Երաժշտական դպրոցները վճռորոշ դեր են խաղում տաղանդների բացահայտման, հարուստ կրթություն տրամադրելու, ստեղծագործելու խթանման և երաժշտական ավանդույթների պահպանման գործում:
Երաժշտական դպրոցները առաջարկում են մասնագիտացված ուսուցում, փորձառու մասնագետների հասանելիություն, համագործակցելու և ելույթ ունենալու հնարավորություններ՝ ի վերջո նպաստելով հասարակության մշակութային լանդշաֆտի հարստացմանը:
Այդ նույն ձգտումներով է շարժվում Նինոծմինդայի երաժշտական դպորցը, որը բացահայտում է տաղանդների, կրթում է սերունդներ և հասարակությանը տալիս ճիշտ երաժշտական հնչյուններ։ Բացի այդ, երաժշտական դպրոցը մասնակցել և մասնակցում է բազմաթիվ փառատոնների` նվաճելով հաղթանակներ։
NOR ռադիոկայանը փորձեց պարզել, թե ո՞րն է Նինոծմինդայի երաժշտական դպրոցի հաջողությունների գաղտնիքը` դաշնամուրի ուսուցչուհի Աննա Ղարսլյանը պատասխանեց.
«Մենք առաջին հերթին անընդհատ աշխատում ենք մեր վրա, որպեսզի կարողանանք աշխատել երեխաների հետ։ Բացի այդ մենք կոլեգաներս միմյանց հետ կապի մեջ ենք, համախմբված ենք։ Սա շղթայական աշխատանք է, և այնպես չէ, որ ես միայն աշխատում եմ իմ աշակերտների հետ և վերջ։ Առաջին փուլը մենք միշտ պետք է անցնենք Վարդուհի Եղիշեվնայի մոտ։ Աշակերտները արդեն գիտեն, եթե անցան տնօերենի մոտ և ստացան տնօրենի հավանությունը, ուրեմն անցած են։ Նաև կարևոր է կապը ուսուցչի և ծնողի միջև»։
Խոսելով հաջողությունների մասին` հարկ ենք համարում նշել, որ օրերս Նինոծմինդայի Երաժշտական դպրոցը մասնակցել է «Ապագա աստղեր» բարձրակարգ երաժշտական փառատոնի և նվաճել պատվավոր հորիզոնական։
Դաշնամուրի ուսուցչուհի Իզաբելլա Նազարյանն էլ ասում է, որ միշտ փնտրում են տաղանդավորներին որպեսզի միշտ բարձունքների հասնեն։
«Նմանատիպ բարձր մակարդակի փառատոնի մասնակցելը ոչ բոլորին է հաջողվում և սա մեզ համար մեծ պատիվ է, որովհետև տեսնելով մեր հաջողությունները շատերը արդեն ցանկանում են մասնակցություն ցուցաբերել»։
Երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Նման մասշտաբային և լուրջ փառատոնի մասնակցելը առաջին հերթին մեծ անուն է, մեծ վաստակ և մեծ քայլ դեպի առաջ»։
Տնօրենը նաև պատմեց երգչախմբի առաջիկա անելիքի մասին։
Մանրամասները ստորև տեղադրված աուդիոնյութում .