NOR -ի լրագրողներին այսօր թույլ չեն տվել մտնել քաղաքապետարան․ ի՞նչ եղավ հետո

NOR -ի լրագրողներին այսօր թույլ չեն տվել մտնել քաղաքապետարան․ ի՞նչ եղավ հետո

Այսօր՝ ապրիլի 11 -ին, NOR ռադիոկայանի լրագրողը մեկնել է քաղաքապետարան որպեսզի լուսաբանի քաղաքացիների արյունի հանձման պրոցեսը։

Սակայն քաղաքապետարանի հսկիչ անձնակազմը թույլ չի տվել լրագրողին մուտք գործել քաղաքապետարան, պատճառաբանելով, որ << հրավեր>> է պետք։

Լրագրողը դիմել է NOR -ի խմբագրություն։ Խմբագրությունը լրագրողին հանձնարարել է անմիջապես քաղաքապետարանից ուղիղ եթեր դուրս գալ NOR -ի ֆեյսբուքյան էջով և վերոնշյալ իրավախախտման մասին կիսվել լսարանի հետ։

Այս անգամ NOR -ի երկու լրագրողներ մեկնել են քաղաքապետարան ուղիղ եթերով լսարանի հետ կիսվելու համար և պատմելու ստեղծված իրավիճակի մասին և կրկին հսկիչ անձնակազմի անդամները մոտեցել են լրագրողներին ու նշել, որ ներս մտնելու համար <<հրավեր>> է պետք։

Մինչ ուղիղ եթեր դուրս գալը լրագրողները փորձել են պարզել թե ինչ հրավերի մասին է խոսքը և ինչն է պատճառը, որ չեն թողնում մուտք գործել քաղաքապետարան։

Հսկիչը բարձրացել է փոխքաղաքապետ` Արմեն Բդոյանի մոտ և վերադառնալուն պես ասել, որ բարձրացեք փոխքաղաքապետի մոտ և հանդիպեք նրան։

Փոխքաղաքապետը հանդիպման ընթացքում լրագրողներին բացատրել է, որ քաղաքապետարան մուտք գործելու համար նախօրոք պետք է պայմանավորվել փիարի հետ։

Մենք նաև կապ հաստատեցինք ԶԼՄ -ների շահերի պաշտպանության կոալիցիայի նախագահ՝ Մամուկա Անղուլաձեի հետ։

Նրա խոսքով․ «Վերջին շրջանում միտում է նկատվում ՝ խոչընդոտվում է լրատվամիջոցների աշխատանքը։ Նախկինում դա այնքան էլ խնդրահարույց չէր: Իսկ թե ինչու են իրենք իրենց սահմանափակում (նկատի ունի քաղաքապետարանները,-խմբ.) հարցը սա է։ Լրատվամիջոցներն իրականում ոչ մի տեխնիկական կամ այլ խնդիր չեն ստեղծում պետական հիմնարկների աշխատակիցների գործունեության համար, ոչ էլ արհեստական խոչընդոտներ են ստեղծում նրանց աշխատանքում»։

Ըստ օրենքի՝

Հոդված 154. Լրագրողի մասնագիտական ​​գործունեությանը անօրեն խոչընդոտելը matsne.gov.ge

Լրագրողի մասնագիտական ​​գործունեությանը անօրեն խոչընդոտելը, այն է՝ նրան տեղեկություններ տարածելու կամ թաքցնելու հարկադրանքը պատժվում է տուգանքով կամ հասարակական աշխատանքով՝ հարյուր քսանից հարյուր քառասուն ժամ ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով։

Նույն արարքը, որը ուղեկցվում է բռնության սպառնալիքով կամ կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով՝ պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

Նշենք, որ լրագրողներին ի վերջո հաջողվել է լուսաբանել նորությունը կապված արյուն վերցնելու գործընթացի հետ։