Լուսանկարները տրամադրել է Հայաստան Իսպիրյանը
Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Սայաթ-Նովա» վոկալ խումբը՝ Հայաստան Իսպիրյանի ղեկավարությամբ, մասնակցել է Հայաստանում անցկացվող «ART MUSIC» 15-րդ երաժշտական փառատոնին։
Ըստ Հայաստան Իսպիրյանի՝ սա Սայաթ-Նովա անսամբլի առաջին ելույթը չէ, և խումբը մեծ հաջողությունների է հասել: Արդեն 10 տարի է, ինչ մասնակցում է «ART MUSIC» փառատոնին։ Փառատոնին Սայաթ-Նովա խումբը ներկայացված էր 14 մասնակիցներով։ Երեխաները կատարեցին հայկական ժողովրդական երգեր և արժանացան մրցանակների՝ մեկ` 1-ին, հինգ 2-րդ և վեց` 3-րդ տեղեր:
Հայաստան Իսպիրյանը Ռադիո NOR-ի հետ զրույցում նշեց, որ «ART MUSIC» փառատոնի ղեկավարությունը շատ գոհ է Սայաթ-Նովա խմբից՝ թե՛ վոկալ, թե՛ ավանդական հագուստի ու ընդհանուր կատարման տեսակետից։
Չնայած հաջողությանը, Հայաստան Իսպիրյանը խոսեց նաև Սայաթ-Նովայի դժվարությունների մասին. Նրա խոսքով, խումբը հրավիրված է մասնակցելու փառատոնների Իսպանիայում և Ֆրանսիայում, սակայն Սայաթ-Նովան չունի համապատասխան ֆինանսական աղբյուր, կամ դոնոր, որպեսզի կարողանա մասնակցել Եվրոպայում նախատեսված փառատոններին և հասնել ավելի մեծ հաջողությունների։