Երկրի վրա 20 տարվա մեջ առաջին անգամ կարող է տեղի ունենալ ամենաբարձր՝ հինգերորդ մակարդակի մագնիսական փոթորիկ: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Երեք օրվա ընթացքում Արևը պլազմայի չորս բացառիկ մեծ ամպեր է նետել դեպի մեր մոլորակը, դրանցից մի քանիսը ճանապարհին կմիավորվեն է՛լ ավելի մեծ օբյեկտի մեջ, որը, ըստ հաշվարկների, Երկրի մագնիսական դաշտին կհարվածի այս գիշեր»,- ասել է նա։ Բոգաչովի խոսքով՝ փոթորիկն իր գագաթնակետին կլինի առնվազն G4.33 մակարդակում, 15 տոկոս հավանականությամբ այն կհասնի G5 մակարդակի՝ 2005 թվականից ի վեր առաջին անգամ: Հավելենք, որ մագնիսական փոթորիկների հզորությունը գնահատվում է հինգ բալանոց սանդղակով։
G1 մակարդակի փոթորիկները համարվում են ամենաթույլը, դրանք գրեթե չեն ազդում էլեկտրական սարքերի աշխատանքի վրա: G3 մակարդակը սաստիկ փոթորիկ է, որն ուղղակիորեն ազդում է էներգահամակարգերի վրա և խաթարում արբանյակային նավիգացիան ու ռադիոհաղորդակցությունը: Առավելագույն մակարդակը G5-ն է, հնարավոր են լայնածավալ խնդիրներ էլեկտրացանցերի հետ կապված, ինչպես նաև արբանյակների ու ռադիոկապի աշխատանքի լուրջ խափանումներ։