Փոփոխություններ՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու քննական թեստերում

Փոփոխություններ՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու քննական թեստերում

Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար նախատեսված պատմության քննական թեստերից հանվել են Վարդերի հեղափոխության, Սաակաշվիլիի կառավարման տարիների և օկուպացիայի մասին հարցերը։

Վրաց լեզվի, Վրաստանի պատմության և սահմանադրական իրավունքի հիմունքների քննության նոր կանոններն ուժի մեջ են մտել 2024 թվականի մայիսի 1-ից։

Թեստերից հանվել են «որ երկիրն է օկուպացրել Վրաստանի տարածքի 20 տոկոսը», «որ երկիրն է ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո անկախությունը» հարցերը։

Միխեիլ Սաակաշվիլիի և նրա կառավարման տարիներին կատարված իրադարձությունների վերաբերյալ երեք հարցերը ևս հանվել են, մասնավորապես.

  • Ո՞ր թվականին է երկրում տեղի ունեցել Վարդերի հեղափոխությունը:
  • Ո՞վ է եղել Վրաստանի երրորդ նախագահը։
  • Ո՞վ է իշխանության եկել Վարդերի հեղափոխությունից հետո։

Նոր թեստերում հարցեր չկան նաև երկրի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի, ինչպես նաև Վրաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի մասին։ Հետևյալ հարցը ևս հանվել է․

Թվարկված երկրներից ո՞րն է Վրաստանի ռազմավարական գործընկերը՝ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Հարավ Աֆրիկյան հանրապետությունը, թե՞ Բրազիլիան։

Քաղաքացիություն ստանալ ցանկացողներին այլևս չի տրվի նաև այս հարցը․ ստորև թվարկվածներից ով է պարգևատրվել Վրաստանի ազգային հերոսի շքանշանով՝ Իոսիֆ Ստալինը, Լեխ Կաչինսկին, Վլադիմիր Պուտինը, թե Ուգո Չավեսը (ճիշտ պատասխանը՝ Կաչինսկին)»։

Նոր թեստերում ռուս-վրացական պատերազմի մասին ևս հարց չկա, սակայն կա հարց Շինդիսի պայքարի մասին։

Թեստերում հարց է ավելացվել Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, ընդգծվել է, որ այն ստորագրվել է 2014 թվականին՝ «Վրացական երազանքի» կառավարման ժամանակ։

Վրաստանի պաշտոնական գերատեսչությունները դեռ չեն մեկնաբանել թեստերում կատարված փոփոխությունները, որոնք հասարակության շրջանում արդեն բուռն արձագանքի են արժանացել։ aliq.ge