Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան երիտասարդներ, ովքեր աշխատում կամ սովորում են Վրաստանի մեծ քաղաքներում՝ հիմնականում Թբիլիսիում և նրանցից քչերն են որ մասնակցում են վերջերս տեղի ունեցող ցույցերին։
Ապրիլի 4 -ից մինչև օրս Վրաստանի խորհրդարանի դիմաց դարձյալ սկսվել են ցույցեր կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի շուրջ, այնուամենայնիվ մայիսի 1 -ին խորհրդարանում արդեն երկրորդ ընթերցմամբ պաշտպանել են «Ռուսական օրենքը»։
Ինչքանով են ներգրաված Ջավախքի՝ հիմնականում Նինոծմինդայի երիտասարդները «Ռուսական օրենքի» դեմ ցույցերին ու ինչ ակնկալիքներ ունեն օրենքի ընդունման հետ կապված և ըստ իրենց ինչ կսպասվի օրենքի վերջնական հաստատումից հետո։ Այս և այլ հարցերի շուրջ NOR ռադիոկայանը զրուցեց Արտյոմ Քոսյանի հետ։
Արտյոմ Քոսյանը Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի առաջին կուրսի ուսանող է, արդեն 2 տարի է աշխատում է Վրաստանում գործող Ալիք Մեդիայում(aliq.ge), որպես օպերատոր և վերջերս հաճախ է հայտնվում Թբիլսիում ընթացող ցույցերի կիզակետում։
«Մատների վրա կարող եմ հաշվել մեր շրջանի երիտասարդներին ովքեր մասնակցում են ցույցերին։ Իմ կարծիքով չմասնակցելու պատճառներից մեկն էլ վախն է, որովհետև կան մարդիկ ում ծնողները աշխատում են քաղաքապետարանում, կամ ճնշումը, որ ասում են, քո ի՞նչին է պետք որ մասնակցում ես և այլն։ Իհարկե շատ մեծ հույսեր ունենք որ չի ընդունվի, հստակ ոչինչ չեմ կարող ասել, սպասենք ամսի 14 -ին։ Եթե ընդունվի ապա առաջին հերթին շատ վատ կանդրադառնա երիտասարդներիս վրա։ Ինձ ոչ մեկը չի ստիպել, կամ գումար տվել, որպեսզի մասնակցեմ այս ցույցերին, ես կամավոր եմ գնացել և մինչև վերջ էլ կգնամ։ Քանի որ մասնակցում եմ տարբեր ծրագրերի, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական և Ամերիկական երկրներում գործող կազմակերպություններից, ինչպիսիք են՝ «USAID», «GIPA Media LAB» և այլն։ Ինչպես նաև ֆինանսավորում եմ ստացել GIPA համալսարանում անվճար կրթություն ստանալու առումով։ Այդ օրենքի ընդունմից հետո ես կզրկվեմ թե կրթությունից և թե աշխատանքից»,- ասաց Քոսյանը։
Արտյոմ Քոսյանը աշխատանքի ընթացքում․
Արտյոմը խոսեց նաև լրագրության ասպարեզում աշխատելու և ցույցերը լուսաբանելու դժվարությունների շուրջ, հատկապես այն ժամերին երբ հատուկջոկատայինները փորձում են ցրել ցույցը, կիրառելով՝ արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և այլն։
Նինոծմինդայի ուսանողներից մեկը Քութայիսիից NOR ռադիոկայանին տրամադրել է լուսանկարներ և տեսանյութ «Ռուսական օրենքի» դեմ ընթացող ցույցերից։
Քութայիսիում անցկացվող ցույցերը ընդդեմ «գործակալների մասին» օրենքի․
Ակտիվիստ Աննա Շալիակիանին իր երեխաների հետ միասին կանգնած է դրսում ու պայքարում է «Ռուսական օրենքի» դեմ։
Կարդացեք նաև՝