Թբիլիսիում «Եվրոպայի օրը» կնշվի մայիսի 11-ին. երթ կանցկացվի

Թբիլիսիում «Եվրոպայի օրը» կնշվի մայիսի 11-ին. երթ կանցկացվի

Այս տարի Վրաստանն առաջին անգամ «Եվրոպայի օրը» կդիմավորի որպես ԵՄ անդամության թեկնածու։ «Եվրոպայի օրվան» նվիրված միջոցառումը, որը երկար տարիներ անցկացվում է Վրաստանում, այս անգամ էլ կլինի լայնածավալ ու աչքի զարնող։ Դա կլինի մի օր, երբ հազարավոր մարդիկ կհավաքվեն՝ տոնելու խաղաղության, բազմազանության և ԵՄ-Վրաստան ընդհանուր արժեքները և հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնելու, թե ինչպես է ԵՄ-ն օգնում Վրաստանին։

Հանդիպման վայրը նույնն է՝ Թբիլիսի, Expo Georgia, որտեղ հյուրերն այս տարի մտովի կճանապարհորդեն եվրոպական երկրներում և ավելի լավ կհասկանան այն գործունեությունը, որը տասնամյակներ շարունակ իրականացնում է Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը։

«Եվրոպայի օրը» նշվում է ամեն տարի մայիսի 9-ին։ Այս տարվա միջոցառումը կանցկացվի Թբիլիսիում շաբաթ օրը՝ մայիսի 11-ին։ Այդ օրը Expo Georgia-ի հինգ տաղավարներում և բակերում կկազմակերպվեն վեց տարբեր տարածքներ։ Ցանկացած տարիքի կամ հետաքրքրության այցելուները անպայման կգտնեն ինչ-որ ուշագրավ նորույթ և նոր բան կբացահայտեն ԵՄ-ի մասին:

Ուշագրավ է նաև, որ մայիսի 11-ին Թբիլիսիի երեք վայրերում նախատեսվում է «Եվրոպայի երթ» անցկացնել: Մասնավորապես, երթի մասնակիցները հավաքվելու են մայրաքաղաքի երեք վայրերում՝ Հանրապետության հրապարակում, Մարջանիշվիլիի հրապարակում և մետրոյի «300 Արագվելի» կայարանի մոտ, որտեղից երթով շարժվելու են դեպի Եվրոպայի հրապարակ։

Կազմակերպիչների խոսքով, «Եվրոպայի երթը» կմեկնարկի ժամը 19:00-ին` միաժամանակ բոլոր երեք վայրերում։

«Մենք բոլոր երեք վայրերից կտեղափոխվենք Եվրոպայի հրապարակ և կմիավորվենք։ Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին»,- հայտարարել են կազմակերպիչները։ aliq.ge