Նոր հետազոտության արդյունքների համաձայն՝ մինչեւ 2025թ. կյանքի տեւողությունն աշխարում կավելանա մոտ հինգ տարով, բայց այնպիսի գործոններ, ինչպիսին են ճարպակալումը եւ արյան բարձր ճնշումը, նշանակում են, որ մարդիկ ավելի երկար տարիներ կանցկացնեն վատ առողջության պայմաններում։
The Lancet բժշկական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները կազմել են «2021թ. հիվանդությունների, վնասվածքների եւ ռիսկի գործոնների գլոբալ բեռը» (Global Burden of Diseases, Injuries and Risk Factors Study 2021) հետազոտության մի մասը։
Հիվանդությունների գլոբալ բեռի ուսումնասիրման խմբի կանխատեսումների համաձայն՝ սպասվում է կյանքի տեւողության ավելացում 71,1-ից 76 տարեկան տղամարդկանց եւ 76,2-ից 80,5 տարեկան կանանց համար։ Ոչ մեծ աճ սպասվում է կյանքի ավելի ցածր տեւողություն ունեցող երկրներում։
«Դա վկայում է այն մասին, որ թեեւ անհավասարությունն առողջապահության ոլորտում եկամուտների ամենաբարձր եւ ամենացածր մակարդակների միջեւ կպահպանվի, տարբերությունը կրճատվում է, ընդ որում՝ ոչ մեծ աճ սպասվում է Սահարայից հարավ աֆրիկյան երկրներում»,- նշել են փորձագետները։
Հետազոտողների խոսքով՝ այս միտումը շատ բանով պայմանավորված է հանրային առողջապահության միջոցառումներով, որոնք թույլ են տվել կանխել եւ բարելավել ողջ մնալու ցուցանիշները այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են սրտի հիվանդությունները, COVID-19-ը, ինչպես նաեւ մի շարք վարակիչ, մայրական, նեոնատալ եւ ալիմենտար հիվանդությունները։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ռիսկի մետաբոլիկ գործոնների պատճառով կորցրած տարիների ընդհանուր քանակը, ինչպիսին են արյան բարձր ճնշումը, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը եւ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, ավելացել է մոտ 49,4 տոկոսով 2000 թվականից։
Օդի աղտոտվածությունը, ծխելը եւ ծնվելու ժամանակ ունեցած ցածր քաշը նույնպես հայտնվել են առավել նշանակալի գործոնների թվում, որոնք ավելացնում են վատ առողջության պատճառով կորցրած տարիները եւ վաղ մահվան հավանականությունը։