Վրաստան. CENN-ը մեկնարկում է ԵՄ-ի դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված սոցծառայությունների բարելավմանը

Վրաստան. CENN-ը մեկնարկում է ԵՄ-ի դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված սոցծառայությունների բարելավմանը

«Չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին ու արժեքներին». ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում զերծ մնալ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից

ԵՄ-ն ապրիլի 17-ին Վրաստանին կոչ է արել ձեռնպահ մնալ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքերով՝ այս օրենքը «կարող է վտանգել դեպի ԵՄ Վրաստանի ճանապարհը. ճանապարհ, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությանը»:

Ավելի վաղ նույն օրը  Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ չնայած զանգվածային բողոքներին եւ Եվրոպական միության կողմից նման օրենսդրությունը հետ կանչելու բազմակի կոչերին։

«Սա շատ մտահոգիչ զարգացում է, եւ այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա ԵՄ ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա։ Այս օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին ու արժեքներին»,- հայտարարել է Բորելը։

Նա հավելել է, որ Վրաստանն ունի կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը նպաստում է ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ երկրի հաջող առաջընթացին։

«Առաջարկվող օրենքը կսահմանափակի քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ազատ գործելու հնարավորությունը, կարող է սահմանափակել խոսքի ազատությունը եւ անարդարացիորեն խարանել այն կազմակերպություններին, որոնք օգուտ են տալիս Վրաստանի քաղաքացիներին»,- ասել է նա:

ԵՄ. «Պատշաճ հանրային առողջությունն ուժեղ տնտեսությունների եւ հասարակությունների հիմքն է ամբողջ աշխարհում»

Ապրիլի 7-ին նշվող Առողջության համաշխարհային օրը Եվրոպական միությունը նշել է «Իմ առողջությունն իմ իրավունքն է» կարգախոսի ներքո։

Այս տարվա խորագրով ընդգծվում է, որ «որակյալ առողջապահական խնամքի հասանելիությունը հիմնարար իրավունք է»։

«Սա այն հիմնարար սկզբունքն է, որի հիման վրա ձեւավորվել է ամուր Եվրոպական առողջապահական միությունը, որը մենք կառուցում ենք 2020 թվականից ի վեր»,- ասել է Առողջապահության եւ սննդի անվտանգության հարցերով եվրոպական հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը:

Նա հավելել է, որ «այս գործողությունները չեն կարող սահմանափակվել ԵՄ սահմաններով»։

Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն իր Առողջապահության գլոբալ ռազմավարության միջոցով մինչեւ 2027 թվականը 4,4 միլիարդ եվրո է ներդնում գործընկեր երկրներում՝ ամբողջ աշխարհում մարդկանց առողջությունը բարելավելու, առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն առաջ մղելու եւ ավելի ուժեղ գլոբալ առողջապահական համակարգին ուղղված աշխատանքներին աջակցելու համար:

«Յուրաքանչյուր քաղաքացու համար պատշաճ հանրային առողջապահությունն ուժեղ տնտեսությունների եւ հասարակությունների հիմքն է ամբողջ աշխարհում»,- նշել է Ստելլա Կիրիակիդեսը:

Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավարը ստանձնել է իր պարտականությունները

Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) նոր ղեկավար Բեթինա Պատրիսիա Բուգանին ապրիլի 6-ին ժամանել է Թբիլիսի՝ ստանձնելու իր պարտականությունները։

Եվրոպական միության խորհուրդը Բեթինա Պատրիսիա Բուգանիին այս պաշտոնում նշանակել է 2024 թվականի մարտի 26-ին։ Նա կպաշտոնավարի մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 14-ը:

«Ես ուրախ եմ եւ հպարտ որպես ԵՄԴԱ ղեկավար իմ աշխատանքը սկսելու առթիվ: Իմ մասնագիտական կարիերայի 35 տարիների ընթացքում ես առաջնորդվել եմ անվտանգության, խաղաղության եւ կայունության խթանման հանձնառությամբ: Ինձ համար պատիվ է ղեկավարել ավելի քան 300 աշխատակիցներից բաղկացած նվիրյալների թիմը, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով շուրջօրյա հիմունքներով նպաստում են Վրաստանում կայունությանն ու անվտանգությանը»,- ասել է առաքելության ղեկավարը Վրաստան ժամանելուն պես: «Հուսով եմ, իմ ղեկավարմամբ կաջակցեմ նրանց նման կարեւոր առաքելության մեջ, որն օգնում է բարելավել հակամարտությունից տուժած բնակչության առօրյան եւ վստահություն ձեւավորել համայնքների միջեւ»:

Բեթինա Պատրիսիա Բուգանին Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի սպա է եւ ունի ղեկավարման եւ միջազգային հարաբերությունների մեծ փորձ: Նա տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Միավորված ազգերի կազմակերպությունում եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունում:

Նախորդիվ նա ներգրավված է եղել զգայուն քաղաքական եւ անվտանգության համատեքստերում հակամարտությունների կանխարգելման, միջնորդության եւ խաղաղության պահպանման գործում որպես MINUSMA-ի՝ Մալիում ՄԱԿ-ի բազմաչափ ինտեգրված կայունացման առաքելության ոստիկանության հանձնակատար։

Մեկնարկում է «EU4Digital» ակադեմիայի առաջին թվային դասընթացը

«EU4Digital» ծրագիրը հրավիրում է Ուկրաինայի քաղաքացիներին ու փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ գրանցվելու նորաստեղծ «EU4Digital» ակադեմիայի շրջանակում հասանելի առաջին թվային դասընթացին:

«Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» թեմայով առցանց դասընթացը հարմար եւ օգտակար է այն սովորողների համար, ովքեր չունեն էլեկտրոնային կոմերցիայի մասին նախնական գիտելիքներ, բայց ցանկանում են գնալ այդ ճանապարհով, կամ ովքեր իրենց երկրում արդեն իսկ զբաղվում են ապրանքների առցանց վաճառքով, բայց ցանկանում են դա անել նաեւ Եվրոպական միության (ԵՄ) երկրներում։

«Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» դասընթացի նյութերը բացատրում են, թե որոնք են ԵՄ էլեկտրոնային կոմերցիայի հիմնական հարթակները, ինչպես ընտրել ամենահարմար հարթակը, ինչպես գրանցվել, սկսել վաճառքը ու գլուխ հանել ԵՄ-ի կանոնակարգերից, օրինակ՝ ԱԱՀ եւ մաքսային ոլորտներում:

10-ժամյա ինքնակառավարվող դասընթացը հասանելի է անգլերեն եւ ուկրաիներեն լեզուներով:

Դասընթացը հասանելի է atingi հարթակում: Գրանցվելու համար պետք է ստեղծեք atingi օգտահաշիվ:

«EU4Digital» ակադեմիայի բոլոր դասընթացների մասնակիցները կստանան ԵՄ պահանջներին համապատասխան միկրոհավաստագիր–պիտակ (badge): Յուրաքանչյուր պիտակ հետագայում կարող է ցուցադրվել սոցիալական ցանցերում կամ ինքնակենսագրականում՝ որպես ձեռք բերված նոր հմտությունների եւ գիտելիքների ստուգելի ապացույց:

«EU4Digital» ակադեմիայի «Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ շուկաներում» դասընթացի՝ Մոլդովային, Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին հարմարեցված բոլոր տարբերակները կգործարկվեն այս տարի ավելի ուշ: Դասընթացներից յուրաքանչյուրը կհարմարեցվի որոշակի երկրի կարիքներին եւ կկազմվի համապատասխան ազգային լեզվով:

Վրաստան. CENN-ը մեկնարկում է ԵՄ կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված սոցիալական ծառայությունների բարելավմանը

Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցը (CENN) հայտարարում է դրամաշնորհային մրցույթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ), սոցիալական առաքելություն ունեցող մասնավոր հատվածի ներկայացուցիչների եւ սոցիալական ծառայություններ մատուցողների համար:

Հայտերի ընդունումը մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության հզորացում՝ խթանելու ներառական վերականգնումը COVID-ից հետո» ծրագրի շրջանակում։

Մրցույթի նպատակն է աջակցել համայնքային կարիքներին ուղղված գենդերային առումով զգայուն նախաձեռնություններին եւ բարձրացնել որակյալ սոցիալական ծառայությունների հասանելիությունը, ամրապնդել իրավատերերին, բարելավել խոցելի խմբերի կյանքը եւ օգտագործել թվային լուծումներ իրավունքների պաշտպանության համար:

Պահանջվող դրամաշնորհի գումարը պետք է կազմի 5 000-ից մինչեւ 13 000 եվրո:

Ծրագիրը խորհրդատվական եւ տեղեկատվական հանդիպումներ կանցկացնի թիրախային համայնքներում: Ժամանակացույցը հասանելի է այստեղ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը։

ԵՄ քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամներն այցելել են Վրաստան

Ապրիլի 10-11-ն աշխատանքային այցով Վրաստանում էին Եվրոպական միության Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները, որոնք պատասխանատու են ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության համար:

Կոմիտեի ղեկավար, դեսպան Դելֆինա Պրոնկի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի, խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Կոմիտեի անդամները եղել են նաեւ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունում (ԵՄԴԱ Վրաստան) եւ վարչական սահմանագծում։

Տարածաշրջանային այցն ավելի մեծ ճանապարհորդության մաս էր կազմում՝ ներառյալ հանդիպումները Հայաստանում (ապրիլի 8-9-ին), ինչպես նաեւ Ադրբեջանում (ապրիլի 11-12-ին), եւ նպատակ ուներ ամրապնդել տարածաշրջանի գործընկերների հետ երկխոսությունը:

Պատվիրակությունը կարեւորել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի կողմից Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու պատմական որոշումից հետո Վրաստանի կողմից պահն օգտագործելը՝ ԵՄ-ին ինտեգրվելու իր ճանապարհին։

Կոմիտեի անդամները հիշեցրել են անդամակցության գործընթացի՝ արժանիքների վրա հիմնված բնույթը եւ Վրաստանի իշխանություններին կոչ են արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ նպատակին հասնելու համար:

«Անհրաժեշտ բարեփոխումներն ու առաջընթացը պետք է իրականություն դառնան առանց ուշացումների եւ ամբողջ հասարակության մասնակցությամբ՝ ներգրավելով կառավարությանը, բոլոր քաղաքական կուսակցություններին եւ քաղաքացիական հասարակությանը»,- ասվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ «Ժամանակը կարճ է, եւ այժմ ժամանակն է իրականացնել ինը քայլերը եւ խուսափել ցանկացած որոշումից, որը կարող է խոչընդոտ դառնալ դեպի ԵՄ տանող ճանապարհին»:

Կոմիտեի անդամները Վրաստանի իշխանությունների հետ կիսվել են նաեւ որոշ վերջին նախաձեռնությունների, այդ թվում՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի շուրջ իրենց մտահոգություններով։

Ինչ վերաբերում է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ԵՄ-ն ողջունել է Վրաստանի կառավարության՝ ԺՀՄԻԳ դիտորդներ հրավիրելու որոշումը եւ հիշեցրել ազատ եւ արդար ընտրությունների անհրաժեշտությունը։

ԵՄ-ն եւ Գերմանիան աջակցում են Աջարիայի ջրամատակարարման եւ կոյուղաջրերի համակարգերի բարեկարգմանը

ԵՄ-ի եւ Գերմանիայի աջակցությամբ ապրիլի 10-ին Օչխամուրիում (Քոբուլեթ համայնքի) մեկնարկել է «Աջարիայի գյուղական բնակավայրերի ջրամատակարարում եւ կոյուղաջրերի մաքրում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ժամանակակից ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգեր ստեղծել Աջարիայի 39 գյուղական բնակավայրերում:

Մեկնարկը նշանավորվել է Քոբուլեթում ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկով։ Քաղաքի առանձին տարածքներում նախատեսվում է կառուցել յոթ ջրամբար, ջրառի երեք եւ մաքրման հինգ կայան:

Շինարարական աշխատանքներ են նախատեսվում նաեւ Խուլո, Շուախեւի, Քեդա եւ Խելվաչաուրի համայնքներում։

Ծրագիրը կիրականացվի KfW զարգացման բանկի (43 մլն եվրո) եւ Եվրոպական միության (6,95 մլն եվրո) համաֆինանսավորմամբ եւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության տեղական ներդրմամբ (54,6 մլն եվրո):

Միջոցառումները կբարելավեն մարզում հիգիենայի եւ առօրյա կյանքի որակը, կխթանեն զբոսաշրջության զարգացումը։

Վիլնյուսի Եվրոպական հումանիտար համալսարանը հայտարարում է 2024թ. Գենդերային հետազոտությունների միջազգային գիտաժողովի համար աբստրակտների մրցույթ

Եվրոպական հումանիտար համալսարանը (ԵՀՀ) Եվրոպական միության աջակցությամբ հայտարարել է «Գենդերային հետազոտությունների միջազգային գիտաժողով 2024. սեռը, ընտանիքը եւ սերը ճգնաժամային ժամանակներում» միջոցառման համար աբստրակտների մրցույթ։ Համաժողովը տեղի կունենա ս.թ. մայիսի 24-ին ԵՀՀ տարածքում (Վիլնյուս, Լիտվա) եւ առցանց:

ԵՀՀ-ն հրավիրում է կարիերայի ցանկացած փուլում գտնվող հետազոտողների՝ մասնագիտությունների լայն շրջանակից, ինչպես նաեւ ցանկացած ազգության պրակտիկ մասնագետների, ակտիվիստների եւ ուսանողների, ովքեր զբաղվում են գենդերային խնդիրների հետ կապված աշխատանքով՝ քննարկելու դժվարին ժամանակներում գենդերային դինամիկայի փոխակերպումները եւ դրանց բազմաթիվ հատումները, ինչպես նաեւ ներկայացնելու իրենց հետազոտության արդյունքները։

Գիտաժողովը կփորձի պատասխանել հետեւյալ հարցերին.

  • ինչպիսի՞ փոփոխություններ են կրում գենդերային կարծրատիպերը եւ ագենտները ճգնաժամերի ժամանակ,
  • որո՞նք են գենդերային առաջնորդության հետեւանքները ճգնաժամից տուժած տարածքներում դիմակայունության եւ վերականգնման համար,
  • ի՞նչ փոխկապակցվածություն կա ռոմանտիկ կապերի եւ կյանքի ընտրության, քաղաքական համերաշխության գործելակերպերի եւ ինքնության միջեւ,
  • ինչպե՞ս են ճգնաժամերը ազդում գենդերային ուժի դինամիկայի եւ ճնշումների համակարգերի վրա,
  • ինչպե՞ս են ազդում պատերազմը, պոպուլիզմը եւ բռնությունը սեռական երեւակայությունների եւ սովորույթների վրա։

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 26-ը։ Խնդրում ենք ուղարկել ձեր աբստրակտը՝ օգտագործելով այս ձեւանմուշը: Աշխատանքային լեզուն անգլերենն է։ Ռիսկային գոտիներում գործունեություն ծավալող գիտնականների, ասպիրանտների եւ անկախ հետազոտողների համար հասանելի կլինեն մի քանի ճամփորդական դրամաշնորհներ։

Եվրոպական հումանիտար համալսարանը խթանում է քաղաքացիական հասարակության զարգացումը հումանիտար գիտությունների եւ ազատական արվեստի միջոցով Բելառուսի եւ տարածաշրջանի ուսանողների համար՝ համախմբելով նրանց եւ առաջարկելով որակյալ ուսումնառության միջազգային փորձ: ԵՀՀ բազմադոնոր տրաստային հիմնադրամը ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Belarus՝ Աջակցություն Եվրոպական հումանիտար համալսարանին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Լիտվայի Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության կողմից:

Radio NOR · Վրաստան. CENN-ը մեկնարկում է ԵՄ-ի դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված սոցծառայությունների բարելավմանը

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։