Արդեն մի քանի օր է ինչ Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե փողոցի կոյուղագիծը գտնվում է խցանված վիճակում, որի հետևանքով կոյուղու ջրերը լցվել են ջրհորների մեջ:
Վրաստանի միասնական ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի աշխատակիցները փորման աշխատանքներ իրականացնելիս պարզել են, որ կոյուղագիծը խցանված է: Աշխատակիցների հավաստմամբ՝ խնդիրն առաջացել է ձնհալքի ջրերի կոյուղու համակարգ լցվելու պատճառով, որը ոչ այլ ինչ է, քան բնակիչների անփութության, ինչպես նաև կոյուղագծի կառուցման անորակ աշխատանքների հետևանք: Ըստ նրանց՝ կոյուղու խողովակների խորությունը ևս չի համապատասխանում ընդունված նորմերին: Մանրախճի կամ ավազի փոխարեն 10-15սմ բարձրությամբ քարեր են լցված:
Հիշեցնենք, որ կոյուղու համակարգը կառուցվել է 2007թ. «МКАО» շինարարական ընկերության կողմից:
Վրաստանի միասնական ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի աշխատակիցների հավաստմամբ՝ կոյուղագծի տվյալ հատվածը կփոխարինվի նորով և խնդիրը կլուծվի երկու օրվա ընթացքում:
Գարուշ Արզումանյան