ամենակարևորն է, օրենքի վնասաբեր հետևանքնքերը Վրաստանի եվրոպական ուղուն:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի նախաձեռնությունը, չնայած այն բանին, որ նրանք 2023-ին հայտարարել էին, որ այս օրինագիծն այլևս չի քննարկվի:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-նՆԱՏՕ-ն և մյուսներն արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:

Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները: