ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ապրիլի 24-ին Վրաստանի քաղաքական առաջնորդներին կոչ է արել հետ կանչել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը։
«Ինչպես նախորդ տարի, ակնհայտ է, որ այս օրենսդրությունն անհամատեղելի է ԵՄ նորմերի եւ արժեքների հետ։ Դրա ընդունումը հարցականի տակ կդնի Վրաստանի առաջընթացը ԵՄ ճանապարհին»,- ասվում է Եվրոպական խորհրդարանի առջեւ Բորելի ելույթի խոսքում՝ հնչեցված ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի կողմից:
«Վրացիներն ապագա ունեն Եվրոպական միությունում։ Նախորդ տարվա դեկտեմբերին թեկնածու երկրիի կարգավիճակի շնորհումը մեր հարաբերությունները սերտացրեց առավել, քան երբեւէ։ Մեր դուռը բաց է, ուստի ես կոչ եմ անում Վրաստանի առաջնորդներին արդարացնել քաղաքացիների սպասումները եւ երկիրը չշեղել ԵՄ ուղուց»,- ասել է Լենարչիչը՝ Բորելի անունից։
Նա հավելել է, որ Վրաստանի կողմից իրականացման ենթակա աշխատանքը, ներառյալ՝ ինը քայլերը, սահմանված են Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականի նոյեմբերին ընդունված իր ընդլայնման զեկույցում։
ԵՄ-ն Վրաստանի առաջնորդներին կոչ է արել «ձեւավորել ազգային կոնսենսուս Եվրոպական միությանն անդամակցելու նպատակի շուրջ». «Բոլոր քաղաքական առաջնորդների համար հրամայական է բեւեռացման նվազեցումն ու միմյանց եւ քաղաքացիական հասարակության հետ դրական եւ կառուցողական համագործակցություն ունենալը»:
Ապրիլի 23-ին Եվրոպական միությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Թբիլիսիում անցկացրել են համատեղ «Ֆինանսական եւ ներդրումային պատրաստության ակադեմիա»-ի առաջին աշխատաժողովը։
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրի շրջանակում գործարկված ակադեմիայի նպատակն է վրացական համայնքներին ապահովել ԵՄ-ում հասանելի ֆինանսավորման եւ ներդրումային գործիքների օգտագործման համար անհրաժեշտ ուսուցմամբ եւ աջակցությամբ։
Վերապատրաստումը եւ ուսուցումը համայնքային իշխանություններին կօգնեն գնահատել իրենց առկա ֆինանսական մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել ԵՄ համապատասխան գործիքներին: Ծրագիրը նրանց կօգնի նաեւ արդյունավետ դիրքավորման ռազմավարություն մշակելու եւ մրցունակ ներդրումային գաղափարներ եւ նախագծերի առաջարկներ կազմելու հարցերում:
Ներկայումս ակադեմիային մասնակցում են Վրաստանի 11 համայնքներ, որոնք ընտրվել են մրցութային ընթացակարգով։
ՀՀՏԶ ծրագիրը հիմնված է 2017 թվականին Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկած «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) նախաձեռնության վրա։ 2021 թվականից ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀՀՏԶ ծրագիրը կառավարվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ԵՄ-ի, տեղական իշխանությունների եւ մի շարք տարբեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
ԵՄ-ն, ՄԱԿ-ը եւ Ավստրիան Վրաստանում մեկնարկել են օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախագիծ
Եվրոպական միությունը եւ ՄԱԿ-ի երեք գործակալություններ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության (UBA) հետ համատեղ մեկնարկել են նոր նախագիծ՝ ուղղված Վրաստանում օդի որակի բարելավմանը եւ հանրային առողջության պահպանմանը:
Միավորված ազգերի կազմակերպության կողմից նախագծին միացել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (UNECE)։
Ծրագրի նպատակներից են՝ օդի որակի վերահսկողության ցանցի ուժեղացումը եւ օդի որակի մոնիտորինգի, մոդելավորման եւ կանխատեսման կարողությունների ամրապնդումը:
Ծրագիրը նաեւ կօգնի Վրաստանին ստեղծել ազգային տեղեկատու լաբորատորիա եւ իրականացնել արդյունաբերական արտանետումների կարգավորման՝ միջազգային փորձին համապատասխան արդյունավետ ռազմավարություններ:
4 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով նախագիծը կգործի մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:
ԵՄ դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավարը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
Ապրիլի 18-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ընդունել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) նորանշանակ ղեկավար Բետինա Պատրիսիա Բուգանիին։
Հանդիպման ընթացքում առաքելության ղեկավար Բուգանին ընդգծել է ԵՄ առաքելության հանձնառությունը Վրաստանում կայունությանն ու խաղաղությանը։
Առաքելության ղեկավարը նաեւ օգտագործել է հնարավորությունը՝ ընդգծելու առաքելության կողմից կառավարվող «Թեժ գծի» եւ Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման եւ արձագանքման մեխանիզմի՝ որպես անվտանգության եւ վստահության ամրապնդմանը նպաստող կարեւոր գործիքների կարեւորությունը:
Վարչապետ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել առաքելությանը Վրաստանում կայունության, անվտանգության եւ խաղաղության ապահովման գործում շարունակական նվիրվածության եւ ներդրման համար։ Նա հաստատել է իր աջակցությունը Վրաստանի ողջ տարածքում առաքելության մանդատի լիարժեք իրականացմանը։
Երիտասարդ շրջանավարտների համար վճարվող պրակտիկայի հնարավորություն Վրաստանում ԵՄ պատվիրակությունում
Վրաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է միջազգային եւ ԵՄ-Վրաստան հարաբերություններով ու դիվանագիտական առաքելության աշխատանքով հետաքրքրված երիտասարդ շրջանավարտներին՝ դիմելու Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնում մինչեւ վեց ամիս տեւողությամբ պրակտիկայի համար։ Պրակտիկան մեկնարկում է ս.թ. հոկտեմբերին։
Համագործակցության բաժինը կառավարում է ԵՄ-ի կողմից Վրաստանին տրամադրվող երկկողմ զարգացման աջակցության պորտֆելը, որի բյուջեն միջինում հասնում է մոտ 100 միլիոն եվրոյի, իսկ իրականացման ընթացքում գտնվող ծրագրերի քանակը՝ տարեկան 200-ի: Բաժինը Վրաստանին օգնում է դեպի ԵՄ ճանապարհին (մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի 2023թ. ընդլայնման զեկույցում նշված ինը քայլերի ուղղությամբ) առաջընթացի, ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, ինչպես նաեւ Տնտեսական եւ ներդրումային ծրագրի իրականացման հարցերում։
Ընտրված պրակտիկանտը կաջակցի ընդլայնման գործընթացին առնչվող աշխատանքներին, ինչպես նաեւ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման վերաբերյալ զարգացումների մոնիտորինգին, վերլուծությանն եւ զեկուցմանը, հատկապես՝ ժողովրդավարացման (մասնավորապես՝ ընտրությունների) ոլորտների եւ առաջընթացի 9 քայլերի ուղղությամբ։
Թեկնածուն պետք է գերազանց տիրապետի անգլերենին (նվազագույնը՝ C1 մակարդակ) եւ ունենա քաղաքագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, հասարակական գիտությունների, ԵՄ հանրային կապերի, հաղորդակցության կամ համարժեք բնագավառներում մագիստրոսի կոչում: Պահանջվում են նաեւ թե բանավոր, թե գրավոր գերազանց հաղորդակցման հմտություններ, ինչպես նաեւ վրացական քաղաքական համատեքստին քաջածանոթություն: Վրացերեն եւ ռուսերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Յուրաքանչյուր ընտրված պրակտիկանտ կստանա 600 եվրո ամսական դրամաշնորհ՝ կեցության ծախսերը հոգալու համար: Ճանապարհորդության, վիզայի, ապահովագրության, կացարանի հետ կապված բոլոր ծախսերը պետք է հոգա պրակտիկանտը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 10-ն է։
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ապրիլի 17-ից 19-ը կայացած Երիտասարդ առաջնորդների եվրոպական ֆորումին մասնակցել են քառասուն երիտասարդ եվրոպական դեսպաններ (YEAs)։
Ֆորումը հավաքել էր 150 երիտասարդների, ովքեր ակտիվորեն ներգրավված են երիտասարդների մասնակցության եւ ակտիվ քաղաքացիության խթանման գործում: Միջոցառման ողջ ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել շփվելու Եվրոպայի ողջ տարածքից քաղաքացիական հասարակության ակտիվիստների եւ հասարակական կարծիքի առաջատարների հետ:
Ֆորումը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից երկու տարին մեկ անցկացվող Եվրոպական երիտասարդական շաբաթվա (EYW) շրջանակներում։ Այն երիտասարդներին խրախուսում է ակտիվ մասնակցություն ունենալ Եվրոպայի գործունեությանն ու որոշումների կայացմանը եւ նրանց հնարավորություն է տալիս հանդիպել եվրոպացի առաջնորդների հետ, կիսվել իրենց կարծիքներով եւ ներկայացնել սեփական նախագծերը:
Վարշավայում պանելային քննարկմանն ու երկխոսության նիստերին մասնակցեցին երիտասարդ եվրոպական դեսպաններ Արեւելյան գործընկերության բոլոր երկրներից եւ ԵՄ-ից (Իտալիա, Հունաստան, Գերմանիա, Պորտուգալիա, Ռումինիա, Շվեդիա)։
Վրաստանը ներկայացնող դեսպաններից Նիկա Կրացաշվիլին ասել է. «Երիտասարդ առաջնորդների եվրոպական ֆորումը, որն անցկացվում է «Բարձրաձայնեք ձեր տեսլականը» կարգախոսի ներքո, երիտասարդների տեսակետներն արտահայտելու, անձնական կապեր հաստատելու եւ ընտրություններից դուրս ժողովրդավարական որոշումների կայացման գործում երիտասարդների ներգրավման վերաբերյալ ոգեշնչող փորձառության հետ ծանոթանալու ցնցող հարթակ է»։
Մոլդովան ներկայացնող Վալենտին Գերմանն էլ նշել է. «Երիտասարդ առաջնորդների եվրոպական ֆորումն ինձ համար այն է, ինչը ես անվանում եմ կատարյալ կրթական միջավայր, որն ինձ (եւ մեզ) առաջարկում է անձնական կապերի զարգացման հնարավորություններ, որոնք միավորում են երկրներին եւ մարդկանց՝ հանուն ապագա իմաստալից գործընկերություններ ստեղծելու եւ Եվրոպան ավելի լավ վայր դարձնելու ներուժի»։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (YEAs) նախաձեռնությունը միավորում է սոցիալապես ակտիվ երիտասարդներին Արեւելյան գործընկերության վեց երկրներից, Եվրոպական միությունից եւ Միացյալ Թագավորությունից՝ խթանելու երկխոսությունը եւ բարձրացնելու ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների հետ նրա համագործակցության մասին իրազեկվածությունը։
«EU4Culture» ծրագիրը մշակել է դրամաշնորհային առաջարկների պատրաստման առցանց դասընթաց Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար։ Թվային դասընթացը նպատակ ունի թեմայի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ եւ հմտություններ տրամադրել այն անհատներին, որոնք մշակութային գործունեություն եւ նախագծեր իրականացնելու նպատակով հետաքրքրված են ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսավորման հնարավորություններով։
Առցանց դասընթացի հիմնական լեզուն անգլերենն է՝ հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռումիներեն եւ ուկրաիներեն ենթագրերով։
Դասախոսությունները հասանելի կլինեն cases.media կայքում, որը ստեղծագործական հատվածի ներկայացուցիչներին տրամադրվող դասընթացների ճանաչված ուկրաինական բազա է ինչպես Ուկրաինայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Ուկրաինացի փորձագետների թիմի գլխավորությամբ անցկացվող առցանց դասընթացը ներառում է հետեւյալ թեմաները.
Դասընթացին մասնակցելու համար Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետներն ու մշակույթի ոլորտի մասնագետները պետք է լրացնեն եւ ներկայացնեն Կիեւի Չեխական կենտրոնի կայքում հասանելի ձեւաթուղթը։
Դիմելու ընթացակարգի մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են մրցույթի ուղեցույցում:
Առցանց դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները կստանան դասընթացի ավարտական վկայական:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է 2024 թվականի մայիսի 16-ին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով (CET) ժամը 23:59-ին:
2024 թվականի Նորարարության եվրոպական մայրաքաղաք. մրցույթը բաց է նաեւ Հայաստանի համար
Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է թվով տասներորդ Նորարարության եվրոպական մայրաքաղաք մրցանակաբաշխությունը (iCapital): Մրցանակը շնորհվում է եվրոպական այն քաղաքներին, որոնք իրենց քաղաքացիներին օգուտ բերող նորարարությունների առաջատարն են:
Մրցույթի շրջանակում կշնորհվի ընդհանուր առմամբ վեց մրցանակ երկու անվանակարգերում՝ «Նորարարության եվրոպական մայրաքաղաք» եւ «Ծագող նորարար քաղաք»:
2024 թվականի Նորարարության եվրոպական մայրաքաղաք ճանաչված քաղաքը կստանա 1 միլիոն եվրո: Ավելին, այս անվանակարգի հաղթողից հետո առաջին երկու տեղերը զբաղեցրած քաղաքները կպարգեւատրվեն յուրաքանչյուրը 100.000-ական եվրոյով:
«Ծագող նորարար քաղաք» անվանակարգում հաղթողը կպարգեւատրվի 500,000 եվրոյով, իսկ նրանից հետո առաջին երկու տեղը զբաղեցրածներից յուրաքանչյուրը՝ 50,000-ական եվրոյով։
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կհրավիրվեն միանալու EIC Prizes Alumni ցանցին՝ iCapital մրցույթի նախորդ հաղթողների հեղինակավոր խմբին՝ կիսվելու իրենց գիտելիքներով, քննարկելու ընդհանուր խնդիրները եւ միասին աշխատելու լուծումներ գտնելու ուղղությամբ:
Մրցույթին կարող են մասնակցել նվազագույնը 50,000 բնակիչ ունեցող քաղաքներ ԵՄ անդամ եւ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից եւ Մոլդովայից:
Մրցույթը բաց է մինչեւ 2024 թվականի հունիսի 18-ը, կենտրոնական եվրոպական ժամանակով ժամը 17։00-ն։
Ապրիլի 9-ին կկայանա հավանական դիմորդների համար նախատեսված առցանց տեղեկատվական հանդիպում, որին մասնակցելու համար կարող եք գրանցվել հատուկ կայքում:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։