Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին ստացված հարցումների կապակցությամբ հայտնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ։
Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվություն»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան:
«Հայաստանի արգելքը վրացական համարանիշների վերաբերյալ այնքան խորացավ նախորդ տարեվերջին, որ չնկատեցինք, թե մեզ համար Վրաստանն ինչ օրենք ընդունեց»,-գրում է Ժողովուրդ օրաթերթը։
Բանն այն է, որ 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի եւ առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը եւ դժբախտ պատահարներից ապահովագրումը: Այսինքն՝ ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է մեկնել Վրաստան, անկախ այցի նպատակից, անպայման պետք է ունենա նշյալ ապահովագրությունը: Հակառակ դեպքում՝ յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք՝ 300 լարիի չափով (մոտ 46 հազար դրամ): Այս մասին ՀՀ քաղաքացիները չեն ծանուցվել, եւ ոչ մի իրավասու կառույց չի պատրաստվում զգուշացնել այս օրենքի կարգավորման կամ առնվազն գոյության մասին։ ՀՀ առողջապահության նախարարությունից օրաթերթը փորձել է տեղեկանալ, թե պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը արդյոք կվերաբերի՞ եւ պարտադիր կլինի՞ ոչ ՀՀ քաղաքացիների համար։
Նախարարությունից փոխանցել են. «Հայաստանում աշխատող կամ ինքնազբաղված ոչ ՀՀ քաղաքացիների համար առողջության համապարփակ ապահովագրությունը, ըստ օրենքի նախագծի, լինելու է պարտադիր։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերջին փուլը նախատեսվում է ավարտել 2027 թվականին»։ Առողջապահության նախարարությունից տեղեկացվում է նաեւ, որ մինչ 2027 թվականի պարտադիր առողջապահական ապահովագրության նախագծի մեջ մտնում են նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաների, անժամկետ հաշմանդամություն ունեցողների, 63 եւ դրանից բարձր տարիքի անձանց, մինչեւ 2 տարեկան երեխաների ապահովագրությունը։
Նախագիծը որքան էլ օգտակար է թվում, այնքան էլ ունի մի շարք բացեր եւ խնդիրներ։ Անհայտ է, թե մինչեւ որքան դրամ կարող է փոխհատուցել նախարարությունը. նախատեսվում է տարեկան պարտադիր առողջապահական ապահովագրության համար վճարել 164 հազար 400 դրամ։ Նախագծով կարգավորվում է նաեւ, որ ապահովագրության համար վճարվող գումարը չմուծելու դեպքում տուգանվելու է եւ՛ անձը, եւ՛ գործատուն։ Բազմիցս արձանագրված առողջապահական այս նախագծի առաջացնելիք խնդիրներն անվերջ են,-գրում է օրաթերթը։
Տեղեկացնենք
Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցվել է «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում կիրականացվի պարտադիր բժշկական ապահովագրություն և դժբախտ պատահարներից ապահովագրություն Վրաստան այցելողների համար։
Ինչպես է ապահովագրությունը տրամադրվում և ինչ ժամկետով, Վրաստանի կառավարությունը դա կորոշի հատուկ որոշմամբ։ Այն նաև որոշում է ապահովագրական փաթեթի նվազագույն արժեքը։
Տուրօպերատորներն իրենց հերթին պարտավոր կլինեն զբոսաշրջիկներին տեղեկատվություն տրամադրել ապահովագրական ծախսերի մասին։
Պետությունը տուգանելու է ցանկացած այցելուի, ով կփորձի շրջանցել պաշտոնական ապահովագրության պահանջը։ Տուգանքը կկազմի 300 լարի։
«Զբոսաշրջության մասին» օրենքը նախատեսում է նոր կանոններ սահմանել տուրիստական ընկերությունների և զբոսավարների համար։ Գործող օրենքն ընդունվել է 1997 թվականին, և դրանից հետո միայն փոքր փոփոխություններ են կատարվել։