Եթե վետոն հաղթահարվի, Վրաստանում տնտեսական ճգնաժամը հավանական է. փորձագետ

Եթե վետոն հաղթահարվի, Վրաստանում տնտեսական ճգնաժամը հավանական է. փորձագետ

Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են։ Այս պահին Bank of Georgia Group PLC-ի բաժնետոմսերի գինը նվազել է 13 տոկոսով, իսկ TBC Bank Group PLC-ինը՝ 10 տոկոսով:

Քաղաքական ճգնաժամերը նույնպես ազդում են տնտեսության վրա, նշում է տնտեսական փորձագետ, Վրաստանի ռեֆորմների ասոցիացիայի (GRASS) վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին։

Խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է, այսպես կոչված, «ռուսական օրենքը», որին հաջորդել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի հայտարարությունը հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ։ Միաժամանակ մայրաքաղաքում մեկ ամսից ավելի է, ինչ լայնածավալ ակցիաներ են տեղի ունենում։ Այս ամենն իր ազդեցություն ունեցավ բաժնետոմսերի գնի և փոխարժեքի վրա։

«Բանկային ոլորտն արագ կարգավորվող ոլորտ է։ Մեկօրյա նույնիսկ երկնիշ տոկոսային անկումը չի կարելի աղետ համարել, թեև անհրաժեշտ է հետևել տատանումներին։ Ոչ վաղ անցյալում՝ համաճարակի սկզբում և Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, լարին մի քանի անգամ կտրուկ արժեզրկվեց, սակայն յուրաքանչյուր նման անկումից հետո կրկին բավականին կայունացավ։

Մինչև օրենքի վերջնական ընդունումը, այսինքն՝ մինչև վետոն չհաղթահարվի, տնտեսական որևէ բացասական էական հետևանքի հավանականությունը ցածր է», — նշում է փորձագետը։

Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությանը: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։