Եվրոպական միությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն ընդունվել է Վրաստանի խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ՝ չնայած «միջազգային հանրության մեծ բողոքներին եւ միանշանակ կոչերին»։
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր հայտարարության մեջ Եվրոպական հանձնաժողովի անունից նախազգուշացրել է, որ օրենքի ընդունումը «բացասաբար է ազդում ԵՄ ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա»։
«Հետագա ճանապարհի ընտրությունը Վրաստանի ձեռքերում է։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հետ կանչել օրենքը, պահպանել իրենց հավատարմությունը ԵՄ ճանապարհին եւ առաջ մղել 9 քայլերում մանրամասն նկարագրված անհրաժեշտ բարեփոխումները»,- ասված է հայտարարության մեջ:
Վերոնշյալ 9 քայլերը սահմանվել են Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականում։ «Այս քայլերը պահանջում են մարդու իրավունքների պաշտպանություն եւ քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ լրատվամիջոցների ազատ գործելու երաշխավորում: Դրանք նաեւ վերաբերում են ապաբեւեռացման անհրաժեշտությանը եւ ապատեղեկատվության դեմ պայքարին»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։
Բորելը հավելել է, որ ԵՄ-ն կանգնած է վրաց ժողովրդի եւ հօգուտ ժողովրդավարության եւ Վրաստանի եվրոպական ապագայի նրա ընտրության կողքին. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների եւ լրագրողների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների նկատմամբ ահաբեկումները, սպառնալիքները եւ ֆիզիկական հաշվեհարդարներն անընդունելի են։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հետաքննել այս փաստագրված գործողությունները»։
Մայիսի 14-ին հայտարարություն է ընդունել նաեւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն՝ խստորեն դատապարտելով օրենքի ընդունումը եւ կոչ անելով շտապ աջակցություն ցուցաբերել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը։
«Վրաստանի ժողովրդին եւ նրա քաղաքացիական հասարակությանը անհրաժեշտ է հրատապ աջակցություն՝ երկրում հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, նրա կենսունակ քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները պահպանելու եւ Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհին մնալու համար»,- նշել է ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեի անդամ եւ Վրաստանի ազգային պլատֆորմի համակարգող Նաթիա Կուպրաշվիլին։
«Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակներում ԵՄ-ն եւ ՄԱԿ-ի երեք գործակալություններ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության հետ համատեղ Թբիլիսիի «Էքսպո Վրաստան» կենտրոնում գործարկել են օդի աղտոտվածությունը չափող շարժական լաբորատորիա:
Երեխաներն ու մեծահասակները հնարավորություն են ունեցել ուսումնասիրել լաբորատորիան, որը հագեցած է օդի աղտոտվածության ողջ սպեկտրն ուսումնասիրող եւ տվյալներն ուղղակիորեն Շրջակա միջավայրի ազգային գործակալությանը փոխանցող գերժամանակակից սարքավորումներով:
Շարժական լաբորատորիան գործարկվել է «Օդի որակ՝ հանուն քաղաքացիների առողջության բարելավման» ծրագրի շրջանակում, որի նպատակն է ամրապնդել երկրի՝ օդի որակը մշտադիտարկելու եւ վերլուծելու կարողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդյունաբերական արտանետումների կարգավորմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է ՄԱԿ-ի երեք գործակալությունների՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ), ինչպես նաեւ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության (UBA) կողմից։
Նախաձեռնությունը մասնավորապես նպատակ ունի բարելավել օդի որակի մոնիտորինգի ցանցը գոյություն ունեցող օդի որակի կառավարման գոտիներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով այնպիսի տարածքների վրա, ինչպիսին է Չիաթուրան, որը տուժել է մանգան պարունակող «թունավոր» փոշու բարձր մակարդակից՝ բաց հանքի շահագործման պատճառով:
ԵՄ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է անում ապահովել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները
Եվրոպական միությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել «բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը» եւ ցանկացած խախտման հետաքննությունը։ Այս մասին մայիսի 9-ին X-ում (նախկին Twitter) գրել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին։
«Քաղաքացիական հասարակության ակտիվիստների, քաղաքական գործիչների եւ լրագրողների նկատմամբ ահաբեկումները, սպառնալիքները եւ ֆիզիկական հաշվեհարդարներն անընդունելի են»,- նշել է Մասրալին։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի քանի օր է՝ ընթանում են բողոքի ակցիաներ՝ կապված «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի առաջին ընթերցմամբ ընդունման հետ։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր հայտարարության մեջ ասել էր, որ «մեծ մտահոգությամբ» է հետեւում Վրաստանում տիրող իրավիճակին եւ դատապարտել էր Թբիլիսիի փողոցներում բռնությունները։
ԵՄ դեսպանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. «Ռուսաստա՛ն, դադարեցրե՛ք ձեր անօրինական պատերազմը»
Մայիսի 14-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ստավրոս Լամբրինիդիսը Ռուսաստանին կոչ է արել «անմիջապես դադարեցնել ուկրաինական խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված եւ դաժան ռմբակոծությունները»:
«Դադարեցրե՛ք ձեր անօրինական պատերազմը եւ անօրինական միջոցները, որոնք դուք օգտագործում եք այն վարելու համար»,- ասել է Լամբրինիդիսը ԵՄ-ի, նրա անդամ երկրների եւ ԵՄ թեկնածու երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի անունից իր հայտարարության մեջ:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը եւ նրա ղեկավարությունը պետք է «լիարժեք պատասխանատվության ենթարկվեն» ագրեսիվ պատերազմ վարելու եւ միջազգային իրավունքի տեսանկյունից այլ «ամենալուրջ հանցագործությունների», ինչպես նաեւ «նրանց հասցրած հսկայական վնասի համար»:
ԵՄ դեսպանն հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը շարունակել է իր հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա՝ ոչնչացնելով «ուկրաինական էներգաարտադրության կարողությունների զգալի մասը»։
«Բազմահազար ուկրաինացիներ այժմ զրկված են էլեկտրաէներգիայի հասանելիությունից: Շարունակվում են նաեւ Օդեսայի եւ Սեւ ծովի այլ նավահանգիստների ուղղությամբ հրթիռային հարձակումները՝ վտանգելով նավարկության ազատությունը եւ խոչընդոտելով հացահատիկի եւ այլ ապրանքների մատակարարումները համաշխարհային շուկա։ […] Անշուշտ, կան հավաստի տեղեկություններ առ այն, որ Ռուսաստանը «կրկնակի հարվածներ» է կիրառել՝ երկրորդ հարձակմամբ թիրախավորելով փրկարարներին»,- ասել է նա:
Լամբրինիդիսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայում համապարփակ, արդար եւ տեւական խաղաղության հաստատմանը։ Նա նաեւ ողջունել է Շվեյցարիայի՝ հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղության գագաթնաժողով ընդունելու նախաձեռնությունը եւ կոչ արել բոլոր պետություններին մասնակցել դրան:
Եվրոպական միությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել վրաց ժողովրդի բողոքի արտահայտման իրավունքը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ մայիսի 13-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։
Նա նշել է, որ ԵՄ-ն մեկ գիշերվա ընթացքում «դաժան գործողությունների» ականատես է եղել եւ «խստորեն դատապարտում է ցուցարարների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, քաղաքական գործիչների եւ լրագրողների ու լրատվամիջոցների աշխատակիցների դեմ ահաբեկումներրը, սպառնալիքներն ու ֆիզիկական հաշվեհարդարները»։
«Մենք իշխանություններին պատշաճ հետաքննության կոչ ենք անում… եւ ակնկալում ենք, որ դրա մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է նա:
Նա հավելել է, որ ԵՄ-ն եւ անդամ պետությունները «ուշադրությամբ» հետեւում են իրավիճակին։ Պատասխանելով Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին՝ նա ասել է, որ ԵՄ-ն «դեռեւս այդ կետում չի գտնվում», եւ որ դա պետք է լինի ԵՄ անդամ երկրների ընդհանուր որոշումը։
«Վրաստանն, ի վերջո, թեկնածու երկիր է, եւ մենքվերստին հուսով ենք, ակնկալում ենք ու կոչ ենք անում իշխանություններին վերադառնալ եվրոպական ուղի եւ կատարել բոլոր այն պարտավորությունները, որոնք նրանք կամավոր ստանձնել են թեկնածուի կարգավիճակի համար դիմելու ժամանակ», – նշել է Ստանոն։
Հետաքննական լրագրություն Եվրոպայի համար (IJ4EU) հիմնադրամը, որն աջակցում է Եվրոպական միությունում եւ դրա սահմաններից դուրս անդրսահմանային լրագրությանը, իր Հետաքննություններին աջակցության սխեմայի շրջանակում գրեթե 540,000 եվրո դրամաշնորհային ֆինանսավորում է հատկացրել 17 անդրսահմանային լրագրողական թիմերի։
Դրամաշնորհները Եվրոպայի եւ նրա սահմաններից 30 երկրներում դուրս բնակվող տասնյակ լրագրողների թույլ կտան միավորել ուժերը՝ ուսումնասիրելու հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները՝ սկսած արհեստական բանականությունից եւ սպառազինության մատակարարումներից մինչեւ շրջակա միջավայրի աղտոտվածություն, խոշոր դեղագործական ընկերություններ եւ հոգեբուժական օգնություն:
Օրինակ՝ Delfi Estonia-ի, VSquare-ի եւ OSINT Ukraine-ի անդրսահմանային նախագիծը կիրականացնի եվրոպական անվտանգության հետ կապված հարցերի ուսումնասիրություն (33,900 եվրո) եւ պատժամիջոցներից խուսափելու վերաբերյալ անդրսահմանային հետաքննություն (31,000 եվրո):
Առավելապես Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող եւ Վիեննայում գործող Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) կողմից կառավարվող Հետաքննություններին աջակցության սխեման հանդիսանում է IJ4EU հիմնադրամի հիմնական դրամաշնորհային ծրագիրը։ Ներկա փուլում դրամաշնորհները տրամադրվում են սխեմայի 5-րդ հայտամրցույթի շրջանակում։
2024-2025 թվականներին սխեման կտրամադրի 1,5 միլիոն եվրո՝ անդրսահմանային հետաքննական խմբերին առաջարկելով մինչեւ 50,000 եվրո դրամաշնորհներ, ինչպես նաեւ իրավական աջակցություն, վերապատրաստում եւ գործնական կապերի ընդլայնման հնարավորություններ:
Առաջարկների ընդունման հաջորդ մրցույթը կմեկնարկի 2024 թվականի սեպտեմբերի 2-ին։
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Նիմմե թաղամասում գտնվող «Լալիկու» մանկապարտեզը փնտրում է կամավորներ, որոնք 2024 թվականի օգոստոսի 26-ից մինչեւ 2025 թվականի հունիսի 30-ը կմիանան իր թիմին: Հայտերի ընդունումը բաց է Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից մասնակիցների համար։
«Լալիկու» մանկապարտեզը բազմակողմանի եւ բարձրորակ վաղ մանկության նախադպրոցական կրթություն է տրամադրում 2-7 տարեկան երեխաների համար, որը ներառում է բացօթյա ուսումնառություն, ռոբոտաշինություն եւ երաժշտական գործիքների ուսուցում:
Կեցության ծախսերը հոգում է հրավիրող կողմը։ Կամավորները կտեղակայվեն ընդհանուր բնակարանում կամ հանրակացարանում՝ հագեցած հարմարավետ կացության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Բնակարանը կգտնվի մանկապարտեզին մոտ։ Ամեն ամիս կամավորները կստանան գումար՝ գրպանի եւ սննդի ծախսերը հոգալու համար։
Բնակության երկրից դեպի Էստոնիա եւ հակառակ ուղղությամբ ճանապարհորդության ծախսերը փոխհատուցվում են «Էրազմուս+» ծրագրի հեռավորության հաշվիչի համաձայն։ Անհրաժեշտության դեպքում փոխհատուցվում են նաեւ վիզայի հետ կապված ծախսերը: Կամավորներին կտրվի նաեւ տեղական տրանսպորտային քարտ։
Իդեալական կամավորը պետք է երեխաների հանդեպ բարյացակամ լինի, սիրի զվարճանալ եւ լինի լավ թիմային խաղացող:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 31-ը:
ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ երիտասարդների ներգրավում եւ հզորացում» ծրագիրը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ Արեւելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում գործող երիտասարդական կազմակերպությունների համար։
Փոքր դրամաշնորհների ծրագիրը նպատակ ունի բարելավել երիտասարդների աշխատանքի որակը եւ տարածվածությունը: Երիտասարդական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) կարող են առաջարկել եւ փորձարկել նորարարական միջոցառումներ եւ պրակտիկաներ, որոնք կներգրավեն երիտասարդներին, մասնավորապես հեռավոր եւ պակաս նպաստավոր վայրերից:
Ծրագրային առաջարկները պետք է վերաբերեն հետեւյալ թեմատիկ ոլորտներին.
Մեկ ծրագրի համար դրամաշնորհի գումարը չպետք է գերազանցի 15,000 եվրոն։
Դիմելու համար խնդրում ենք մինչեւ 2024 թվականի հունիսի 26-ը ներկայացնել ծրագրի առաջարկը, բյուջեն, առաջարկվող անձնակազմի ինքնակենսագրականները եւ ՀԿ-ի գրանցման վկայականը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ներբեռնել Փոքր դրամաշնորհների ծրագրի ուղեցույցը: Այն ներառում է ձեր դրամաշնորհի առաջարկի փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները, ինչպես նաեւ այլ կարեւոր մանրամասներ:
Դրամաշնորհների հետ կապված հարցերի դեպքում կապվեք Հայաստանում ազգային համակարգողի հետ՝ anna.melkonyan@giz.de էլեկտրոնային հասցեով։
Ֆինանսավորման հնարավորությունը տրամադրվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ երիտասարդների ներգրավում եւ հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ։
Մունիցիպալ մակարդակում Վրաստանի երիտասարդների մասնակցությունն ուժեղացնելու համար «ԵՄ-ն հանուն երիտասարդների. երիտասարդների ներգրավում եւ հզորացում» ծրագիրը ֆինանսավորել է Վրաստանի երիտասարդական խորհրդատվական խորհուրդների ասոցիացիայի նախաձեռնությունը՝ տրամադրելով 40,000 եվրո դրամաշնորհ:
Նախաձեռնված ծրագիրը նպատակ ունի հզորացնել Վրաստանի քսան մունիցիպալիտետներում երիտասարդական խորհրդատվական խորհուրդները՝ նրանց զինելով իրենց մանդատներն արդյունավետորեն իրականացնելու, երիտասարդների կարիքների ջատագովությամբ զբաղվելու եւ երիտասարդներին ուղղված տեղական ծրագրերի ձեւավորմանն ու իրականացմանը մասնակցելու համար անրաժեշտ գիտելիքներով ու կարողություններով։
2024թ. մայիսից դեկտեմբեր ժամանակահատվածում ասոցիացիան կնպաստի երիտասարդական խորհրդատվական խորհուրդների միջեւ կապերի հաստատմանը եւ փոխանակման հնարավորություններին՝ խթանելով համագործակցությունը ինչպես նրանց միջեւ, այնպես էլ երիտասարդական քաղաքականության մշակման եւ իրականացման համար պատասխանատու պետական գերատեսչությունների, նախարարությունների եւ տեղական իշխանությունների հետ։
Լրացուցիչ տեղեկությունների եւ ծրագրի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ասոցիացիայի հետ՝ ayadvisorycouncils@gmail.com հասցեով։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ: Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան