Այսօր Հայաստանում Շիրակի մարզի բնակիչները սահմանային Բավրա գյուղի միջպետական անցակետում փակել են ՀՀ-Վրաստան մայրուղին: «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները մի շարք մարդկանց հետ փակել են Օձուն–Ալավերդի և Գյումրի–Բավրա ճանապարհները։ Փոխանցում է yerkir.am–ը։
«Այս պահին մոտ մեկ ժամ է, ինչ փակ է ճանապարհը: Ճանապարհը փակելով՝ Շիրակի մարզի բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում պայքարող իրենց հայրենակիցներին: Բնականաբար՝ խնդիրը միայն Տավուշի մարզին չի վերաբերում, այն համահայաստանյան, համահայկական է, և մենք բոլոր միջոցներով պետք է պայքարենք ի պաշտպանություն մեր երկրի սահմանների անձեռմխելիության», – հայտարարել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 22–ի առավոտից Ոսկեպարի եկեղեցու տարածքում ականազերծման աշխատանքներ են ընթանում։ Ոսկեպարի բնակիչներից մեկը ավելի վաղ հայտնել էր, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին։
Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։
ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: