Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղը մեծ խնդրի առաջ է կանգնել աղբարկղերի բացակայության պատճառով: Բնակիչների մեծ մասը իրենց հավաքած աղբակույտը լցնում են աղբի համար հատկացված հատուկ վայրում, որը գտնվում է գյուղի ծայրամասում, որտեղից էլ քամու պատճառով հայտնվում է ճանապարհին կամ մոտակա դաշտերում:
Ձմռան ձնառատության պատճառով բմակիչների մեծ մասը չի կարողանում աղբը հասցնել նախատեսված վայրը, ինչը ստիպում է նրանց լցնել այնտեղ, որտեղ հարմար է: Բնակիչների խոսքով՝ քանի որ աղբատեղը գտնվում է գյուղի ծայրամասում, բնակիչների մեծամասնության համար այն անհասանելի է իր հեռավորության պատճառով: Ստացվում է այնպես, որ աղբարկղերի բացակայության պատճառով բնակիչները աղբը դատարկում են այն վայրերում, որտեղ չի թույլատրվում:
Այս հարցի առնչությամբ մենք դիմեցինք Հեշտիա գյուղի գամգեոբայի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանին: Նրա խոսքով՝ առաջիկայում ծրագրված է գյուղում տեղադրել աղբարկղներ և տեսախցիկներ, որոնք կֆիքսեն միջավայրը կեղտոտող մարդկանց, ովքեր այնուհետև կտուգանվեն:
Նյութը պատրաստել է Նոր Ռադիոյի կամավոր Մարտին Արոյանը