NOR ռադիոկայանի այս անգամվա մեր զրուցակիցը Սինարա Ղարիբյանն է։ Նա ծնվել և մեծացել է Երևանում, սակայն իրեն համարում է իսկական գանձացի, քանի որ սերում է գանձացիներ Ղարիբյանների և Կյուրեղյանների գանձայասեր ընտանիքից։ Նրա ընտանիքը Երևան է տեղափոխվել դեռ 1990-ական թվականներին։ Նրա խոսքով, դեռ մանկուց ընտանիքում միշտ լսել է գյուղի պատմությունների, ավանդույթների, գյուղի մարդկանց մասին։ Ավելի մեծ տարիքում գյուղ գնալիս իրեն թվացել է, թե ինքը հենց գյուղում էլ ծնվել է։
Սինարան արդեն չորս տարի է սովորում և աշխատում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Վերջերս նա Գերմանիայի Մյունսթեր քաղաքում եվրոպական երկրների երիտասարդ գիտնականների շրջանում ներկայացված լավագույն հոդվածի համար ստացել է հեղինակավոր մրցանակ։ Այս մրցանակը նրա անցած ճանապարհի, տաղանդի և նվիրվածության դրսևորումն է։
Սինարան մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրը, իսկ մագիստրատուրան շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում նույն մասնագիտությամբ։ 2016-2018թթ՝ մագիստրատուրայում սովորելու տարիներին նա աշխատել է Հայաստանի Քաղծառայության խորհրդում և ամենահայտնի ապահովագրական ընկերություններից մեկում, միևնույն ժամանակ որպես դասախոսի օգնական դասավանդում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Սակայն Սինարայի ուսումնատենչությունն ու աշխատասիրությունը այսքանով չի բավարարվում՝ 2019թ․ նա որոշում է էլ ավելի խորացնել իր գիտելիքները տնտեսագիտության ոլորտում և ընդունվում է Պրահայի Կարլի անվան համալսարանի մագիստրատուրան, որը երկու տարի անց ավարտում է և ընդունվում նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Սինարան այժմ սովորում է ասպիրանտուրայում և զուգահեռ դասավանդում համալսարանում, բացի այդ նաև աշխատում է Չեխիայում գործող միջազգային բանկերից մեկում որպես ռիսկերի մոդելավորող։ Սինարան տիրապետում է անգլերենին, ռուսերենին, մասամբ չեխերենին և այժմ սովորում է նաև գերմաներեն։
Մեր հարցազրույցի պահին Սինարան գտնվում էր Ֆրանսիայի Կլերմոն Ֆերրան քաղաքում, ուր մեկնել էր իր գործընկեր երկու պրոֆեսորների հետ համահեղինակային հոդվածի քննարկման համար։ Նրա հոդվածը վերաբերում է 19-րդ դարի Հայաստանի արխիվների ուսումնասիրությանը, թե ինչպես կարող էին կլիմայական պայմանները ազդել մարդկային կապիտալի զարգացման վրա։
Իր զբաղվածությանը զուգահեռ երիտասարդ տաղանդաշատ աղջիկը հասցնում է նաև մասնակցել տնտեսագիտական թեմաներով միջազգային տարբեր կոնֆերանսների։ Անցյալ տարի կոնֆերանսների է մեկնել Գերմանիայում, Լյուքսեմբուրգում, Սերբիայում, Ավստրիայում, իսկ այս տարի սպասվում են Շվեյցարիայում և կրկին Լյուքսեմբուրգում։ Կոնֆերանսների ժամանակ Սինարան հանդես է գալիս պատմական և քաղաքական տնտեսագիտության միաձուլման մասին դասախոսություններով, առաջ է քաշում գաղափարներ և տալիս դրանց իրագործման իր մշակած մեթոդները։
Արդեն 4 տարուց ավել ապրելով Չեխիայում՝ Սինարան սերտ կապերի մեջ է տեղի հայ համայնքի հետ, մասնակցում նրանց կազմակերպած միջոցառումներին։ Նա պատմում է, որ երբ նախկինում ավելի շատ ազատ ժամանակ էր ունենում, ինքն էլ էր միջոցառումներ կազմակերպում, իսկ այժմ զբաղվածության պատճառով հասցնում է միայն մասնակցել դրանց։
Սինարան նշում է, որ, ճիշտ է, աշխարհագրորեն հեռու է գտնվում Հայաստանից, սակայն իր գրեթե բոլոր հետազոտությունները նվիրված են Հայաստանին վերաբերող պատմական և ժամանակակից տնտեսագիտական կապերի ուսումնասիրությանը։ Նրա խոսքով, երբ երկու ամիս ժամանակ է անցնում, կրկին սկսում է կարոտել Հայաստանը, իր ընտանիքին և փորձում է առիթներ գտնել կամ պարզապես, թեկուզ կարճ ժամանակով, այցելել Հայաստան։ Առաջիկայում ևս մտադիր է գալ Հայաստան, նաև դասախոսությամբ է հանդես գալու Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Սինարան իր ընտանիքի հետ
«Հուլիսին կրկին մտադիր եմ գնալ Հայաստան, կուզենայի նաև նաև գյուղ գալ։ Շատ եմ սիրում Գանձան, նրա բնությունը, ուտելիքները և գյուղի բարբառը։ Նախկինում ավելի հաճախ էի գալիս, հատկապես ձգտում էի գյուղում լինել Տերյանի պոեզիայի օրերին։ Երևանից Գանձա գնալիս շատ եմ սիրում անցնել Նինոծմինդա-Գանձա ճանապարհահատվածով։ Հայրենիքում գտնվելը ինձ աշխատելու նոր լիցքեր ու եռանդ է տալիս»,- եզրափակում է իր խոսքը Սինարան։
Սինարան մայրիկի հետ, իսկ լուսանկարի հետնամասում Գանձա գյուղն է
Սիրելի Սինարա, NOR ռադիոկայանի թիմը մաղթում է քեզ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ գործնական և անձնական կյանքում։