2024 թվականի մայիսի 11-ին Վրաստանն առաջին անգամ Եվրոպայի օրը կնշի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակում
Վրաստանում ԵՄ պատվիրակությունն այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունը կանցկացնի շաբաթ օրը՝ մայիսի 11-ին, Թբիլիսիի «Expo Georgia» ցուցահանդեսային կենտրոնում:
Ամեն տարի մայիսի 9-ին նշվող Եվրոպայի օրը նվիրված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանի 1950 թվականի հռչակագրին, որով նշանավորվեց ներկայիս Եվրոպական միության (ԵՄ) ստեղծման սկիզբը:
«Այս տարի Թբիլիսիում կազմակերպվող տոնակատարությունը կընդգծի, որ Վրաստանի՝ որպես ԵՄ-ի թեկնածու երկրի առջեւ ԵՄ անդամակցության դռները վերջապես լայն բացվել են: Այժմ վրաց ժողովուրդը պետք է անցնի այդ դռնով` արագորեն իրականացնելով անհրաժեշտ բարեփոխումները»,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին:
Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 4-րդ տաղավարում՝ ժամը 11:30-ին:
4-րդ եւ 5-րդ տաղավարներում ԵՄ անդամ երկրների դեսպանատները այցելուներին կներկայացնեն իրենց երկրների մշակույթն ու պատմությունը։ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության եւ Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին նրանք կառաջարկեն հուշանվերներ եւ կկազմակերպեն կրթական միջոցառումներ, մշակութային ներկայացումներ եւ համերգներ։
11-րդ տաղավարում կներկայացվի Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի գործունեությունը։ Այս տարածքում ծրագրերի ներկայացուցիչները կառաջարկեն խաղեր եւ միջոցառումներ այնպիսի կարեւոր թեմաների շուրջ, ինչպիսիք են տնտեսական զարգացումը, շրջակա միջավայրը, մշակույթը, երիտասարդությունը, թվային փոխակերպումը, ժողովրդավարությունը եւ այլն:
Բակում կտեղակայվի «Յուրահատուկ վրացական համ» ագրոշուկան, որտեղ այցելուները կկարողանան համտեսել Վրաստանի տարբեր շրջանների ֆերմերների առաջարկած սնունդը եւ իմանալ, թե ինչպես է ԵՄ-ն աջակցում նրանց, երբ երկիրը պատրաստվում է ինտեգրվել ԵՄ-ին:
Տոնակատարության ծրագիրը ներառում է նաեւ երեխաների համար բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ «Լուսինը եւ Լուսատտիկների մոլորակը» տիկնիկային ներկայացումը:
3-րդ տաղավարն էլ առաջին անգամ կհյուրընկալի ձեռնարկատերերի, որոնք օգտվել են ԵՄ աջակցությունից իրենց բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու համար: Այս տարածքում այցելուները կկարողանան ձեռք բերել եզակի իրեր, որոնք արտադրում են այդ ձեռնարկատերերը:
6-րդ տաղավարում կանցկացվեն Եվրոպայի օրերին նվիրված 0զրույցներ հայտնի մարդկանց մասնակցությամբ, որոնք կվարի հայտնի լրագրող Դավիթ Գորգիլաձեն։ Դրանք կլինեն տարբեր թեմաներով, այդ թվում՝ արժեքների, մշակույթի եւ շրջակա միջավայրի հետ կապված նախաձեռնությունների, ինչպես նաեւ բիզնեսի եւ երիտասարդության համար հնարավորությունների մասին: Զրույցները նպատակ ունեն նպաստել ԵՄ-ի դերի ավելի լավ ըմբռնմանը հանրային եւ համայնքային ներգրավվածության գործում՝ որպես ԵՄ-Վրաստան գործընկերության մաս:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 1-ին հարապարակված հայտարարության մեջ ասել է, որ «մեծ մտահոգությամբ» է հետեւում Վրաստանում տիրող իրավիճակին եւ դատապարտում է բռնությունները Թբիլիսիի փողոցներում։
Վրաստանի մայրաքաղաքում մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում՝ կապված «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունման հետ։
«Վրաստանի քաղաքացիները ցույց են տալիս իրենց ամուր կապվածությունը ժողովրդավարությանը։ Վրաստանի կառավարությունը պետք է ականջալուր լինի այս հստակ ուղերձին»,- հայտարարել է ֆոն դեր Լեյենը:
Նա հավելել է, որ Եվրոպական միությունը եւս հստակ արտահայտել է «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի առնչությամբ իր մտահոգությունները։ Ֆոն դեր Լեյենը նաեւ հիշեցրել է, որ անցած դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհել է թեկնածու երկրի կարգավիճակ եւ հստակ ուղի է սահմանել դեպի անդամակցության բանակցությունների սկիզբը։
«Վրաց ժողովուրդը եվրոպական ապագա է ցանկանում իր երկրի համար։ Մենք ակնկալում ենք, որ Վրաստանի կառավարությունն արագ քայլեր կձեռնարկի այն միջոցների ուղղությամբ, որոնք նրանք պարտավորվել են ձեռնարկել որպես թեկնածու երկիր»,- ասել է ֆոն դեր Լեյենը:
«Վրաստանը գտնվում է ճամփաբաժանին։ Նա պետք է շարունակի քայլել դեպի Եվրոպա տանող ճանապարհով», – եզրափակել է նա:
Բորելը խստորեն դատապարտում է Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունները
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մայիսի 1-ին «խստորեն դատապարտել է» Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունը՝ շեշտելով, որ ցուցարարները «խաղաղ ցույց են անում «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ»։
«Վրաստանը ԵՄ թեկնածու երկիր է. ես կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը։ Այն ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է»,- գրել է Բորելը X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։
Ապրիլի 24-ին Ժոզեպ Բորելը Վրաստանի քաղաքական առաջնորդներին կոչ էր արել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի նախագիծը։ Նա նշել էր, որ այս օրենսդրությունն «անհամատեղելի է ԵՄ նորմերի եւ արժեքների հետ։ Եթե այն ընդունվի, դա կվտանգի Վրաստանի առաջընթացը դեպի ԵՄ»:
Զգու՞մ եք ԵվրաՎայբը: Մայիսի 2-ից սկսած եւ հաջորդ երեք օրերի ընթացքում Արեւելյան գործընկերության երկրների 9 ազդեցիկ դեմքերից բաղկացած խումբը միացել է 14 երիտասարդ եվրոպական դեսպաններին (YEAs)՝ Բրյուսելում Եվրոպայի օրվան նվիրված մի շարք միջոցառումների շրջանակում։
Միջոցառումները կներառեն հանդիպումներ եվրոպական հաստատություններում, թեմատիկ խմբային եւ ցանցային միջոցառումներ, ինչպես նաեւ համատեղ գործունեություն Արեւմտյան Բալկանների եւ Հարավային հարեւանության երկրների ներկայացուցիչների հետ: Մայիսի 4-ին նրանք բոլորը միացել են Եվրոպայի օրվա պաշտոնական միջոցառումներին՝ Եվրոպական հանձնաժողովի «Բերլամոն» շենքում բաց դռների օրվա շրջանակում։
Ազդեցիկ դեմքերն ու երիտասարդ եվրոպական դեսպանները «Զգացեք ԵվրաՎայբը» համընդհանուր խորագրի ներքո փորձել են երեք օրվա ընթացքում յուրաքանչյուր միջոցառումը վերածել շփման, բացահայտման եւ ոգեշնչման հնարավորության՝ միաժամանակ ցուցադրելով այլ ազգերի կողմից ներկայացված մշակույթներն ու տաղանդները եւ բորբոքելով հպարտության, հետաքրքրասիրության եւ ինչպես մասնակիցների, այնպես էլ առցանց լսարանի շրջանում ոգեշնչման զգացումները։
Հրավիրված ազդեցիկ դեմքերը ներկայացնում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։ Նրանց թվում քան ճամփորդ բլոգերներ, պրոֆեսիոնալ բովանդակություն ստեղծողներ եւ լրագրողներ։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը համախմբում է սոցիալապես ակտիվ երիտասարդներին Արեւելյան գործընկերության վեց երկրներից, Եվրոպական միությունից եւ Միացյալ Թագավորությունից՝ խթանելու երկխոսությունը եւ բարձրացնելու ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների հետ նրա համագործակցության մասին իրազեկվածությունը:
«ԵվրաՎայբը» զգալու համար հետեւեք EU NEIGHBOURS EAST-ի Instagram-ի էջին։
«Քանի դեռ մեր աչքերն ու ականջները տեղում են, լրագրողները պետք է պաշտպանված լինեն միշտ եւ ամենուր»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մայիսի 3-ին ամբողջ աշխարհում նշվող Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ։
Նա ասել է, որ ԵՄ-ն խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ բռնության բոլոր գործողությունները, այդ թվում՝ սպառնալիքները, անկախ նրանից՝ դրանք կատարվում են պետությունների, կազմակերպված խմբերի թե անհատների կողմից:
«Նման հանցագործությունները անպատիժ չպետք է մնան, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան։ Զինված հակամարտությունները լուսաբանող լրագրողները եւ լրատվամիջոցների աշխատակիցները պետք է պաշտպանված լինեն միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն։ ԵՄ-ն ափսոսում է պատերազմի կործանարար հետեւանքները լուսաբանելիս սպանված կամ վիրավորված լրագրողների թվի կտրուկ աճի կապակցությամբ»,- նշել է Բորելը։
Նա հավելել է, որ լրագրողները շարունակում են ամեն օր վտանգի ենթարկվել, քանի որ նրանք լուսաբանում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը, ինչպես նաեւ Գազայում, Մյանմարում, Սուդանում եւ այլուր տեղի ունեցող հակամարտությունները:
Նա ԵՄ-ի անունից լուրջ մտահոգություն է հայտնել անկախ լրատվամիջոցների մուտքը հակամարտությունների գոտիներ մերժելու պրակտիկայի առնչությամբ եւ ասել, որ ԵՄ-ն «հավատարիմ է մնում ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատությունն ու բազմակարծությունը պաշտպանելու իր հանձնառությանը»:
Ստեղծարար Եվրոպա. հայտամրցույթ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի նորարարների համար
«Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից համաֆինանսավորվող LINA հարթակը փնտրում է բնապահպանական ճգնաժամին դիմակայելու գաղափարներ ունեցող նորարարների: LINA հարթակը խթանում է տարածական, տարածքային, կլիմայական եւ սոցիալ-քաղաքական հիմնահարցերով զբաղվող ստեղծարար մասնագետների միջազգային շարժունակությունը եւ զարգացումը քաղաքային պլանավորման եւ ճարտարապետության ոլորտում։
Դիմելու համար հրավիրվում են ճարտարապետներ, քաղաքային պլանավորողներ, լանդշաֆտային դիզայներներ, արվեստագետներ, համադրողներ եւ հետազոտողներ, ովքեր դեռեւս սպասում են միջազգային ճանաչման, բայց ունեն բնապահպանական ճգնաժամին ուղղված արմատական գաղափար, գործնական լուծում, տեսական պատկերացում կամ մտածելու տեղիք տվող պրակտիկա։
Ընտրված 25 առաջարկների հեղինակները՝ LINA-ի գործընկերները, կներկայացնեն իրենց աշխատանքը Սարաեւոյում հոկտեմբերի 3-4-ը կայանալիք LINA համաժողովում: Այնտեղ նրանք կհանդիպեն LINA-ի անդամներին, կհրավիրվեն մասնակցելու կազմակերպության գործունեությանը եւ դառնալու 2024–2025թթ. LINA ճարտարապետական ծրագրի անդամ։
Հարթակը կփոխհատուցի Սարաեւոյում կայանալիք համաժողովին մասնակցելուն հրավիրված LINA-ի գործընկերների՝ Եվրոպայում ճանապարհորդության (մինչեւ 350 եվրո) եւ կեցության ծախսերը։
LINA-ն բաց է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի բնակիչների համար։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 13-ը։
Ծրագրային առաջարկների մշակման վերաբերյալ վեբինարների շարք ԱլԳ ՔՀԿ-ների համար
ԵՄ կողմից ֆինանսավորվող Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը հրավիրում է ակտիվիստներին կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին Արեւելյան գործընկերության երկրներից՝ միանալու ծրագրային առաջարկների մշակման հմտությունների զարգացմանը նվիրված վեբինարների շարքին։
Այս առցանց կարճատեւ դասընթացը բաղկացած է չորս վեբինարից՝ յուրաքանչյուրը մեկ ժամ տեւողությամբ, որոնք նվիրված են ԵՄ ֆինանսավորման համար պատրաստ ծրագրային առաջարկի մշակման գործընթացին:
Յուրաքանչյուր վեբինարի ընթացքում հնարավոր կլինի նաեւ ծրագրային առաջարկի մշակման վերաբերյալ ձեզ ամենաշատը հուզող ցանկացած կոնկրետ հարց ուղղել փորձագետին։
Վեբինարների անցկացումը նախատեսված է մայիսի 13-ին, 15-ին, 17-ին եւ 20-ին, Բրյուսելի ժամանակով ժամը 13:00-ից 14:00։
Վեբինարները կանցկացվեն Zoom հարթակում՝ անգլերեն լեզվով։ Բոլոր 4 վեբինարների համար պահանջվում է միայն մեկ գրանցում (Zoom գրանցման հղում):
Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների շրջանակում հետդոկտորական կրթաթոշակների 2024 թվականի հայտերի ընդունումը։
Ընդհանուր 417,18 միլիոն եվրո բյուջեով դրամաշնորհներն ուղղված են բարելավելու դոկտորական աստիճան (PhD) ունեցող գիտաշխատողների ստեղծագործական եւ նորարարական ներուժը:
Մրցույթը բաց է ցանկացած գիտական ուղղություն ներկայացնող գիտաշխատողների համար, ներառյալ Եվրատոմի ուսումնասիրությունները (վերջինին ԱլԳ երկրներից կարող են դիմել միայն Ուկրաինան ներկայացնող գիտաշխատողները):
Տրամադրվում են երկու տեսակի հետդոկտորական կրթաթոշակներ.
Կրթաթոշակների երկու տեսակներն էլ կարող են ներառել նաեւ կարճաժամկետ գործուղումներ աշխարհի ցանկացած կետ (բացառությամբ «Գլոբալ կրթաթոշակի» վերադարձի փուլի):
Ակադեմիական եւ ոչ ակադեմիական հատվածների միջեւ կամուրջներ ստեղծելու նպատակով գիտաշխատողները կարող են ստանալ լրացուցիչ աջակցություն՝ ԵՄ անդամ պետությունում կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցիացված երկրում գործող ոչ ակադեմիական կազմակերպությունում մինչեւ վեց ամիս ժամկետով պրակտիկա անցնելու համար: Այս տեղավորումը պետք է տեղի ունենա նրանց կրթաթոշակային ծրագրի ավարտին:
«Ընդլայնվող երկրում» (ներառյալ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան) ընդունող կազմակերպությամբ ստանդարտ եվրոպական կրթաթոշակ ստանալու համար դիմող գիտաշխատողները կարող են մասնակցել ERA կրթաթոշակների հայտամրցույթին: Շուրջ 50 ERA կրթաթոշակներ կշնորհվեն լավագույն դիմորդներին, ովքեր բյուջեի սահմանափակումների պատճառով չեն հաղթահարել MSCA հետդոկտորական կրթաթոշակների մրցույթը։
ԵՄ-ն ընտրված գիտաշխատողներին տրամադրում է կեցության եւ ճանապարհորդության նպաստի եւ, անհրաժեշտության դեպքում, ընտանեկան, երկարաժամկետ արձակուրդի եւ հատուկ կարիքների համար նպաստների տեսքով: Բացի այդ, ֆինանսավորում է տրամադրվում հետազոտությունների, վերապատրաստման եւ կապերի հաստատման գործողությունների, կառավարման եւ անուղղակի ծախսերի համար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի սեպտեմբերի 11-ն է։ Նախատեսվում է ֆինանսավորել ավելի քան 1,400 ծրագիր:
Հայտերի ընդունում Եվրոպական ինստիտուտի ԵՄ ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագրի համար
Եվրոպական CIFE ինստիտուտը, որը Եվրոպական հանձնաժողովի կողմից աջակցվող յոթ ինստիտուտներից մեկն է, սկսել է 2024 թվականի հոկտեմբերին մեկնարկելիք ԵՄ ուսումնասիրությունների իր մագիստրոսական ծրագրի համար հայտերի ընդունում։
Ծրագիրը տրամադրում է ԵՄ հիմքերի վերաբերյալ կառուցվածքային գիտելիքներ՝ կենտրոնացած խորքային ըմբռնման հիմնական խնդիրների եւ ԵՄ ինտեգրմանն ուղղված ապագային միտված մոտեցման վրա։
Կրթական ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են սովորել իրենց կարիերան շարունակելու հետ մեկտեղ: Մագիստրոսական ծրագրի տեւողությունը երկու տարի է, որը ճկուն ուսումնական ուղու հնարավորություն է տալիս մեր հատուկ էլեկտրոնային ուսուցման հարթակի եւ ութ սեմինարների միջոցով, որոնք կանցկացվեն Բարսելոնայում, Բեռլինում, Բուդապեշտում, Բրյուսելում, Նիցցայում, Հռոմում եւ Վիեննայում:
Հասանելի են սահմանափակ թվով կրթական դրամաշնորհներ:
Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ բակալավրի կոչում եւ անգլերենի իմացություն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է։
Դասընթացն ավարտելով՝ շրջանավարտները ստանում են երկու հավաստագիր՝ CIFE-ի «ԵՄ ուսումնասիրությունների մագիստրոսի» դիպլոմ, որն ապահովում է Կրեդիտների փոխանցման եւ կուտակման եվրոպական համակարգի (ECTS) 60 միավոր, եւ «Եվրոպական եւ միջազգային կազմակերպություններում քաղաքականության պատասխանատուի» հավաստագիր (Որակավորումների եվրոպական շրջանակի 7-րդ մակարդակ)՝ ճանաչված Ֆրանսիայի Հանրապետության կողմից։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։