Jnews և Radio NOR. որտեղից են գալիս և ուր են գնում դոնորների գումարները

Jnews և Radio NOR. որտեղից են գալիս և ուր են գնում դոնորների գումարները

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն առաջ մղելու հիմնական պատճառը համարում է ՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսավորման թափանցիկությունը, ինչի համար, ինչպես առաջարկել է օմբուդսմենը, հնարավոր է եղել միայն որոշակի փոփոխություններ կատարել «Դրամաշնորհների մասին» և «Հաշվապահական հաշվառման, հաշվետվության և աուդիտի մասին» օրենքում՝ առանց քաղաքացիական հասարակությանը ճնշելու ուղիների օրինականացման։ Որտեղի՞ց են գոյանում ֆինանսները և ինչպե՞ս են դրանք բաշխվում, որքա՞ն են լրագրողների աշխատավարձերը՝ բնակչությանն ու տեղական իշխանություններին հետաքրքրող այս և այլ հարցերին պատասխանում են Ջավախքի երկու լրատվամիջոցների՝ Jnews-ի և Ռադիո NOR-ի գլխավոր խմբագիրները։

Արտաքին ազդեցության թափանցիկության ակտը սահմանում է, որ և՛ Jnews-ը, և՛ Radio NOR-ը պետք է գրանցվեն «արտաքին ուժերի շահերը ներկայացնող» կազմակերպությունների ցանկում, քանի որ այդ կազմակերպությունները հիմնականում գործում են օտարերկրյա դրամաշնորհներով: Սակայն լրատվամիջոցներն իրենք իրենց այդպիսին չեն համարում, քանի որ աշխատում են հանուն բնակչության, այլ ոչ թե հանուն «օտար շահերի»։ Դոնորները նրանց չեն դիմում և գումար չեն առաջարկում որևէ շահերի իրականացման համար։ Ընդհակառակը, կազմակերպությունները դժվարին աշխատանք են տանում ֆինանսավորում ստանալու համար՝ գրում են դրամաշնորհների հայտեր, որոնք երբեմն պահանջում են 1-2 շաբաթ աշխատանք, և փաստ չէ, որ այդ հայտերը կշահեն մրցույթում։ Նրանք կատարում են հետազոտություն կամ օգտագործում են այլ կազմակերպությունների հետազոտությունները՝ դոնոր կազմակերպություններին ցույց տալու, որ առկա է խնդիր, ինչպես նաև փորձում են նախագիծը գրել այնպես, որ դոնորներին համոզեն, որ կազմակերպությունն իր գործողություններով կարող է ազդել խնդրի լուծման վրա, օգտագործելով բոլոր տեսակի տրամաբանական կառուցվածքները, ցուցանիշները և շատ ավելին: Կոնկրետ խնդիրներ լուծելու համար կազմակերպությունները փնտրում և գտնում են համապատասխան դրամաշնորհային մրցույթներ։

Ջավախքի ԶԼՄ-ների դեպքում նրանց աշխատանքի նպատակը բնակչության ինտեգրումն է երկրի ընդհանուր քաղաքացիական կյանքին, բնակչության իրազեկումը տարբեր օրենքների և փոփոխությունների մասին, ինչպես նաև տեղական իշխանությունների գործունեության թափանցիկությունը։ Ամեն օր այս լրատվամիջոցների լրագրողներն ու խմբագիրները պատասխանում են բնակչության զանգերին ու բողոքներին, բացատրում օրենքներ, որոնք բնակիչները չեն հասկանում, կամ պարզաբանում, թե ինչ իրավիճակներում ուր դիմել՝ կոնկրետ խնդիրը լուծելու համար։ Նրանք բարձրացնում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կարտոֆիլի իրացման հետ կապված խնդիրը, քաղաքացիությունը, սոցիալական խնդիրները և շատ ավելին…

Jnews.ge

Ջավախքի լրատվական կենտրոնի հիմնադրումից ի վեր՝ 10 տարի շարունակ, Jnews-ի հիմնական դոնորը ամերիկյան NED հիմնադրամն է, բոլոր դոնորների մասին, ովքեր երբևիցե ֆինանսավորել են Jnews-ին, հասանելի է «Մեր մասին» բաժնում: Jnews-ի սեփական եկամուտը հավաքվում է գովազդային ծառայությունների մատուցումից, դա կազմում է լրատվամիջոցի ընդհանուր ծախսերի ընդամենը 1%-ը։ Լրատվամիջոցը թափանցիկ լինելու մեջ խնդիր չի տեսնում, քանի որ յուրաքանչյուր թեթրիի մասին արդեն իսկ զեկուցում է՝ թե՛ դոնորներին, թե՛ պետությանը։

«Յուրաքանչյուր նախագծից ծախսված յուրաքանչյուր թեթրի ունի ուղեկցող փաստաթղթեր: Յուրաքանչյուր ծախսի համար ունենք պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, հանձնման-ընդունման ակտ։ Այս ամբողջ փաստաթղթերը մենք տրամադրում ենք դոնորներին՝ յուրաքանչյուր եռամսյակում կամ տարեվերջին: Ամեն ամիս մենք հաշվետվություն ենք ներկայացնում պետությանը, ներկայացնում ենք հարկային հայտարարագրեր, վճարված աշխատավարձերի և շահույթների մասին հաշվետվություններ, ինչպես նաև ամբողջ տարվա ընթացքում զեկուցում ենք բոլոր եկամուտների և ծախսերի մասին, որքան գումար է ստացել կազմակերպությունը, որքան գումար է ծախսվել, ինչ նպատակների համար և այս գումարից որքա՞նն է դրամաշնորհը, այսինքն՝ չի հարկվում»,- ասում է Jnews-ի խմբագիր Ռիմա Ղարիբյանը։

Ջավախքի լրատվական կենտրոնը 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հոկտեմբեր իր գործունեության համար NED հիմնադրամից ստացել է 66,922 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Այդ գումարը ծախսվում է լրագրողների աշխատավարձերի, տարածքի վարձակալության, քաղաքապետարանում տեղաշարժվելու և լրատվական կայքի սպասարկման վրա։ Կազմակերպությունը աշխատավարձ է վճարում 14 աշխատակցի՝ 5 լրագրող, 3 խմբագիր, 3 թարգմանիչ, մենեջեր, հաշվապահ, վարորդ։ Jnews-ի լրագրողների աշխատավարձը կազմում է ընդամենը 333 ԱՄՆ դոլար կամ 887 լարի, իսկ խմբագիրներինը՝ մոտ 400 դոլար։

66 922 ԱՄՆ դոլար տարեկան դրամաշնորհից Jnews-ը 12 323 դոլարը հատկացնում է պետբյուջեին՝ աշխատողների աշխատավարձից եկամտահարկի տեսքով։

Յուրաքանչյուր ոք կարող է պահանջել և ստանալ Jnews-ի բյուջեն, քանի որ կազմակերպության գործունեությունը թափանցիկ է։

Ռադիո NOR

Նինոծմինդայի NOR ռադիոկայանը փաստացի նույն կերպ է աշխատում։ Բայց լինելով առցանց հրատարակություն՝ այն նաև հեռարձակող ռադիո է: Ռադիո NOR-ի հաշվետվողականությունն ավելի մեծ է՝ ծախսված յուրաքանչյուր թեթրիի համար այն նաև զեկուցում է Վրաստանի կապի հանձնաժողովին, որը, եթե խախտում հայտնաբերվի, ապա կարող է փակել հեռարձակումը:

«Մենք նրանց զեկուցում ենք, թե որքան ֆինանս ենք ստացել և որտեղից: Մենք նաև հայտնում ենք սեփական գովազդային եկամուտի մասին: Գովազդային եկամուտը ներկայացնում ենք ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց դեպքում առանձին՝ յուրաքանչյուր լարիի համար։ Բացի այդ, ռադիոգովազդային եկամուտների 0,05%-ը բաժին է ընկնում պետությանը՝ Կապի հանձնաժողովին։ Բացի ComCom-ից, մենք հաշվետվություն ենք ներկայացնում հայտարարագրի տեսքով և վճարում ենք եկամտահարկ: Օրենքով, քանի որ մենք բարձրլեռնային գոտուց ենք, մենք արտոնություններ ունենք, եթե մեր աշխատավարձը չի գերազանցում 6000 լարին»,- ասում է «NOR» ռադիոկայանի տնօրեն Արարատ Թթթյանը։

Նրա խոսքով, ComCom-ի հետ պայմանավորվածություն կա, որ ամեն տարի պետք է ֆինանսական աուդիտ անցնեն։

«Մինչև այսօր՝ 2016 թվականից, երբ մենք դարձանք հեռարձակող, ոչ մի խախտում չենք ունեցել, այո, եղել են նկատողություններ, բայց ոչ խախտումներ։ Օրինակ, աուդիտից դիտողություն ենք ստացել, երբ եկամտահարկը անհրաժեշտից ավելի է փոխանցվել»,- ասում է նա։

Ռադիո NOR-ի տարեկան բյուջեն կազմել է 60 000 եվրո։ Ռադիոն ունի երկու տարվա դրամաշնորհ NED-ից, եղել են նաև փոքր դրամաշնորհներ ԶԼՄ-ների զարգացմամբ զբաղվող կազմակերպություններից՝ IREX-ից և Internews-ից (5-10 000 ԱՄՆ դոլար): Ռադիո NOR-ի լրագրողները ստանում են ամսական 600 լարի աշխատավարձ։ Ռադիո NOR-ում աշխատում է 9 մարդ՝ 3 լրագրող, 2 հաղորդավար, տնօրեն, հաշվապահ, թարգմանիչներ, ՏՏ մասնագետ։

«Ֆինանսների հայտարարագրման ժամանակ տրամադրում ենք դոնորների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` նույնականացման համարը, հասցեն և այլն։ Սրանից էլ ավելի թափանցիկ էլ ո՞ւր, խնդրում եմ բացատրեք»,- ասում է Ռադիո NOR-ի տնօրենը։

Ռադիո NOR-ը, ինչպես և Jnews-ը, դիմելու դեպքում կարող է բյուջեն տրամադրել:

Այս առումով հարց է առաջանում. ի՞նչ թափանցիկության մասին է խոսքը՝ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին ուղղված սպառնալիքներով ու հայհոյանքներով կոչերի ֆոնին, որոնք բյուջե են մտցնում գումար և յուրաքանչյուր թեթրիի համար հաշվետվություն են ներկայացնում պետությանը։ Իշխող կուսակցությունն ընտրել է «թափանցիկության» սահմռկեցուցիչ և նվաստացուցիչ մոտեցում՝ ընդունելով օրենք, որը կթուլացնի ԶԼՄ-ներին և խոցելի կդարձնի հարձակումների համար, և, հնարավոր է, կկրճատի կամ կվերացնի դրա ֆինանսավորումը դրամաշնորհների միջոցով:

Ավելին․․․