Բելոուսովը՝ ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն՝ ԱԽ քարտուղար

Բելոուսովը՝ ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն՝ ԱԽ քարտուղար

Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից երկու տարի անց, երբ Ռուսաստանն ակտիվացնում է պայքարը ռազմի դաշտում, Վլադիմիր Պուտինն անակնկալ հայտարարեց, թե փոխում է պաշտպանության նախարարին՝ իր երկարամյա աջակից Սերգեյ Շոյգուի փոխարեն առաջադրելով նախկին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։

65-ամյա Բելոուսովը, ում թեկնածությունը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանը կհաստատի այսօր կամ վաղը, մինչ օրս ռազմական համակարգի հետ որևէ կապ չի ունեցել, համարվել է տնտեսական բլոկի ներկայացուցիչ և աչքի ընկել Պուտինի հետ սերտ հարաբերություններով։

Կրեմլի խոսնակը կադրային այս կարևոր փոփոխությունը երեկ այսպես է բացատրել․ – «Շատ կարևոր է անվտանգության բլոկի տնտեսությունը ներառել երկրի տնտեսության մեջ, ներառել այնպես, որ այն համապատասխանի ներկայիս փոփոխություններին: Եվ երկրորդը՝ այսօր պատերազմում հաղթում է նա, ով ավելի բաց է նորարարությունների համար։ Հետևաբար, միանգամայն բնական է, որ նախագահը որոշում է կայացրել պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակել քաղաքացիական անձի»։

«Կադրային այս փոփոխությունը վկայում է, որ Պուտինը փորձում է պաշտպանության նախարար ունենալ, որը կոշտ վերահսկողություն կհաստատի ռազմական ահռելի ծախսերի վրա», – գրում է The Washington Post-ը։

Գերմանական Berliner Zeitung-ն էլ նկատում է. – «Կրեմլը չի ուզում հանձնվել և խաղադրույք է անում վերազինման ու տնտեսությունը տևական պատերազմի պատրաստելու վրա։ Այդ իսկ պատճառով, Բելոուսովի նշանակումը խիստ մտահոգիչ իրադարձություն է Ուկրաինայի, ինչպես նաև Արևմուտքի համար»։

Պուտինի մամուլի քարտուղարը, մեկնաբանելով ռազմական գերատեսչությունում վերադասավորումները, լրագրողներին ասել է, թե Բելոուսովի նշանակումը չի փոխի համակարգը։ Նա, ի դեպ, հայտնի է Արևմուտքի մասին կոշտ հայտարարություններով և բազմիցս է Կրեմլի ղեկավարի նման պնդել, թե անհրաժեշտ է ուժեղ պետություն ստեղծել՝ արտաքին մարտահրավերներին արձագանքելու համար։

«Ինչ վերաբերում է ռազմական բաղադրիչին, ապա այս նշանակումը ոչ մի կերպ չի փոխի առկա իրավիճակը, ռազմական բաղադրիչը միշտ եղել է Գլխավոր շտաբի պետի իրավասության տակ, այդպես էլ կշարունակի մնալ, այս առումով փոփոխություններ չեն նախատեսվում», – նշել է Դմիտրի Պեսկովը։

Անցած տարի անհաջող ապստամբություն սկսած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինն ամենից շատ քննադատում էր հենց Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, ով ի տարբերություն Սերգեյ Շոյգուի պահպանել է իր պաշտոնը:

2 տարի Պաշտպանության նախարարությունը ղեկավարող Շոյգուն, իր հերթին, նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։

Նիկոլայ Պատրուշևը, ով ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականի մայիսից, Պուտինի հրամանագրով ազատվել է այդ պաշտոնից՝ «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»։ Թե ինչ աշխատանքի, դեռ հստակ չէ, Կրեմլը խոստացել է այդ հարցը պարզաբանել առաջիկա օրերին։

Կառավարության մյուս առանցքային դեմքերը, այդ թվում՝ վարչապետ Միխայիլ Միշուստինն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կշարունակեն աշխատել իրենց պաշտոններում։ Ընդ որում, վերջինս այսօր ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու է մնալ նոր կառավարության առաջնահերթությունների շարքում։

«Եթե Արևմուտքն ուզում է ուկրաինական հակամարտությունը կարգավորել ռազմի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի», – այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին նախարարությունն արդեն 20 տարի գլխավորող 72-ամյա Սերգեյ Լավրովը, հավելելով՝ Ռուսաստանը ռազմական գործողությունները դադարեցնելու մտադրություն չունի։

Azatutyun.am