Վիճահարույց օրենքը՝ ինտեգրման խոչընդոտ․ հայազգի ուսանողուհի

Վիճահարույց օրենքը՝ ինտեգրման խոչընդոտ․ հայազգի ուսանողուհի

Վրաստանի տաբեր բուհերում սովորող ուսանողները սոցիալական ցացների իրենց էջերում արձագանքում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության` «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքը նորից օրակարգ բերելու որոշմանը: aliq.ge

Ուսանողներն իրենց գրառումներում և հայտարարություններում ընդգծում են «ռուսական օրենքի» ընդունման դեպքում սպասվող վնասաբեր հետևանքները: Նրանք, փաստացի, դեմ են արտահայտվում օրինագծին:

Այս նախաձեռնությանը միացել են նաև վրաստանյան բուհերում ուսանող ազգությամբ հայ երիտասարդները: Ուսանողուհի Օֆելիա Կարապետյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ «ռուսական օրենքի» ընդունումը Վրաստանում կարող է մի շարք բացասական հետևանքներ ունենալ, հատկապես՝ կրթության և էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման ոլորտներում։

«Այսօր Վրաստանում ապրող երիտասարդների զարգացմանն ու ոչ ֆորմալ կրթությանն ուղղված ծրագրերի մեծամասնությունը ֆինանսավորում են արտերկրյա դոնորները, ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործությամբ։ Վերջիններիս ազատ գործունեության խափանումը կհանգեցնի այն հնարավորությունների նվազեցմանը, որոնցից մինչև օրս օգտվել եմ ես ու իմ նման հազարավոր երիտասարդներ՝ ողջ երկրի մասշտաբով»,- ասում է Օֆելիան:

Օֆելիան որպես օրինակ նշում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ «Միասնություն բազմազանության մեջ» ծրագիրը, որի շրջանակներում Վրաստանի տարբեր քաղաքներում գործում է 15 երիտասարդական կենտրոն. «Կենտրոնների նպատակը երիտասարդների զարգացումն ու կրթությունն է, սերմանել նրանց մեջ ճիշտ արժեքներ, ինչը կարևոր է հատկապես մեր՝ էթնիկ փոքրամասնություններիս համար, նպաստել հանդուրժողականությանն ու լիարժեք ինտեգրմանը հասարակական, կրթական և այլ ոլորտներում»։

Նրա խոսքով, հենց այս ծրագրի շրջանակներում բազմաթիվ երիտասարդներ բացահայտել ու դեռ շարունակում են բացահայտել սեփական կարողությունները՝ տարբեր ոլորտներում, զարգացնում են ստեղծագործական մտածողությունը, մշակում և այնուհետև իրականացնում սեփական գաղափարները։

«Վրաստանում քիչ են հանդիպում ծրագրեր, որոնք այսքան արդյունավետ կերպով են աջակցում ոչ վրացալեզու երիտասարդներին։ Հատկանշական է նաև այն բացասական ազդեցությունը, որը կարող է ունենալ «ռուսական օրենքի» ընդունումը երկրում գործող ոչ վրացալեզու լրատվամիջոցների վրա, որոնք ֆինանսավորում են ստանում Արևմուտքից։ Դա իր հերթին կհանգեցնի էթնիկ փոքրամասնությունների շրջանում առանց այդ էլ մեծ խնդիր հանդիսացող տեղեկատվական վակուումի։ Այսպիսով՝ ավելի կբարդանա վերջիններիս ինտեգրման պրոցեսը երկրի քաղաքացիական կյանքին»,- հավելում է Օֆելիան:

Ի դեպ, «Վրացական երազանքը» «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ՝ չվերադառնալ նախագծին։

Օրենքի նախագիծը վերստին խորհրդարան բերելուց հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր են սկսվել․ քաղաքացիները ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։

Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։