Սանկտ Պետերբուրգում «Մոյկա»-ն ընկած ավտոբուսի միայն մեկ ուղեւոր է ողջ մնացել. այս մասին հայտնել է РБК-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ 56-ամյա տղամարդը կնոջ հետ ավտոբուսով երթեւեկել է. նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։
Ըստ տուժողի՝ ճանապարհորդության ընթացքում ավտոբուսը սկսել է արագորեն ընթանալ, որից հետո մեքենան բախվել է արգելապատնեշներին և ճեղքել դրանք։ Կամուրջից ընկնելուց հետո ջուրն ակնթարթորեն լցվել է խցիկ, և նա կորցրել է գիտակցությունը։
«Ես ու կինս իրար ձեռք բռնած էինք», – ասել է տղամարդը։ Նրանից բացի, ողջ է մնացել ավտոբուսի վարորդ Ռախմատշոհ Կուրբոնովը։ Նրա նկատմամբ հետաքննություն է անցկացվում որպես քրեական գործով կասկածյալ։ Մայիսի 10-ին ուղևորներով ավտոբուսը Պոցելուևի կամրջից ընկել էր «Մոյկա» գետը։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը կորցրել է կառավարումը։ Զոհերի թվում է եղել նաև Ուստինովի անվան Բալթյան պետական տեխնիկական համալսարանի (Վոենմեխ) պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Խրամովը: