Հավն էր սկզբում, թե՞ ձուն. վերջապես գիտնականները պատասխանել են բոլոր ժամանակների ամենատանջող հարցին.
Բոլոր ժամանակների թերևս մեծագույն հարցերից մեկը՝ հա՞վն էր սկզբում, թե՞ ձուն, վերջապես գտել է իր տրամաբանական ու հիմնավորված պատասխանը։
Նախ՝ նշենք, որ դեռևս հին հույն փիլիսոփաները փորձել են պատասխանել այս հարցին փիլիսոփայության տեսանկյունից։ Արիստոտելն, օրինակ, նշում էր, որ այս հարցն աշխարհի ամենաանիմաստ հարցերից է, քանի որ և՛ հավը, և՛ ձուն համարժեք են, ու նրանցից որևէ մեկը չի կարող առաջինը լինել։ Ի սկզբանե ձվից է ծնվում հավը և, միևնույն ժամանակ, հավն է ածում ձուն, դրա համար այս երկու միավորները պետք է ստեղծվեն միաժամանակ, որ երկուսն էլ կարողանան գոյություն ունենալ։
Սակայն գիտնականներն ու հետազոտողները լրիվ այլ կերպ են պատասխանել այս հարցին։ Նրանք նշում են, որ, միանշանակ, ձուն եղել է առաջինը։ Վերջին հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ոչ միայն մարդկության պատմությունն, այլ նաև թռչունների պատմությունն անցել է էվոլյուցիոն որոշակի զարգացում։
Այս էվոլյուցիայի հետևանքով պարզ է դառնում, որ հավը պարտադիր չէ, որ ծնվեր հենց հավի ձվից։ Ձուն ինքը հավաքական հասկացություն է, ու էվոլյուցիայի արդյունքում հավը կարող էր ծնվել լրիվ ուրիշ թռչունի ձվից, որը գենետիկ մուտացիայի արդյունքում կարող էր հավ ունենալ։ Այս պարագայում հիմնավորվում է, որ ձուն ավելի շուտ է գոյություն ունեցել, քան հավը։
Բացի դրանից՝ հետազոտությունները ցույց են տվել, որ ձվի գենետիկ բջիջներն ավելի վաղ են առաջացել ու դրանք հնարավոր չէ գտնել հավի մեջ։ Այսինքն՝ այն գենետիկ բջիջները, որոնք պարունակում է ձուն, ավելի հին են, քան հավի գենետիկ բջիջները, ինչից ենթադրվում է, որ ձուն ավելի վաղ ծագում ունի։
Գիտնականների այս փաստարկումը բավականին համոզիչ է ու ընդունվում է լայն մասսաների կողմից, չնայած նրանցից առաջ բրիտանացի գիտնականները վստահեցնում էին, որ ի սկզբանե եղել է հավը, ու հենց հավն էլ ձու է ստեղծել։ Ըստ նրանց փաստարկման՝ ինչ թռչնատեսակ որ լիներ, միևնույն է, փաստը մնում է փաստ, որ սկզբում եղել է ինչ-որ թռչուն, որն էլ հենց ածել է այդ բաղձալի ձուն։
Վերջին հետազոտությանը մասնակից գիտնականներն ամեն կերպ ժխտում են այս վարկածը՝ նշելով, որ ձուն կարելի է համարել մարդկության ու կենդանական պատմության մեջ առաջ եկած առաջին գոյացություններից մեկը, որից ծագել են շատ կենդանատեսակներ ու թռչնատեսակներ, այնպես որ, վիճել այս հարցի շուրջ անիմաստ է. ի սկզբանե եղել է ձուն և վերջ։
Նշենք, որ գլուխկոտրուկի բացահայտումից հետո BBC-ն լուսաբանեց մի աննախադեպ դեպք, երբ հավն առանց ձվի ունեցել է հավի ճուտ։ Ճուտը ծնվել էր ամբողջովին ձևավորված և առանց որևէ խնդրի, չնայած արդյունքում հավը ներքին օրգանական խնդիրների պատճառով սատկել էր։ Այս միջադեպով հայտնի լրատվականն ուզում էր ցույց տալ, որ պարտադիր չէ ձվի գոյությունը հավի գոյության համար։
Հետազոտողոները, սակայն, այս երևույթը համարեցին ուղղակի բացառություն և շարունակեցին պնդել իրենց կարծիքը։ Իսկ թե որ պնդմանն արդեն հավատալ, պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի ընտրությունը։