Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին հաղորդումից ժամեր անց ճշգրիտ վայրը դեռ չի հայտնաբերվել

Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին հաղորդումից ժամեր անց ճշգրիտ վայրը դեռ չի հայտնաբերվել

Այսօր՝ մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել, հայտնում է Reuters-ը՝ Իրանի պետական հեռուստատեսությանը հղում անելով։

Իրանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նախագահի շարասյան մեջ գտնվող երեք ուղղաթիռներից մեկը, որով ուղևորվում էր Ռաիսին, ենթադրաբար վթարի է ենթարկվել։

Դեպքի վայր փրկարարական ջոկատներ են ուղևորվում։

Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։

IRNA գործակալությունը հաստատել է, որ նախագահ Ռաիսին գտնվել է կործանված ուղղաթիռում արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի և տեղական այլ պաշտոնյաների հետ միասին։

Իրանական լրատվական գործակալությունը նշում է, որ կոշտ վայրէջքի վայրի որոնումը բարդանում է եղանակի պատճառով։

Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններից հետո։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հրահանգել է մոբիլիզացնել բանակի բոլոր ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու ոստիկանությունը՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիիի ուղղաթիռը գտնելու համար։

-ամյա Էբրահիմ Ռաիսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2021 թվականին՝ Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենացածր մասնակցությունը գրանցած ընտրությունների արդյունքներով։

Ռաիսին երկար տարիներ տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Իրանի արդարադատության ոլորտում, այդ թվում՝ երկրի գլխավոր դատախազ, 2019 թվականին Այաթոլլահ Խամենեի որոշմամբ նա նշանակվել է դատական իշխանության ղեկավար։

Ծայրահեղ պահպանողական հայացքներով հայտնի Իրանի նախագահը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ, այդ թվում՝ 1988 թվականին իրանա-իրաքյան արյունալի պատերազմի ավարտին հազարավոր քաղբանտարկյալների զանգվածային մահապատիժներին մասնակցելու համար։