Վրաստանի վիզաների ազատականացման չեղարկումը բացառված չէ

Վրաստանի վիզաների ազատականացման չեղարկումը բացառված չէ

Մայիսի 8-ին ԵՄ անդամ երկրների դեսպանները Բրյուսելում ևս մեկ անգամ Վրաստանին առնչվող հարցեր են քննարկել, այդ թվում՝ այն հնարավոր զարգացումները, եթե Վրաստանն ընդունի «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»։

«Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը հայտնել է, որ «վիզաների ազատականացման կասեցումը բացառված չէ», և «բոլոր միջոցները դիտարկվում են»։

Հիշեցնենք. 2017 թվականին Վրաստանը տեղ է գրավել առանց վիզայի Եվրամիություն մուտք ունեցող երկրների ցանկում։

Ըստ Յոզվիակի՝ ​​ԵՄ անդամ մեծ թվով երկրներին օրեցօր ավելի են անհանգստացնում Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, և նրանք ցանկանում են, որ Եվրահանձնաժողովն ուսումնասիրի ու քննարկի երկրին վերաբերող մի շարք հարցեր։ Դրանց թվում է Եվրամիության կողմից Վրաստանին ֆինանսական աջակցության հարցը, ինչպես նաև լրացուցիչ, հավանաբար՝ միջանկյալ զեկույցը (հաջորդ զեկույցը պետք է հրապարակվի հոկտեմբերին):

Ի դեպ, 2024 թվականի ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը որոշում է ընդունել Վրաստանում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի» վերաբերյալ։

Ապրիլի 26-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրախորհրդարանի այս բանաձևի վերաբերյալ ասել է, որ դա «արժեք չունի»։ Ապրիլի 26-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ «վիզաների ազատականացումը չի չեղարկվի», իսկ բանաձևը «մի քանի եվրոպացի պատգամավորների կարծիքն է, որոնք զայրացած են վրաց ժողովրդի վրա»։

aliq.ge