Նինոծմինդայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Ապրիլի 24-ը համայն հայության սգո օր է. Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչությունը, քաղաքապետարանի, սակրեբուլոյի, առողջապահության, դպրոցների և տարբեր կազմակերպությունների աշխատակիցները Նինոծմինդայի Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 1,500,000 զոհերի հիշատակին։
Բնակչությունը նախ ներկա է եղել Նինոծմինդայի եկեղեցում մատուցված պատարագին, ապա հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Միջոցառում տեղի ունեցավ նաև Նինոծմինդայի մշակույթի տանը, որտեղ երիտասարդները ցեղասպանությանը նվիրված հայկական պարերով, երգերով ու բանաստեղծություններով, իրական պատմության վրա հիմնված բեմադրված տեսարանով ևս մեկ անգամ հիշեցրին հանդիսատեսին հիշողության կարևորության մասին ու հայ ժողովրդի ցավը: Ներկաներից յուրաքանչյուրի աչքերում արցունք ու ներքին վիշտ կար։
Հակիրճ Հայոց ցեղասպանության մասին
Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։