
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան շատ խնդիրներ որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Այդպիսի անլուծելի խնդիրների վառ օրինակ ու փաստ է թափառող շների խնդիրը։
Թափառող շները անընդհատ հայտնվում են մի փողոցից մյուսը ու վախի մեջ պահում բնակիչներին։
Թափառող շները արդեն տևական ժամանակ Նինոծմինդայի Ռուսթավելի փողոցում են, ու ինչպես մեզ հայտնում է բնակիչը` 12 շուն ամեն առավոտ իրեն աշխատանքի են ուղեկցում։
Նշենք, որ թափառող շները հարձակվում են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների վրա։ Օրերըս նման դեպք տեղի էր ունեցել Նինոծմինդայի կենտրոնական այգում` թափառող շները հարձակվել էին երեխաների վրա։
Դեպքի ժամանակ Սերգեյ Ղարսլյանը ընկերների հետ եղել է այգում և, ցրելով շներին, օգնել է երեխաներին։
«Այնտեղ 4 մեծ շներ կային, եթե նրանք հարձակվեին երեխաների վրա, ամեն ինչ վատ կվերջանար»,- ասել է Սերգեյը NOR ռադիոկայանին տված հարցազրույցում։
NOR ռադիոկայանը բազմաթիվ անգամ լուսաբանել է թափառող շների խնդիրը, սակայն մինչ օրս խնդրին ոչ մի լուծում չի տրվել, 21-րդ դարում Նինոծմինդան այս առումով շարունակում է հետ մնալ ցիվիլիզացիայից։