Ուր նետել փչացած կարտոֆիլը

Ուր նետել փչացած կարտոֆիլը

Ախալքալաքի շրջանի գյուղերում մեծ քանակությամբ փչացած կարտոֆիլ է կուտակվել։ Ախալքալաքի սպասարկման կենտրոնը թույլ չի տալիս փչացած կարտոֆիլը նետել աղբամանները՝ պատճառաբանելով, որ Նինոծմինդայի աղբանոցը հրաժարվում է կարտոֆիլն ընդունել, սակայն «Կոշտ թափոնների կառավարում» ՍՊԸ-ից ասացին, որ կարտոֆիլ ընդունել են և ընդունում են։ Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը

Խոսպիո գյուղի բնակիչները դժգոհում են, որ սպասարկման կենտրոնը մոտ 10 օր է տարել է խանութի մոտ տեղադրված աղբամանը, և մոտակայքում ապրող բնակիչներն, աղբը թափելու համար, ստիպված են գնալ մյուս փողոց։

Բնակիչներից ոմանք պնդում են, որ սպասարկման կենտրոնը, խանութի մոտ տեղադրված աղբամանը, հեռացրել է, քանի որ, այնտեղ կարտոֆիլի տոպրակներ են նետում։ Ըստ գյուղի բնակիչների, աղբարկղը կոտրվել է, այն տարել են վերանորոգման ու չեն վերադարձնում։

yashik axbama

«Աղբամանն արդեն տասը օր է, ինչ չկա։ Ասում են, աղբարկղի անիվները տարել են նորոգելու, որոնք, իբր, վնասվել են այնտեղ նետված կարտոֆիլի ծանր պարկերից։ Ընդհանրապես, նրանց արգելված է կարտոֆիլ նետել աղբարկղերի մեջ, ասում են, փոս փորեք և գցեք այնտեղ։ Որտեղ փորենք, էլ ուրիշ անելիք չունենք, փոս ենք փորելու, հերիք չէ, որ վնասի մեջ ենք, կարտոֆիլը չենք կարողացել վաճառել, մի հատ էլ փոս փորենք»,- ասում է Խոսպիո գյուղի բնակիչներից մեկը։

Խոսպիոյի մեկ այլ բնակիչ էլ վրդովված է, որ թույլ չեն տալիս կարտոֆիլը աղբարկղը գցել։

«Ինչու կարտոֆիլը աղբ չէ, ինչու ամեն ինչ կարելի է, իսկ կարտոֆիլը՝ ոչ»,- ասում է նա։

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը Խոսպիո գյուղում ստեղծված իրավիճակը մեկնաբանում է այսպես.

«Մեքենայից, բարձրությունից, կարտոֆիլի պարկերը նետում են աղբարկղը ու ջարդում այն։ Խոսպիո գյուղի աղբարկղը կոտրվել էր հենց այդ պատճառով, և մենք այն հանեցինք տեղից։ Աղբարկղերի արժեքը 1000 լարի է։ Սպասարկման կենտրոնում արդեն 100-ից ավելի աղբաման կա, որոնք վնասվել են կարտոֆիլի պատճառով։ Ես հիմա պահեստային արկղեր չունեմ, հենց որ երկաթե աղբարկղեր ստանանք, դրանցից կդնենք Խոսպիոյում և այդ տեղում նույնպես։ Հուսով եմ, երկաթյաները չեն կոտրվի»,- ասում է Մխիթար Ռստակյանը։

svslka musor kartofel

Ընդհանրապես, աղբամանների մեջ կարտոֆիլ քիչ է լցվում, քանի որ մարդկանց զգուշացրել են, որ այնտեղ չնետեն։ Դրանք աղբամանների մեջ գցելը հարմար էլ չէ, քանի որ մարդիկ կարտոֆիլը թափում են տոննաներով, և դրանք չեն կարող տեղավորվել աղբամանի մեջ։ Այս տարի Ախալքալաքի շրջանի կարտոֆիլագործները չկարողացան վաճառել կարտոֆիլը, ու այն իրենց պահեստներում փչացան։ Մարդիկ դեն են նետել հազարավոր տոննա կարտոֆիլ: Ինչի հետևանքով էլ ձևավորվում են նոր արհեստական աղբավայրեր, կամ մեծացվում են գոյություն ունեցողները։

Սպասարկման կենտրոնը թույլ չի տալիս փչացած կարտոֆիլը նետել աղբամանները, պատճառաբանելով, որ աղբավայրում չեն ընդունում։ Մենք զանգահարեցինք Ախալցիխեի «Կոշտ թափոնների կառավարման» ընկերություն, որը տնօրինում է նաև Ախալքալաքի աղբավայրը, պարզելու, թե մարդիկ ինչ պետք է անեն փչացած կարտոֆիլի հետ։ Ընկերության ավագ օպերատոր Գուրամ Կեկիշվիլին մեզ ասաց, որ իրենք կարտոֆիլ ընդունում են։

«Մենք կարտոֆիլ ընդունում ենք, սակայն չենք ընդունում շիֆեր: Մենք աղբը չենք տեսակավորում, մենք այն կոմպոստավորում ենք և ծածկում հողով»,- ասագ Գուրամ Կեկիշվիլին։

Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը, մեր այն մեկնաբանությանը, որ «Կոշտ թափոնների կառավարման ընկերությունից» ասեցին, որ կարտոֆիլ ընդունում են, ասաց հետևյալը.

«Ինձ ասել են, որ չեն ընդունում: Վաղը 10-20 բեռնատար կարտոֆիլ կտանենք աղբավայր և տեսնենք, եթե հրաժարվեն, կզանգեմ ձեզ»,- ասաց Մխիթար Ռստակյանը։