Հայաստանից Վրաստան ուղևորափոխադրումներով զբաղվող խոշոր ընկերություններից մեկը ժամանակավորապես փոխել է Երևան-Թբիլիսի երթուղին՝ Տավուշի մարզում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները։
Ապրիլի 19-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 20-ին ճանապարհը բացելուց հետո գյուղացիները հավաքվել են համայնքապետարանում, և առաջարկություններ են մշակում Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ։ Նրանք նշում են, որ ներկայացված տարբերակով գյուղի հետագա գոյությունն անհնար է դառնում։
Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը նախատեսված է մարտի 22-ին` ժամը 18։00–ին։ Ներկա պետք է լինեն Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր և Ոսկեպար գյուղերի վարչական ղեկավարները և սահմանային իրավիճակից տեղյակ գյուղացիները։
Ընկերությունում նշել են, որ հիմնական երթուղու դեպքում ավտոմեքենաներն անցնում են Աբովյան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածով և դուրս գալիս Վրաստանի հետ սահման՝ Բագրատաշեն գյուղի մոտ:
Սակայն սահմանազատման և Տավուշի մարզում ստեղծված իրավիճակի պատճառով ընկերությունը փոխել է երթուղին։ Ներկայումս ուղևորափոխադրումներն իրականացվում են երկու ուղղություններով:
Դրանցից մեկով երթուղին սկսվում է Երևանից, այնուհետև կրկին անցնում են Աբովյան-Սևան-Դիլիջան ճանապարհով, ապա վարորդները շարունակում են ճանապարհը դեպի Վանաձոր և Ալավերդիով դուրս գալիս Վրաստանի հետ սահման: Այս ճանապարհը 30 կմ-ով ավելի երկար է Նոյեմբերյանով անցնող ճանապարհից։ Երկրորդ երթուղով Երևանից Թբիլիսի հասնելու համար ավտոմեքենաներն անցնում են Ապարան – Սպիտակ – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահմանով:
Ընկերությունում չեն բացառում, որ սահմանազատումից հետո, հնարավոր է, ընդհանրապես հրաժարվեն Իջևանով և Նոյեմբերյանով անցնող ճանապարհից: