ԱՄՆ-ը Վրաստանին կառաջարկի մասշտաբային աջակցություն հակաարեւմտյան գծից հրաժարվելու դեպքում

ԱՄՆ-ը Վրաստանին կառաջարկի մասշտաբային աջակցություն հակաարեւմտյան գծից հրաժարվելու դեպքում

Ամերիկյան օրինագիծը վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին՝ պայմանավորված «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքի ընդունմամբ, կառաջարկի տնտեսական եւ անվտանգային աջակցության փաթեթ Թբիլիսիին, եթե նա հրաժարվի հակաարեւմտյան հռետորաբանությունից եւ մարդու իրավունքների ոլորտում կատարած նահանջից։ Այս մասին տեղեկացրել է Politico պորտալը՝ հղում կատարելով օրինագծի տեքստին։

Ըստ նախագծի դրույթների, որը պետք է այս շաբաթ ներկայացվեր Ներկայացուցիչների պալատին, ԱՄՆ-ը, եթե Վրաստանը կատարի քաղաքական չափորոշիչները, բանակցություններ կսկսի արտոնյալ առեւտրային ռեժիմի բացման մասին եւ կազատականացնի վիզային ռեժիմը վրացիների համար։

Փաստաթուղթը նաեւ լիազորում է Սպիտակ տանը այդ պարագայում մշակել ռազմական օգնության փաթեթ Վրաստանի համար, մասնավորապես՝ «անվտանգության եւ պաշտպանության սարքավորումների տրամադրում, ինչը կատարելապես հարմար է ռուսական ագրեսիայից տարածքային պաշտպանության համար, ինչպես նաեւ ուսուցման, տեխնիկական սպասարկման եւ գորոծղությունների աջակցման հարակից տարրեր»։ Դրա համար ԱՄՆ-ը պետք է հաստատի, որ «Վրաստանը ցուցադրել է զգալի եւ կայուն առաջընթաց դեմոկրատիայի վերածննդի հարցում, ինչի մասին կվկայեն առնվազն ազնիվ եւ ազատ ընտրությունները եւ հավասարակշռված նախընտրական միջավայրը»։

Օրինագիծը, ինչպես տեղեկացվել է, պարունակում է պատժամիջոցների առաջարկ Վրաստանի կառավարող կուսակցության եւ ուժային կառույցների  ներկայացուցիչների դեմ՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման եւ ցուցարարների դեմ խիստ ուժի կիրառման հետ։