Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ, հաղորդում են հայկական լրատվամիջոցները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի, հայտնում է նրա մամուլի քարտուղարը։
Առաջացած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորվել է օպերատիվ շտաբ։ Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել- տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը:
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։
Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում Օպել մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։