Սաթխա գյուղում ապրիլի 18-ին սկսվել է ներքին ճանապարհի ասֆալտապատումը։ Սաթխա գյուղում 880 մետր ճանապարհ կասֆալտապատվի:
Radio NOR-ը կապ է հաստատել Ջավախավտոգզա ՍՊԸ-ի ղեկավար Գեորգի Ինասարիձեի հետ։ Նրա խոսքով, լավ եղանակները սկսվելուն պես լայնածավալ աշխատանքներ կսկսվեն։ Այս պահին կատարվում են քարերի հեռացում, ճանապարհի հարթեցման աշխատանքներ։ Հարցին, թե պատրաստվում են ջրահեռացման ջրանցքները կառուցել, Ինասարիձեն պատասխանեց, որ սկզբում ճանապարհի հարթեցման աշխատանքներն են ընթանում, ապա դա կախված կլինի ասֆալտապատումից։
2023 թվականի հուլիսին NOR ռադիոն հրապարակեց հոդված, որտեղ Սաթխա գյուղի բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնում տեղական ճանապարհների վատ վիճակի վերաբերյալ։
Լուսանկար 2024 թվականի մարտի արխիվից
Բնակիչները նշել էին ճանապարհների հատկապես անմխիթար վիճակը անձրևների ժամանակ, երբ անհնար է ճանապարհով անցնել ո՛չ ոտքով, ո՛չ մեքենայով։ Հատկապես կրիտիկական է համարվում գերեզման տանող ճանապարհը, որի հետևանքով մեքենաները փչանում են և անվադողերը պայթում։ «Մենք գումար ենք ծախսում մեքենաների վերանորոգման վրա, բայց ի՞նչ իմաստ ունի մեքենան վերանորոգել, եթե մի երկու օր անց այս ճանապարհով վարելիս նորից ամեն ինչ դառնում է նույնը»,- ասում են բնակիչները։
Սաթխա գյուղի ասֆալտապատման համար հատկացվել է 840 000 լարի
Նշենք, որ 2024 թվականին Սաթխա գյուղի ասֆալտապատման համար հատկացվել է 840 000 լարի, պետական բյուջեից՝ 95%, իսկ տեղական բյուջեից՝ 5%։ Ժդանովական-Սամեբա-Սաթխա ճանապարհների վերանորոգման համար հայտարարվել է ընդհանուր մրցույթ՝ 3 146 298 լարիի չափով։ 3,060,000 լարիի չափով մրցույթում հաղթող է ճանաչվել Ջավախավտոգզա ընկերությունը։ Ներկայումս քաղաքապետարանի և ընկերության միջև պայմանագիր է նախապատրաստվում(NAT230027429). ։