Գանձայում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքները

Գանձայում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքները

Վահան Տերյանի տուն-թանգարանում, որը մինչ օրս որևէ լուրջ վերանորոգման չէր ենթարկվել, մեկնարկել են վերականգնման աշխատանքները: Չնայած տարբեր տարիների եղել են մասնակի, հատվածային վերանորոգումներ, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել:

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում է Վահան Տերյանի թանգարանը: Հենց առաջին հայացքից աչք է ծակում թանգարանի անտեսված վիճակը՝ խոնավություն, փթած գերաններ, կախված առաստաղ, խունացած նկարներ…

Ընդամենը օրեր առաջ՝ մայիսի 3-ին, Երևանում կայացավ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը նվիրված բարեգործական երեկույթ։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը մեկ հարկի տակ էր համախմբել հիմնադրամի աջակիցներին՝ միասին ամփոփելու հիմնադրամի 10 տարիների կատարված աշխատանքը, գրանցած արդյունքները և կազմակերպելու դրամահավաք Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման համար։

Jnews-ի հետ զրույցում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանն ասաց․

«Արդեն մեկ շաբաթ է ինչ մեկնարկել են Վահան Տերյանի տուն թանգարանի վերականգնման աշխատանքները։ Հույս ունենք, որ մեկ տարվա ընթացքում, Տերյանի 140-ամյակին ընդառաջ կավարտենք ամբողջական շինարարությունը։ Այս պահի դրությամբ հավաքվել է նախագծով անհրաժեշտ գումարի կեսից ավելին, սակայն դրամահավաքը շարունակվում է, բոլորը կարող են իրենց ներդրումն ունենալ այս կարևոր գործին։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ տարեսկզբին Հայաստանն ու Վրաստանը մշակութային գործակցության մասին հուշագիր են ստորագրել, որում մասնավորապես նշված է, որ երկու երկրները կքննարկեն Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային մասի վերականգնման հնարավորությունները։ Դրական ազդակներ կան, որ Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները ևս կմիանան այս նախաձեռնությանը»։

ՋԱՀ-ը 2019թ․ նախաձեռնել ու վերականգնել մեծ բանաստեղծի տուն-թանգարանը։ 2021թ․ վերականգնվեց ցուցասրահը, որն արդիականցվել է համաշխարհային բոլոր չափանիշներին համապատասխան: Երկրորդ փուլով նախատեսվում է վերականգնել տուն-թանգարանն ամբողջութամբ, ինչի համար էլ նախաձեռնվել էր միջոցառումը։

Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման նպատակով նվիրատվությունները և նվիրատվությունների խոստումները այսօրվա տվյալներով կազմում է շուրջ 162 000 ԱՄՆ դոլար։ Իսկ ծրագրի ամբողջ բյուջեն 300 000 դոլար է, ուստի դրամահավաքը դեռևս շարունակվում է։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կոչ է անում միանալ այս կարևոր նախաձեռնությանը։

Դրամահավաքին Երևանում ներկա են եղել Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից գործարարներ, մշակույթի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և հիմնադրամի այլ աջակիցներ։ jnews.ge