Այսօր՝ մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել, հայտնում է Reuters-ը՝ Իրանի պետական հեռուստատեսությանը հղում անելով։
Իրանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նախագահի շարասյան մեջ գտնվող երեք ուղղաթիռներից մեկը, որով ուղևորվում էր Ռաիսին, ենթադրաբար վթարի է ենթարկվել։
Դեպքի վայր փրկարարական ջոկատներ են ուղևորվում։
Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։
IRNA գործակալությունը հաստատել է, որ նախագահ Ռաիսին գտնվել է կործանված ուղղաթիռում արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի և տեղական այլ պաշտոնյաների հետ միասին։
Իրանական լրատվական գործակալությունը նշում է, որ կոշտ վայրէջքի վայրի որոնումը բարդանում է եղանակի պատճառով։
Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններից հետո։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հրահանգել է մոբիլիզացնել բանակի բոլոր ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու ոստիկանությունը՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիիի ուղղաթիռը գտնելու համար։
-ամյա Էբրահիմ Ռաիսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2021 թվականին՝ Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենացածր մասնակցությունը գրանցած ընտրությունների արդյունքներով։
Ռաիսին երկար տարիներ տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Իրանի արդարադատության ոլորտում, այդ թվում՝ երկրի գլխավոր դատախազ, 2019 թվականին Այաթոլլահ Խամենեի որոշմամբ նա նշանակվել է դատական իշխանության ղեկավար։
Ծայրահեղ պահպանողական հայացքներով հայտնի Իրանի նախագահը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ, այդ թվում՝ 1988 թվականին իրանա-իրաքյան արյունալի պատերազմի ավարտին հազարավոր քաղբանտարկյալների զանգվածային մահապատիժներին մասնակցելու համար։