Վարձիայի շրջակայքում, այսպես կոչված Կարմիր գոտում հոգեւորականները ֆանչատուրներ են տեղադրել։ Տասնյակ հյուրանոցներ կառուցվել են ապօրինի, ապա թույլտվություն են ստացել Բակուրիանիում «Վրացական երազանքին» մոտ անձինք և կուսակցական դոնորները։Նախկին խորհրդարանական Լերի Խաբելովը երկու տարի առաջ առանց թույլտվության սկսել և ավարտել է Բորջոմիի կենտրոնում 6-հարկանի հյուրանոցի շինարարությունը։ Վերջին շրջանում առողջարանային տարածքներում ապօրինի շինությունները լայնածավալ տեսք են ստացել։ Այդ մասին է վկայում պետական աուդիտի վերջին հաշվետվությունը, որտեղ հստակ և ընդգծված ասվում է, որ ՏԻՄ-ը պատշաճ չի վերահսկում այս հարցը։
«Վարձիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկվելու համար պայքարում է 1999 թվականից։ Խոչընդոտներից մեկը հուշարձանի շուրջ քաոսային կառուցապատումն է։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկի մեջ մտնելը կբարձրացնի Վարձիայի պատմական համալիրի մասին հայտնիությունը ողջ աշխարհում։ Ինչը կնպաստի զբոսաշրջիկների ու եկամուտների ավելացմանը։ Որպեսզի Վարձիայի պատմական համալիրը ընդգրկվի հուշարձանների ցանկում, պետությունը պետք է ունենա լիարժեք կառավարման պլան։
2015 թվականին էկոնոմիկայի նախարարությունը, հովտի երկայնքով 20 կիլոմետրանոց հատվածում, մշակել է «Վարձիա-Խերթվիսի-Օլոդա մշակութային լանդշաֆտի քաղաքաշինական փաստաթուղթը»՝ 485 հազար լարիով։Սա առաջին փուլն էր, իսկ թե սրանից հետո ի՞նչ արվեց գլխավոր հատակագիծը պատրաստելու համար և ե՞րբ կկարողանա Վարձիան մտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկի մեջ, մեզ համար անհայտ է։ Մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության գործակալությունը մեզ մոտ ոչ մի մեկնաբանություն չի արել, պատասխան չենք ստացել նաև հանրային տեղեկատվություն խնդրելուց հետո։
2019 թվականին Մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության գործակալության հասարակայնության հետ կապերի ծառայության ներկայացուցիչ Բեքա Բարամիձեն «Հարավային դարպասին» ասել է, որ կամայական շինությունները փոխում են հուշարձանի պատմական լանդշաֆտի տեսքը և, միաժամանակ, վնասում Վարձիայի համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցուցակ ներկայացնելու գործընթացին։
«Այս լանդշաֆտի ձևավորված, պատմական համատեքստը պետք է անձեռնմխելի լինի։Քաղաքաշինության ցանկացած քաոսային շինություն և կամայական շինարարություն վնասում է այս գործընթացին և ոչնչացնում է Վարձիա-Խերթվիսի-Օլդա միասնական լանդշաֆտի անվանակարգման գործընթացի հեռանկարը»,- ասաց Բեքա Բարամիձեն։
Վարձիայի հարակից տարածքի մի մասը Ասպինձայի քաղաքապետարանի տարածքում է, իսկ մյուս մասը՝ Ախալքալաքում։
Ու՞մ են պատկանում Վարձիայի շրջակայքի օբյեկտները.
Վարձիայի մոտակայքում գործում է 4 սննդի օբյեկտ և 1 ընտանեկան հյուրանոց։ Քիչ հեռու՝ մոտ 600 մետրում, կառուցվում է եւս մեկ հյուրանոց։
Սննդի չորս օբյեկտներից մեկը՝ «Ռեստորան Վարձիա»-ն գտնվում է Մտկվարի գետի աջ ափին, շենքերից ոչ մեկը կադաստրային քարտեզի վրա ծածկագիր չունի, ինչը նշանակում է, որ դրանք հավանաբար կառուցված են առանց թույլտվության։
Ռեստորանը ներկայումս վարձակալում է տեղացի Շոթա Մելիքիձեն՝ ինչպես ինքն է ասում թեմից։ Մեզ հայտնի չէ, թե ինչ տեսակի պայմանագիր է կնքել, այս հարցի վերաբերյալ չի մեկնաբանում եւ մեզ ուղղորդում է դեպի հոգեւորականները։
Ռեստորանին կից 21 700 քմ տարածքը գրանցել է Վրաստանի պատրիարքարանի, Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի թեմը[կադաստրային ծածկագիր 60.10.34.053]։
Մտկվարիի ափին գտնվող հինգ տաղավարներից և երեք կառույցներից պատրիարքարանին պատկանող հողատարածքում միայն մեկն է տեղակայված։ Ըստ տեղացիների՝ նույն տարածքում է ապրում նաեւ հոգեւորական՝ վանական Գիորգին։
Շինարարության թույլտվությունների հետ կապված հարց ողղեցինք նաև հոգևորականին, նա ասաց, որ բոլոր փաստաթղթերը կարգին են և մանրամասները մեզ հետ չի քննարկելու։
«Չեմ ցանկանում խոսել, իմաստն ու պատճառը չեմ տեսնում։ Ի՞նչ կարիք կա, ի՞նչն է քեզ հետաքրքրում։ Ես չեմ հասկանում ձեր նպատակը: Ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Ընդհակառակը, մենք այստեղ շատ գործ ունենք անելու, բայց մեզ խանգարում են»,- ասաց նա։
Օրթո քարտեզի համաձայն՝ 2012 թվականի հուլիսին այս տարածքում կար մեկ ավերակ և մեկ շենք, իսկ 2015 թվականին՝ երկու շենք և մեկ ֆանչատուր։ Թե երբ են կառուցվել հինգ տաղավարները, և ինչպես է Պատրիարքարանը ստացել դրանք կառուցելու իրավունքը, մեզ հայտնի չէ, հոգևորականն ու սննդի օբյեկտի ներկայիս սեփականատերը այս թեմայով չեն խոսում։
Փորձեցինք կապ հաստատել Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ Թեոդոր Ճուաձեի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Վարձիայի մայրերի վանքում մեզ ասացին, որ բոլոր փաստաթղթերը կարգին են։
«Եթե այս գործը քննության փուլում չէ, ինչո՞ւ եք հարցնում, ձեր ի՞նչ գործն է, թե ինչու է կանգնած և ինչպես։ Ի՞նչ եք ուզում Պատրիարքարանից։ Կարևորը անօրինական չէ, ձեզ լրագրողներիդ ո՞վ է հարցնում, թե որտե՞ղ է և ինչպե՞ս։ Դուք հետևեք ձեր ռեպորտաժներին, մեզանից հեռու մնացեք: Եթե այլ հետաքրքրություն ունեք, հեռու մնացեք եկեղեցուց, ես չեմ կարող ձեզ մեկնաբանություն տալ։ Դա պատրիարքարանի սեփականությունն է և ամեն ինչ գրանցված է, իսկ ձեզ ո՞վ է հարցնում, այն կադաստրային ծածկագիր ունի թե՞ ոչ։Դուք կարող եք ձեր գորխն անել այլ ապօրինի շինության վերաբերյալ, ավելին չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում ասաց վանքի միանձնուհիներից մեկը։
Սեփականատիրոջ ինքնությունը պարզելու համար «Հարավային Դարպաս»-ը գրավոր դիմել է Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն, սակայն գործակալությունից գրել են, որ դիմումում մեր տրամադրած տվյալների (իրավիճակային գծագիր)
հիման վրա հնարավոր չէ բացահայտել անշարժ առարկան։
Ըստ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբան՝ Քեթի Բեբիաշվիլիի, հանրային ռեգիստրի կադաստրային քարտեզով երևում է, որ նշված տարածքում կան ապօրինի շինություններ։ Խնդիր է ստեղծում նաև գետի հունի մոտ լինելը, քանի որ այստեղ անհրաժեշտ է պահպանել լրացուցիչ կանոնակարգեր։
«Այստեղ երկու կարևոր խնդիր կա։ Մեկն այն է, որ նշված շինարարությունն իրականացվում է առանց թույլտվության, քանի որ պարզված չէ, թե ով է սեփականատերը։ Մյուս կողմից դա գետի հունն է։Եթե ներկայումս կամայական զբաղեցրած հողերի ճանաչման վերաբերյալ վարույթ է ընթանում, ապա այս հարցը նույնպես պետք է ուսումնասիրվի, որովհետեւ գետի հունում շինարարություն չի կարող իրականացվել, եւ այստեղ հատուկ կարգավորում է իրականացվում։Դրա համար շինարարությունն իրականացնելու համար անհրաժեշտ է փորձաքննության եզրակացություն, իսկ այս դեպքում սեփականատերն էլ հաստատված չէ»,- ասում է Քեթի Բեբիաշվիլին։
Նրա խոսքով, հարցը պետք է ուսումնասիրի Ասպինձայի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությունը։ Հնարավոր է, որ շենքերը ապամոնտաժվեն։
Նա նաև բացատրում է, որ չնայած ապօրինի շինարարությունն իրականացվել է տարիներ առաջ, սրան պետք է հետևի գործող իշխանության իրավաժառանգական արձագանքը։
«Չնայած նրան, որ պատրիարքարանը հարակից տարածքում հողատարածքներ ունի, նրանք իրավունք չունեին գետի հունում շինարարություն անելու։ Ջրի առատության դեպքում վտանգը առաջին փուլում կկանգնի այս տարածքում, որտեղ կան քոթեջներ։Ենթակառուցվածքային անվտանգությունից բացի օրակարգում է մարդկային անվտանգությունը։Սա ապամոնտաժման և տուգանքի հարց է, ըստ կանոնի, ապամոնտաժում պետք է իրականացվի, քանի որ մենք չգիտենք, արդյո՞ք կարելի է նմանատիպ շինարարություն իրականացնել այս տարածքում։ Սա հավանաբար ապօրինի շինարարություն է»,- ասում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբանը։
Քանի որ պարզվում է, որ շինարարությունը, հավանաբար, արվում է առանց թույլտվության, խնդիր է նաև այն վարձակալության տալու հարցը. «Եթե հողամասն ու շենքը գրանցված չեն, ցանկացած տեսակի պայմանագիր էապես թերի է։ Սա նշանակում է, որ հոգևորականն իրավունք չունի այն վարձակալության հանձնելու»,- ասում է փաստաբանը։
Բակուրիանիում «Երազանք»-ին նվիրաբերող՝ «Թրիալեթի» եւ «Մծվանե Վելի» ընկերությունները նախ սկսել են անտառի առաջին շերտում շինարարությունը, նոր՝ թույլտվություն ստացել։
«Բոբոլինոներ»
Փիլաուրի եղբայրների նման, Բակուրիանիում ապօրինի շինարարություն է իրականացրել նաև Լաշա Գոգոլաձեն, ով առնչություն ունի «Վրացական երազանքի» հետ։
Ընկերության տնօրեն Լաշա Գոգոլաձեն և նրա եղբայր Գիորգի Գոգոլաձեն Բակուրիանիում հայտնի են «Բոբոլինոնոեր» անունով։ 2015 թվականին եղբայրներից մեկը՝ Լաշա Գոգոլաձեն, հիմնադրել է ընկերություն, այս անունով՝ «Բոբոլինո» ՍՊԸ։
Հանրային ռեգիստրում գրանցված գույքի համաձայն՝ եղբայրները Բակուրիանիում ունեն մոտավորապես 10 հեկտար հողատարածք։ Անտառի առաջին շերտում Լաշա Գոգոլաձեի ընկերությունները կառուցել են ավելի քան 15 հյուրանոց կամ բազմաբնակարան շենք։Բացի վերը նշվածից, շենքերի մի մասը գտնվում են հանգստավայրի հեղինակավոր վայրերից մեկում՝ Աղմաշենեբելիի և Ծաքաձեի փողոցներում։ Լաշա Գոգոլաձեն նաև Բակուրիանիում այսպես կոչված 25-ականների ճոպանուղիի սեփականատերն է։
Անտառի առաջին շերտում հողատարածքներ ունեցող խոշոր ընկերություններից մեկը Լաշա Գոգոլաձեի «Արկտուրի» ՍՊԸ- ն է։
«Արկտուրի» ՍՊԸ-ն ունի 5 դուստր ընկերություն, որոնք իր նման գնում են հողատարածքներ, շինարարություն սկսում, ապա վաճառում բնակարանները։
Լաշա Գոգոլաձեն «Արկտուրի» ՍՊԸ-ն գնել է 2016 թվականի ապրիլին։ Գիորգի (Գոգի) Թոփաձեն նշված ընկերությունում (մինչ վերակազմավորումը) ուներ 45% բաժնեմաս։Նա եղել է «Վրացական երազանքի» պատգամավոր ութերորդ գումարման խորհրդարանում, ով նշված կուսակցության հաշվեհամարին տարբեր ժամանակներում մուտքագրել է 180.000 լարի։
Հատկանշական է, որ Գոգի Թոփաձեի (15%) «Քարթու Յունիվերսալ» ՍՊԸ-ի դուստր ձեռնարկության՝«Թրիալեթի +» ՍՊԸ-ի տնօրենը Լաշա Գոգոլաձեն է։ Լաշա Գոգոլաձեի մեկ այլ բիզնես գործընկեր Գիորգի Ազարիաշվիլին, որի հետ նա կիսում է «Գարեջի 2022» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը, 15 000 լարի է նվիրաբերել «Վրացական երազանք»-ին։
Լաշա Գոգոլաձեն ընդհանուր առմամբ բաժնետոմսեր ունի 12 տարբեր ընկերություններում: 2023 թվականի հոկտեմբերի 6-ին նա 60.000 լարի է նվիրաբերել իշխող կուսակցությանը [Վրացական երազանքին]։ Մինչ այդ նրա ընկերություններից մեկը՝ «Մծվանե Վելի 22» ՍՊԸ-ն հանգստավայրում ապօրինի աշխատանքներ է իրականացրել։ Նա ընկերությունը հիմնադրել է 2022 թվականին և հանդիսանում է բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը։
Բորջոմիի քաղաքապետարանը ապօրինի շինարարության համար տուգանել է Գոգոլաձեի երկու «Մծվանե վելի» և «Թրիալեթի» ՍՊԸ-ներին։
Փաստաբան Նաթելա Գոգոլաձեն հաստատում է փաստը, սակայն նշում է, որ իրենց ընկերությունները տուգանվել են ոչ թե շինարարության, այլ շինարարություն սկսելու համար հողը փորելու համար։
«Մծվանե Վելի»-ն «Արքտուրի» ՍՊԸ-ի դուստր ընկերությունն է: Ինչ վերաբերում է տուգանքին, ապա դա մեր մեղքն էր։ Քանի որ Բակուրիանին բերձրլեռնային տարածք է և այստեղ ձմեռը շատ շուտ է սկսվում, աշխատանքները սսեցինք թույլտվություն ստանալուց մեկ ամիս առաջ։ Հիմնականում հողային աշխատանքներ էին, և մեզ օրենքով սահմաններում տուգանեցին»,- ասում է Նաթելա Գոգոլաձեն։
Նաթելա Գոգոլաձեի խոսքով՝ այս փուլում ընկերությունը լուծել է բոլոր խնդիրները։ «Մծվանե Վելի» ՍՊԸ-ում գտնվող երեք բազմաբնակարան բնակելի տների համար շինարարության թույլտվությունները ստացել են 2022 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին և 2023 թվականի սկզբին։
Ինչ վերաբերում է տուգանքին, ապա նրանք բողոքարկել են Բորջոմիի քաղաքապետարանում, սակայն թույլտվությունը ստանալուց հետո վեճը չեն շարունակել․
«Տուգանքի վերաբերյալ ես վարչական բողոք էի պատրաստել, որը հետո ներկայացրել էի Բորջոմիի քաղաքապետարան, բայց այնպես ստացվեց, որ էկոնոմիկայի նախարարության հետ թույլտվությունը համաձայնեցվեց, ինչի համար գրություններ էլ կան,հետո
Հանրային իրավունքի իրավաբանական անձը նույնպես թույլտվություն տվեց, ուստի ես այս գործը դադարեցրի»։
«Քաղաքային ծառայությունների զարգացման գործակալության» կայքում հրապարակված փաստաթղթում կարդում ենք, որ երեք շենքերից միայն մեկի համար ունեն շինարարության թույլտվություն, որը հաստատվել է 2023 թվականի հունվարի 24-ին։ Մնացած երկուսի դեպքում վերբեռնված է միայն «էսքիզային նախնական համաձայնագրի փաստաթուղթը»։ Համաձայն նշված կայքի՝ շինարարության թույլտվություններ չի տրվել։ (Մեկ շենքի էսքիզը վերբեռնվել է 2022 թվականի հունիսի 22-ին, իսկ երկրորդը՝ նույն թվականի օգոստոսի 22-ին)։
Հատկանշական է նաև այն փաստը, որ 2022 թվականի նոյեմբերի 22-ին ընկերությունն արդեն հետաքրքրվածներին առաջարկել է բնակարան գնել «Մծվանե Վելիի տարբերվող բնակավայր»- ում։ Տեքստի հետ կա նաև գրեթե ավարտված շինարարությունը ցուցադրող տեսանյութ։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաի իրավաբան Քեթի Բեբիաշվիլիի խոսքով, ընկերությունն իրավունք չուներ շինարարություն սկսել միայն էսքիզի հիման վրա։
«Թրիալեթի» ՍՊԸ
Մինչ թույլտվություն ստանալը շինարարական աշխատանքները սկսել է նաև Լաշա Գոգոլաձեի մեկ այլ ընկերություն՝ «Թրիալեթի» ՍՊԸ-ն։
«Այո, նման մեկ դեպք ևս ունեինք, դա Թրիալեթիի հետ էր կապված, խոսքը նախկինում Թոփաձեին պատկանող ունեցվածքի մասին է։ Այստեղ նույնպես վճարել ենք տուգանքը, հետո շարունակել ենք շինարարությունը։ Մինչև թույլտվություն ստանալը մենք դադարեցրել էինք աշխատանքները, այստեղ նույնպես միայն հողային աշխատանքներ են եղել»,- պնդում է Նաթելա Գոգոլաձեն։
Նա ինքն է մեզ մոտ հաստատում, որ Բակուրիանիի զարգացման գործակալությունը և Բորջոմիի քաղաքապետարանը չեն ուշացնում շինարարության թույլտվությունները և ժամանակին տալիս են։
Ինչ վերաբերում է Լաշա Գոգոլաձեի կողմից «Վրացական երազանքին» գումար նվիրաբերելուն, ապա նա ասում է, որ դա իրենց արտոնություն չի տալիս։
Բակուրիանիի բնակիչներն ասում են, որ վերջին ժամանակահատվածում, ակտիվացած շինարարությունների պատճառով հանգստավայրը կորցրել է իր տեսքը։ Այդուհանդերձ, նրանք չեն ցանկանում հրապարակավ խոսել ապօրինի շինությունների մասին։
«Ինձ դուր չի գալիս,երբ շինություններն այսքան շատ են, ոչ հնձի դաշտ են թողել, ոչ անտառ։ Ժամանակին, երբ հողը բաժանում էին, ինձ չեն տվել։ Այստեղ կառուցողները թբիլիսցիներ են և խորհրդարանի անդամներ։ Կկառուցեն,բա ինչ կանեն, նրանց ի՞նչը կխանգարի»,- մեզ հետ զրույցում ասաց տեղի բնակիչներից մեկը։
Անտառում սկսված շինարարությունները դուր չեն գալիս նաև տեղացի Լիանա Գվարամաձեին. «Երբ 1991 թվականին տեղափոխվեցի այս տարածք, ընդամենը երեք տուն կար։ Տարիներ շարունակ այցելող հանգստացողներն ասում են, որ Բակուրիանին կորցրել է իր տեսքը»,- ասում է նա։
Հանգստավայրում ապօրինի շինությունների և տրված թույլտվությունների մասին տեղեկություն խնդրեցինք Բորջոմիի քաղաքապետարանից և Բակուրիանիի զարգացման գործակալությունից, սակայն ապարդյուն։ Քաղաքապետարանը մեզ հրապարակային տեղեկատվություն չտրամադրեց, իսկ գործակալությունը տրամադրեց միայն վիճակագրություն։ Երկու դեպքերի առնչությամբ էլ «Հարավային Դարպաս»-ը բողոք է ներկայացրել Բորջոմիի քաղաքապետարան։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբան Քեթի Բեբիաշվիլիի խոսքով՝ Բորջոմիի քաղաքապետարանը խախտել է հանրային տեղեկատվության տրամադրման կանոնը։ Ըստ նրա՝ տեղեկատվության կոծկումը կարող է վկայել որոշ կոռուպցիոն գործարքների մասին։
«Երբ պետական հիմնարկն այսքանը ծածկում է ու չի բացահայտում այն տեղեկությունը, որը պետք է լինի հրապարակային, բնականաբար հարցեր են ծագում։ Որքանո՞վ է ճիշտ աշխատում վերահսկողական ընկերությունը և հենց քաղաքապետարանը, թույլտվությունների տրամադրման գործընթացում։Արդյո՞ք մեծ թվով շինարարությունների ֆոնին ինչ-որ կոռուպցիոն գործարքներ չեն կատարվում։ Լավ կլիներ, որ այս գործունեության՝ շինթույլտվության տրամադրման և վերահսկման մասով շահագրգռված լինեին համապատասխան մարմինները»,- ասաց Քեթի Բեբիշվիլին։
Բակուրիանի զարգացման գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ մեկ տարվա ընթացքում հանգստավայրում հայտնաբերվել է 117 շինարարական խախտում, որից 45-ը տուգանվել է։ 19 դեպքում քաղաքացին բողոքարկել է նշանակված տուգանքը։
Ո՞վ է պատասխանատու Բակուրիանիում քաոսային շինարարությունների համար
Շինարարների ասոցիացիայի նախկին նախագահ և ճարտարապետ Իրակլի Ռոստոմաշվիլիի խոսքով, Բակուրիանիում քաոսային շինարարության պատասխանատվությունը տեղական իշխանության հետ կրում են նաև, քաղաքացիները, դատավորները և ճարտարապետները: Խնդիրը պետք է լուծվի համալիր ճանապարհով։
«Ժամանակին Բակուրիանիում բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, ամեն մեկը այնտեղ կառուցել է ինչ ուզել է,և ինչպես ուզել է։ Հենց դա էլ առաջացրել է այն խնդիրը, որ հանգստավայրում միշտ խցանումներ են լինում։ Կարծում եմ, որ իրավիճակը մի փոքր քաոսային է։ Ներկա և նախորդ իշխանություններն իրար են մեղադրում։ Այսինքն՝ դա բարդ խնդիր է, և այդ խնդիրը կոչվում է վրացիների մտածելակերպ՝ անազնիվ քաղաքապետ, անազնիվ դատավոր, անազնիվ շինարար, հարևաններ, ովքեր փող են վերցնում, հետո լռում»,- ասում է Իրակլի Ռոստոմաշվիլին։
Հանգստավայրում առկա խնդիրների մասին քաղաքագետ Իրակլի Ժվանիան գրել էր դեռ 2019թվականին՝․ «Բակուրիանին այս չմտածված շինություններով հասել է պայթելու եզրին։Նրա շուրջը գտնվող գյուղերը ՝ Միտարբին, Ցիխիսջվարին, Անդեսիթին, Տբան, Լիբանին, Ցեմին և Ծաղվերին անուշադրության են մատնվել։ Բակուրիանիին այս կերպ ծանրանբեռնելու փոխարեն ավելի լավ կլիներ բեռը բաշխել այս գյուղերի վրա և կառուցել պատշաճ հասարակական տրանսպորտի համակարգ, արդիականացված «Կուկուշկայով», ավտոբուսներով, «Շատլերով», կառքերով… Բայց մենք չենք սիրում մտածել, առաջ նայել, պլանավորել և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ենք ուզում ամեն ինչ և միայն մեզ համար։ Դե, պարոն,ահա շուկան էլ կարգավորեց»։
«Ազգային շարժման» անդամ Լաշա Փարուլավան Բակուրիանիում քաոսային շինարարության մեջ մեղադրում է իշխանություններին․
«Այս զբոսաշրջային ավանը պատկերացում չունի, թե ինչպիսի ավան պետք է լինի և զբոսաշրջության տեսանկյունից ինչպես պետք է ծառայի այնտեղ ժամանող այցելուներին։ Կառավարության առաջին պաշտոնյաները նման պլանի ու տեսլականի վրա չեն աշխատում։ Նրանց հետաքրքրում է միայն անձնական հարմարավետությունը։ Դուք չեք կարող արդարության հասնել դատարանի միջոցով, քանի որ ամբողջ դատարանը գտնվում է Մուրուսիձեի ձեռքում, իսկ Մուրուսիձեն՝ Բիձինա Իվանիշվիլիի ձեռքում»,- ասել է Փարուլավան։
Տեղեկության համար՝ են 2020 թվականի փետրվարի 28-ին Բորջոմիի քաղաքապետը, Լևան Լիպարտիան և Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Գոգիչաիշվիլին ձերբակալվել են Բակուրիանիում կաշառքի դիմաց շինարարության թույլտվություն տրամադրելու և պաշտպանություն ցուցաբերելու համար։
Հետաքննությունը պարզել է, որ Բորջոմիի քաղաքապետարանի խորհրդի նախագահը 200.000 լարի է պահանջել որպես կաշառք ձեռներեցից՝ խորհրդի նիստին զարգացման կարգավորման ծրագիրը ներկայացնելու և շինարարության թույլտվություն տալու դիմաց, որից նախապես վերցրել է 20.000 լարի։
Լեւան Լիպարտիան նույն ձեռներեցից ապօրինի շինությունների համար պաշտպանություն ցուցաբերելու դիմաց, պահանջել է 10 500 լարի, որից ստացել է 8 000 լարին։
Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանցից երկուսին դատապարտել է 7-7 տարվա ազատազրկման, որից երկու տարին նրանք կանցկացնեն բանտում, իսկ հինգ տարին՝ պայմանական։ Երկուսին էլ պարտավորեցրել են վճարել 5 000 լարի տուգանք։ Սակայն նախկին քաղաքապետը մի քանի ամիս առաջ լքել է բանտը։
Հարկ է նշել այն փաստը, որ այդ ընթացքում Լևան Լիպարտիայի առաջին տեղակալը եղել է Սակրեբուլոյի ներկայիս նախագահ Դավիթ Զաալիշվիլին, իսկ Գոգիչաիշվիլիի պատգամավորը՝ Բորջոմիի ներկայիս քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին։
Նախկին խորհրդարանականի առանց թույլտվության շինարարությունը Բորջոմիում
«Վրացական երազանքի» նվիրատու և նախկին պատգամավոր Լերի Խաբելովը, ով ներկայումս Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, ինչպես հայտնի է, 2022 թվականի երկրորդ կիսամյակում, Բորջոմիի կենտրոնական մարզադաշտի մոտ՝ Ռուսթավելիի N101 հասցեում, առանց թույլտվության սկսել է 6 հարկանի հյուրանոցի կառուցումը։ Նշված հասցեում՝ Բորջոմիի կենտրոնում՝ կենտրոնական մարզադաշտի հարեւանությամբ, Լերի Խաբելովին է պատկանում 4007 քմ. տարածքը, որտեղից 96.2%-ը ստացել է պետական գույքի մասնավորեցման միջոցով։
Ավելի ստույգ՝ Լերի Խաբելովի «Բժշկասպորտային առողջապահական համալիր Օլիմպի» ՍՊԸ-ն (որը տարբեր ժամանակներում պատկանում էր նաև նրա քրոջը՝ Ինգա Խաբելովին), 2016 թվականին պետությունն ուղղակիորեն վաճառել է 2301 քառ.մ տարածքը՝ 50 000 լարիով, որից 1801 ք.մ. լողավազանն էր զբաղեցնում։ Ավելի ուշ՝ 2019 թվականին, Խաբելովները նույն հասցեում 150 քմ. տարածքը գնել են մասնավոր անձից։ Վերջապես 2022 թվականի նոյեմբերին Լերի Խաբելովն 1 556 քառ. տարածքը գնել է էլեկտրոնային աճուրդով՝ 95 000 լարիով։
Հատկանշական է, որ նախկին պատգամավորը «Վրացական երազանք»-ին նվիրաբերել է 64 980 լարի։
6-հարկանի հյուրանոցի շինարարությունն արդեն ավարտված է, և ներկայումս ընթանում են ներքին աշխատանքները։ «Հարավային Դարպաս»-ը երեք անգամ, տարբեր ժամանակներում եղել է օբյեկտում, սակայն տիրոջը չի հաջողվել հանդիպել։
Մենք կապ հաստատեցինք Լերի Խաբելովի հետ՝ պարզելու, թե ինչու է շինարարությունը սկսվել մինչև թույլտվություն ստանալը, սակայն նա հրաժարվեց մեկնաբանել. «Հեռախոսով ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ՝ ով է զանգում, ով եք դուք, լավ մնացեք»։
Շինհրապարակում գտնվող մարդկանցից մեկը, ով մեզ ներկայացավ որպես «Օլիմպի» լողավազանի տնօրեն, նույնպես հրաժարվեց զրուցել մեզ հետ։
Տեղում նույնիսկ տեղեկատվական ցուցատախտակ չկար, որտեղից գոնե մի փոքր տեղեկություն կարող էինք ստանալ շինարարության մասին։ «Ցուցատախտակ կար, երկու օր առաջ հանեցինք»,- ասում է լողավազանի տնօրենը։ Երկու օր առաջ տարածքում էինք, բայց այդ ժամանակ էլ տախտակը փակցված չէր։
Բորջոմիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ «Լերի Խաբելովը տուգանվել է, ներկայումս շինարարության թույլտվություն ունի», սակայն թե քանի լարիով է տուգանվել նախկին պատգամավորը եւ երբ է ստացել թույլտվությունը, այս հարցերին չեն պատասխանում։ Ինքնակառավարմանը գրավոր դիմել ենք 2024 թվականի հունվարի 22-ին, սակայն պատասխան չենք ստացել։
Քաղաքապետարանից մեզ միայն գրեցին, որ նրանց կողմից տրված թույլտվությունների մասին տեղեկատվությունը կարող ենք ճշտել maps.municipal.gov.ge կայքում, սակայն Խաբելովի հյուրանոցի հետ կապված փաստաթուղթն այստեղ նույնպես չկա։
Ինչի՞ վրա է աչք փակում Բորջոմիի քաղաքապետարանը
Լերի Խաբելովի քույրը լողավազան «Օլիմպի»-ն իր վրա է գրանցել 2016 թվականի հունիսին՝ ուղղակի վաճառքով՝ պետությունից։ Երեք ամսում Լերի Խաբելովը Վրաստանի խորհրդարան մտավ «Վրացական երազանքից» կուսակցական ցուցակով։
2018-2019 թվականների աուդիտի հաշվետվության մեջ ասվում է, որ շենքի կառուցումից հետո տեղացի աշակերտները պետք է 10 տարի շարունակ շաբաթական առնվազն երեք օր անվճար օգտվեին լողավազանից, ինչը տեղի չի ունեցել։ «Երազանք»-ի նախկին խորհրդարանականը մարզահամալիրն օգտագործում է միայն կոմերցիոն նպատակներով։
«Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ կազմակերպությունը լողվազանի բացման օրվանից չի կատարել առկա պայմանները… Չնայած կապալառուի կողմից պարտավորությունը չկատարելուն, քաղաքապետարանը կառավարությանը չի տեղեկացրել մատակարարի կողմից ներդրումային պարտավորությունը չկատարելու մասին։ Հարկ է նշել, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության գույքի կառավարման գործակալությունից պարբերաբար նամակներ են ուղարկվում Բորջոմիի քաղաքապետարան՝ Բորջոմիի տարածքում տարբեր պայմանագրերի շրջանակներում կապալառուների կողմից ներդրումային պարտավորությունների կատարումը հաստատելու համար։ Ինչ վերաբերում է «Օլիմպի»-ին հանձնված լողավազանին, ապա քաղաքապետարանը նմանատիպ խնդրանք է ստացել միայն մեկ անգամ, և չնայած պատասխան գրություն չի ուղարկվել, նախարարությունը կրկին քաղաքապետարանին չի դիմել»,- կարդում ենք եզրակացության մեջ։
Բորջոմիի քաղաքային խորհրդի նախկին ընդդիմադիր անդամ Գիորգի Գիուաշվիլիի խոսքով՝ նմանատիպ գործողություններով Բորջոմիի քաղաքապետարանը պաշտպանում է «Վրացական երազանք»-ին մոտ մարդկանց։ Խաբելովը նրանցից մեկն է։
«Տարիներ շարունակ հյուրանոցի հետեւի տարածքը ապօրինի էր օգտագործում, պարսպապատել է։ Եթե ես ապօրինի ինչ-որ բան ցանկապատեմ, ո՞վ կների ինձ։ Մարդկանց վտարում են սեփական տներից, իսկ սա ամեն ինչ փակել, պարսպապատել է, շինարարություն է անում։ Հենց դա է օլիգարխիան, ուրիշ ոչինչ։ Նա օկուպացնում է Բորջոմիի կենտրոնը, սովորական ծղոտի գնով, ինչին նպաստում է տեղական ինքնակառավարումը»,- ասում է Գիորգի Գիուաշվիլին։
Հանցագործության նշաններ Բորջոմիի քաղաքապետարանի գործունեության մեջ
Աուդիտի հաշվետվության մեջ նշվում է նաև Բորջոմիի քաղաքապետարանում շարունակվող ապօրինի շինությունների մասին։ Պետական գործակալությունն ուսումնասիրել է ինքնակառավարման 2021-2022 թվականների աշխատանքը և բացատրել, որ քաղաքապետարանի կողմից քաղաքապետարանի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների մոնիտորինգի գործող համակարգը թերի է, ինչը չի կարող ապահովել ապօրինի շինությունների ժամանակին հայտնաբերումը։ Թույլ են նաև կանխարգելման գործընթացի վերահսկման մեխանիզմները։
«Քաղաքապետարանը ապօրինի շինարարության 53 դեպք է հայտնաբերել և համապատասխան անձանց տուգանել է, կամ օբյեկտի աշխատանքների ավարտի փուլում, կամ երբ շինարարական աշխատանքներն ավարտվել են և օբյեկտը գործել է։ Քաղաքապետարանն անհրաժեշտ ինտենսիվությամբ չի մշտադիտարկել ընթացող շինարարությունները։ Արդյունքում ուշացրել է, իսկ որոշ դեպքերում չի բացահայտել ինքնակամ շինարարության փաստերը և համապատասխան գործողություններ չի ձեռնարկել շինարարությունը դադարեցնելու ուղղությամբ»,- նշված է աուդիտի հաշվետվության մեջ։
Նույն փաստաթղթի համաձայն՝ երկու տարվա ընթացքում քաղաքապետարանում ապօրինի շինարարության համար բացահայտվել և տուգանվել է 102 անձի։
Հատկանշական է նաև այն փաստը, որ աուդիտը ապօրինի շինարարության հետ կապված խնդիրն արտացոլել է 2018-2019 թթ. հաշվետվության մեջ։ Քաղաքապետարանը հաշվի չի առել աուդիտորների առաջարկությունները, արդյունքում նույն խնդիրները բացահայտվել են նաև 2021-2022 թվականների գործունեության ընթացքում։
Ինչպես «Հարավային դարպաս»-ի մոտ պարզաբանում են պետական աուդիտի ծառայությունից, Բորջոմիի քաղաքապետարանի գործունեության մեջ հանցագործության նշանների առկայության պատճառով նրանք դիմել են դատախազություն։
Տեղեկության համար՝ 2020 թվականին Բորջոմիում շինարարության թույլտվություն տալու դիմաց կաշառք վերցնելու համար ձերբակալվել են Բորջոմիի քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի առաջին անդամները։
Հետաքննությունը պարզել է, որ Բորջոմիի քաղաքապետարանի խորհրդի նախագահը 200.000 լարի է պահանջել որպես կաշառք ձեռներեցից՝ խորհրդի նիստին զարգացման կարգավորման ծրագիրը ներկայացնելու և շինարարության թույլտվություն տալու դիմաց, որից նախապես վերցրել է 20.000 լարի։
Ինչ վերաբերվում է քաղաքապետին՝ Լեւան Լիպարտիան նույն ձեռներեցից ապօրինի շինությունների համար պաշտպանություն ցուցաբերելու դիմաց, պահանջել է 10 500 լարի, որից ստացել է 8 000 լարին։
Հարկ է նշել այն փաստը, որ այդ ընթացքում Լևան Լիպարտիայի առաջին տեղակալը եղել է Սակրեբուլոյի ներկայիս նախագահ Դավիթ Զաալիշվիլին, իսկ Գոգիչաիշվիլիի պատգամավորը՝ Բորջոմիի ներկայիս քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին։
Շինարարական համաներում- նախընտրական հաշվարկ կամ խնդրի լուծման միջոց
Կառավարությունը շինարարության համաներման մասին առաջին անգամ սկսել է խոսել 2023 թվականի նոյեմբերի 20-ին։
Ինչպես հայտարարել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, համաներումը կտարածվի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը՝ անհատի սեփականություն հանդիսացող հողատարածքում առանց թույլտվության կառուցված առանձին շենքերի և շինությունների վրա։
«Բոլորը գիտեն, որ Վրաստանում զանգվածաբար կառուցվում են անհատական բնակելի տներ, որոնց համար շինարարության թույլտվություն չի տրվել կամ շինարարական փաստաթղթեր չկան… Նման տներում ապրողներն այլևս կարիք չեն ունենա օրինականացման բարդ ընթացակարգի անցնելու և չեն ունենա տուգանքի կամ ապամոնտաժման վտանգ, նրանք լիովին կօգտվեն սեփականության իրավունքից, ինչը կլինի սահմանադրությամբ նախատեսված սեփականության իրավունքի իրագործման ևս մեկ վառ ապացույց։ Այս նախաձեռնությունը ոչ միայն համաներում է, այլեւ անդրադառնում է ապօրինի շինությունների խնդրին։ Հուսով ենք, որ այս խնդրի վերացումից հետո ապօրինի շինությունների հետ կապված բոլոր դժվարությունները կվերջանան, և 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ցանկացած անհատական տուն կկառուցվի օրինական ճանապարհով»,- ասել է Ռատի Բրեգաձեն։
«Ազգային շարժման» անդամ Լաշա Փարուլավան նշված նախաձեռնությունն անվանում է «ընտրությունների համար մեքենա են աշխատեցնում»։
«Այն մարդկանց, ում պետությունը միանշանակ արդարացիորեն մեղադրում է, կօգտագործեն 2024 թվականին նշանակված ընտրություններում։ Նրանք ամեն ինչ անում են, որ վարչական ռեսուրսի ուժը, որն ունի ՏԻՄ-ը, լինի իրենց ընտրական խնայատուփի մեջ։ Մենք ակնհայտորեն կիսում ենք այդ տեղեկատվությունը բոլոր միջազգային կազմակերպությունների հետ»,- ասում է Լաշա Փարուլավան։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաի փաստաբան Քեթի Բեբիաշվիլին խոսում է այն վտանգների մասին, որոնց կարող ենք հանդիպել համաներումից հետո․
«Ընթացիկ տարին ընտրական տարի է, երեւի թե շատ «նման նորություններ» կլինեն մեր կյանքում, բայց գլխավորն այն է, որ ցանկացած որոշում լինի օրինական, արդար և մարդու իրավունքներին համապատասխան։ Ներկայացված դեպքում, նախաձեռնությունը որքանո՞վ է արձագանքում անվտանգ միջավայրին և ապահով բնակարանում ապրելու մարդու իրավունքին, այս հարցը շատ կարևոր է, քանի որ ցանկացած ապօրինի շինարարության հետևում կան խախտված նորմեր, հարցն այն է, թե որքանո՞վ է համաներումը տեղին այս խախտված նորմերին։ Եթե նման շենքերի նկատմամբ համաներում լինի, մենք կարող ենք ստանալ «մարդասպան շենքեր»։ Նման որոշումներ կայացնելիս «մարդասպան շենքերը» պետք է բացառվեն։ Սա պետք է հաշվի առնի կառավարությունը, որը կայացնում է այս որոշումը, և ոչ մի դեպքում ֆիզիկական անձը չպետք է պատասխանատվության ենթարկվի ապօրինի շինարարության համար»,- ասաց նա։
«Հարավային դարպաս»-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Բորջոմիի և Ասպինձայի քաղաքապետարանների, Բակուրիանիի զարգացման և մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության գործակալության։ Բոլոր չորս հայցերն էլ դատարանը վարույթ է ընդունել։
Ասպինձայի քաղաքապետարանի վերաբերյալ գործի քննությունն արդեն սկսվել է։
Չորս դեպքում էլ ապօրինի շինությունների վերաբերյալ հինգ տարվա վիճակագրություն ենք խնդրել, բայց չեն տրամադրել (միայն Ասպինձան՝ մասնակի):