Հունիսի 1-ից Վրաստան մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի բժշկական ապահովագրություն ձեր ճանապարհորդության ողջ տևողության համար: Այս մասին տեղեկանում ենք EurAsiaDaily-ից։ Պահանջը հաստատվել է «Զբոսաշրջության և հանգստավայրերի մասին» նորացված օրենքում։ Վրաստանի խորհրդարանն օրենքն ընդունել է 2023 թվականի վերջին։ Ապահովագրությունը պետք է ծածկի առնվազն 5 հազար դոլար կամ եվրո շտապ ամբուլատոր ծառայությունների և 30 հազար դոլար կամ եվրո ստացիոնար բուժման ծախսերը։ Փաստաթուղթը կարող է լինել 3 լեզուներից որևէ մեկով՝ ռուսերեն, անգլերեն կամ վրացերեն: Ապահովագրության բացակայության դեպքում Վրաստանում զբոսաշրջիկները կտուգանվեն 300 լարի (մոտ 45 հազար դրամ)։ Եթե մեկ ամսվա ընթացքում սկզբնական նշանակված տուգանքը չվճարվի՝ տույժը կկազմի 900 լարի։ Հայաստանում գործող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն արդեն ներկայացրել է ապահովագրական փաթեթն ու գները։ Վրաստան մեկնողների աջակցության ապահովագրությունը հատուցում է Վրաստանում գտնվելու ընթացքում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ նրա առողջական վիճակի վատթարացման հետևանքով առաջացած ծախսերը: Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել պայմանագրի կնքման պահին մինչև 85 տարեկան (ներառյալ) ֆիզիկական անձինք: Ըստ ներկայացված փաթեթի՝ 1-15 օր մեկնելու դեպքում յուրաքանչյուր օրվա արժեքը կկազմի 300 դրամ, 16-ից 30 օր մեկնելու դեպքում՝ 250 դրամ։