Թբիլիսիում նոր միջազգային օդանավակայան կկառուցվի

Թբիլիսիում նոր միջազգային օդանավակայան կկառուցվի

Վրաստանի կառավարությունը որոշել է Թբիլիսիում նոր օդանավակայան կառուցել, որի նախագծի արժեքը կազմում է 1,26 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։

«Տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ, որտեղ մենք ընդունել ենք նոր մեգանախագծի իրականացման կարևորագույն որոշում: Մասնավորապես, Թբիլիսիում կկառուցվի նոր միջազգային օդանավակայան», – ասել է Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը դիտարկել է նախագծի երկու տարբերակ:

«Մեկը նշանակում էր հին օդանավակայանի ընդլայնում, մյուսը՝ նոր օդանավակայանի կառուցում Վազիանիում (խմբ․՝ ավան՝ Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա): Ընդլայնման արժեքը կազմել է մոտավորապես 900 միլիոն դոլար: Նորի շինարարության գինը կազմում է մոտավորապես 1,26 մլրդ դոլար», – նշել է նա։

Կոբախիձեն հստակեցրել է, որ Թբիլիսիի օդանավակայանի ներկայիս թողունակությունը կազմում է տարեկան մինչև 4,5 մլն ուղևոր։

«Ընդլայնումը թույլ կտար ուղևորահոսքն ավելացնել առավելագույնը մինչև 15 միլիոն ուղևոր, և հետագա զարգացման հեռանկարներ չկային: Ինչ վերաբերում է նորի կառուցմանը, ապա դա մեզ հնարավորություն է տալիս ուղևորների թվաքանակը հասցնել մինչև 19 միլիոնի` հետագա ընդլայնման հեռանկարով, – ասել է վարչապետը։ – Ամեն բան հաշվի առնելով՝ մենք որոշում ընդունեցինք նոր օդանավակայան կառուցելու վերաբերյալ։ Նախագծումը և հայտամրցութների ընթացակարգերը կավարտվեն հաջորդ տարի, իսկ մի քանի տարի անց երկրում կհայտնվի միանգամայն նոր, գերժամանակակից օդանավակայան: Սա ամենակարևոր որոշումն է»:

Վրաստանի իշխանությունները հույս ունեն, որ 2028 թվականի վերջին Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը կկարողանա ընդունել առաջին ավիաչվերթը։ 1in.am