«Սայաթ-Նովա» մշակութային միությունը նախաձեռնել էր մատենաշար «Գանձարան» հայ աշուղական երգերի, որի 17 -րդ հատորը՝ «Ջավախքի կանչը», պատկանում է Ջավախքի միակ աշուղ՝ Ալիք-Ջավախքին։ Երգարանի հրատարակման գործում իր ուրույն ներդրումն է ունեցել Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը։
Աշուղ Ալիք-Ջավախքը (Ալիկ Մարգարի Քսպոյան) ծնվել է 1950 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում, այժմ ապրում է Ախալքալաքում։ Նշենք, որ հարյուրից ավելի երգերի հեղինակ աշուղ Ալիք-Ջավախքի այս հատորը դրվել է Սայաթ Նովայի, Ջիվանի, Հավասի, Շերամի, Շահենի և այլ մեծերի գործերի կողքին։ Երգարանը հրատարակվել է մոսկվաբնակ, ծնունդով Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղից, Ռոբերտ, Մարտուն և Գեորգի Պապոյան եղբայրների հովանավորությամբ։ Աշուղ Ալիք-Ջավախքը նաև Հայ աշուղների և Վրաստանի հայ գրողների միությունների անդամ է։
Չնայած Ախալքալաքի մշակույթի տան անմխիթար վիճակին և ոչ բարվոք պայմաններին, երկարամյա գեղարվեստական ղեկավար՝ աշուղ Ալիք-Ջավախքը 1998 թվականից մինչև օրս շարունակում է գործունեություն իրականացնել հայ մշակույթի և աշուղական արվեստի զարգացման ու պահպանման գործում։
Մշակույթի տանը աշուղի նախաձռնությամբ և անմիջական ղեկավարությամբ գործում են «Ջավախք» ազգային երգի-պարի համույթը, Ջիվանու անվան առաջին աշուղական դպրոցի մասնաճյուղը, ժողովրդական նվագարանների խումբը, երգչախումբը և մանկական թատրոնը։ Նշված խմբերը Վրաստանում, Հայաստանում և այլ երկրներում մասնակցել են տարբեր փառատոնների և արժանացել բարձր գնհատանքի։ Ինչպես նաև անհատապես մեծ բեմեր են նվաճել Ալիք-Ջավախքի բազմաթիվ աշակերտներ։ Աշուղի աշխատասենյակը առաջին հայացքից նման է թանգարանի, որտեղ պահվում են տարբեր մրցանակներ, վկայականներ, լուսանկարներ, նմուշներ, հուշանվերներ, որոնք ձեռք են բերվել աշխատանքային երկար տարիների ընթացքում։
«Ախալքալաքի մունցիպալիտետի գյուղերում գործում են թվով 33 մշակութային ակումբներ, որտեղից 7 -ը փլուզված են, չկան։ Բայց մշակույթի տան աշխատակիցները վարձել կամ գտել են վայր, որտեղ անցկացնում են իրենց պարի և երգի դասընթացները։ Ինչ վերաբերվում է քաղաքի մշակույթի տան վերանորոգմանը` այս տարի վերանորոգման աշխատանքներ նախատեսվում են, տեսնենք, հույսով սպասում ենք։ Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, միայն թե պետք է կրթել, դաստիարակել որպեսզի նրանք դառնան բանիմաց մարդ և տալ ուղղություն։ Մենք ապրում ենք այնպիսի դարում, որտեղ երեխաները հեռուստացույցով կամ հեռախոսներով անընդհատ լսում են «Հոպ-հոպ Ջիվանի էս տղեն ցավտ տանի» երգը ինքնըստինքյան սկսում է միայն դա սովորել և երգել։ Այդ պատճառով շատ դժվար է երեխաներին սովորեցնել, որ լսեն ու կատարեն աշուղական, ժողովրդական, կլասիկ, հոգևոր երաժշտություն»,- նշեց Քսպոյանը։
Կարդացեք նաև՝